Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   2 Օգոստոս

Ամերիկայի ամենաշատ ձայնագրված կոմպոզիտորը. իսկ ծնողները լուրջ չէին համարում երաժշտություն գրելը

Ամերիկայի ամենաշատ ձայնագրված կոմպոզիտորը. իսկ ծնողները լուրջ չէին 
համարում երաժշտություն գրելը

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հովհաննեսը երաժշտություն գրող մեքենա է…Դրանք վերջին 30 տարում երաժշտական ավանդույթներով ստեղծված լավագույն գործերից են ողջ աշխարհում»,- ժամանակին գրել է Նյու Յորքի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Անդրե Կոստելյանեցը: Մամուլը Ալան Հովհաննեսի երաժշտությանը հետեւյալ գնահատականներն է տվել. «Երաժշտություն՝ բացառիկ տաղանդավոր, ինքնատիպ, զորեղ ու առնական», «Հովհաննեսը փնտրում է մեղեդու ազատագրումը», «Ի՜նչ ուրախալի թեթեւացում է լսել ժամանակակից մի երգահանի, որ ասելիք ունի եւ գեղեցիկ է արտահայտում այդ ասելիքը»: Ամերիկայում նրան անվանում են կոմպոզիտոր, որ առաջ է կանգնած մյուսներից, Ճապոնիայում եւ Հնդկաստանում՝ «որոնող հայ», Անգլիայում՝ «խաղաղ ամերիկացի»:

Քսաներորդ դարի ամենաբեղմնավոր  կոմպոզիտորներից մեկը համարվող Ալան Հովհաննեսի առաջին ստեղծագործությունները գրվել են, երբ նա տակավին երեխա էր՝ ընդամենը… չորս տարեկան, իսկ առաջին օպերաները, երբ դեռահաս պատանի էր՝ տասնչորս տարեկան: «Ծնողներս կարծում էին, որ երաժշտություն հորինելը լուրջ զբաղմունք չէ,- գրել է երաժիշտը հետագայում,- եւ եթե ինձ բռնեցնեին ստեղծագործելիս, անպայման նոտաները կխլեին ձեռքիցս: Ստիպված գրում էի գիշերները, լոգարանում կամ այլ թաքուն վայրերում, ապա  ծնողներիցս թաքցնում ձեռագրերը…»:

Ողջ կյանքի ընթացքում գիշերներն ստեղծագործելը սովորույթ դարձրած կոմպոզիտորը, որի իսկական անուն-ազգանունն է Ալան Չաքմաքչյան, ծնվել է 1911 թ. մարտի 8-ին, Բոստոնի Սոմերվիլ արվարձանում (Մասաչուսեթս նահանգ, ԱՄՆ): Հայրը՝ Հովհաննեսը, դրախտային Կիլիկիայից էր՝ Ադանայից, Բոստոնում էր հայտնվել երկարատեւ մաքառումներից հետո: Կիրթ ու գրասեր մի հայ, որ բազմաթիվ գրքեր էր գրել, համահեղինակել հայ-անգլերեն առաջին բառարաններից մեկը, երկար տարիներ խմբագրել Բոստոնի «Հայրենիք» շաբաթաթերթը՝ որպես գլխավոր խմբագիր: Իսկ մայրը ծագումով շոտլանդացի էր՝ խիստ ու կամային մի անձնավորություն, որի դրվածքով որդին ստացել է ամերիկյան խիստ դաստիարակություն, հրաժարվել հայկական ազգանունից եւ հանրությանը հայտնի դարձել Ալան Սքոթ Վանես անվամբ: Ինչեւէ: Հովհաննեսին փոքր հասակից հետաքրքրել են նկարչությունը, գրականությունը, աստղագիտությունը, երաժշտությունը: Ավագ դպրոցն ավարտելուց հետո սովորել է Թավթս համալսարանում, այնուհետեւ ավարտել Բոստոնի Նյու Ինգլենդ կոնսերվատորիան: Ու թեեւ ուսմանը զուգընթաց նաեւ ստեղծագործում էր, այդուհանդերձ, ինքնաճանաչման պրպտումները շարունակվում էին: Եվ գալիս է ինքնահաստատման պահը, երբ, որպես երգեհոնահար, սկսում է ծառայել Ուոթերթաունի Հայ առաքելական եկեղեցում: Չնայած բացառիկ տաղանդին եւ մեկը մյուսի հետեւից շնորհվող մրցանակներին, արվեստագետը ամերիկյան  միջավայրում շարունակում է ընկալվել օտար եւ վտարանդի:

Շատ հաճախ, հանուն հանապազօրյա հացի, նվագում է ռեստորաններում ու հյուրանոցներում, նվագակցում երաժիշտների եւ երգիչների: Բոստոնում հանդիպած նկարիչ, ազգությամբ հույն Հերմոն դի Ջիովաննին, որին հետագայում համարելու էր իր հոգեւոր ուսուցիչը, խորհուրդ է տալիս Հովհաննեսին՝ փնտրել ու գտնել իր հայկական հարազատ հոգեւոր ժառանգությունը եւ ողջ կյանքում հավատարիմ մնալ նրան: Ներշնչված այդ գաղափարներով, ցավոք, մի օր նա այրում է մինչ այդ գրած հարյուրավոր ստեղծագործություններ, դրանց թվում՝ երկու օպերա, յոթ սիմֆոնիա: Միայն հիսուն տարի անց, մեկնաբանելով խելացնոր իր արարքը, կոմպոզիտորը ժպիտով արդարանում է. «Պարզապես ես Բոստոնից տեղափոխվում էի Նյու Յորքի ավելի փոքր բնակարան եւ պետք է ձերբազատվեի որոշ ավելորդ բեռից…»:

Ալան Հովհաննեսի կյանքում հայկական շրջանն սկսվում է 1940-ականներից: Հիմնում է նվագախումբ, ղեկավարում այն, հնչեցնում իր հայկական ստեղծագործությունները: 1950-ական թվականներից Միացյալ Նահանգներում նա արդեն մեծ հռչակ ուներ որպես կոմպոզիտոր, դիրիժոր ու դաշնակահար, եւ հանրահայտ երաժիշտներից  մշտապես ստանում էր մեծաքանակ պատվերներ, ակադեմիական բարձր տիտղոսներ եւ տարբեր հեղինակավոր հաստատությունների կողմից՝ պատվավոր դոկտորի կոչումներ: Սկսվել էր արվեստագետի փառքի ու փառավորման ժամանակաշրջանը: 1960-70-ականն թթ. վերածվում են Ալան Հովհաննեսի ստեղծագործական հունձքի ձայնագրությունների եւ դրանց տարածման աննախադեպ հաղթարշավի: Հայազգի երաժիշտը հռչակվում է Ամերիկայի ամենաշատ ձայնագրված կոմպոզիտոր: 1977 թ. երաժշտական նվաճումների համար Գրականության եւ արվեստի ամերիկյան ակադեմիան նրան ընտրում է այս հեղինակավոր հաստատության պատվավոր անդամ:

Ստեղծագործական զարմանալի երկարակեցությունը հատկանշական է ոչ բոլոր արվեստագետներին: Ալան Հովհաննեսի պարագայում հակառակն է. 70-80 տարեկանում նա արարել է շուրջ 80 ստեղծագործություն, դրանց թվում՝ 20 սիմֆոնիա: Մուսան հավատարիմ էր նրան մինչեւ 85 տարեկանը: Իսկ ապրելուն մնում էր եւս հինգ տարի. 2000 թ. հունիսյան այս օրը տաղանդավոր երաժիշտը հեռացավ երկնային ոլորտներ՝ սերունդներին թողնելով հոգեպարար իր երաժշտության կախարդանքը..

Հավելենք, որ մեծանուն երաժիշտը մայր հայրենիք է այցելել միայն մեկ անգամ՝ 1965 թ.: Կարճատեւ այցի ժամանակ հասցրել է ծանոթանալ իր գործընկերներին, իր ստեղծագործությունները նվիրել գրականության եւ արվեստի թանգարանին ու վերադարձել Բոստոն: Հայաստանի անկախացումից հետո նրա տարիքն արդեն բավականին առաջացած էր, անկարող էր կրկին գալ հարազատ ոստան՝ անկախ իր փափագից: Սակայն մաեստրոն հայրենիք վերադառնալու տարբերակ գտավ՝ գրեց «Արցախ» սիմֆոնիան: Եվ երբ 1991 թ. աշխարհահռչակ Կարնեգի Հոլում մեծ շուքով նշվում էր իր 80-ամյակը, գալա համերգին վաստակաբեռն երաժիշտն ինքն էր ղեկավարում նվագախումբը՝ նոր սիմֆոնիայի պրեմիերան… Իսկ նրա գրած սիմֆոնիաների թիվը անցնում է 70-ից, համարակալված գործերինը՝ 434-ից: Ահռելի վաստակ, որով Ալան Հովհաննեսը դասվում է աշխարհի ամենաբեղմնավոր կոմպոզիտորների շարքին..

Հակոբ ՍՐԱՊՅԱՆ

 

 

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]