Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   3 Օգոստոս

Զոհրաբյանը ԵԽԽՎ-ին կոչ է արել պատժամիջոցներով Բաքվին պարտադրել հայ գերիների ազատ արձակումը

Զոհրաբյանը ԵԽԽՎ-ին կոչ է արել պատժամիջոցներով Բաքվին պարտադրել հայ 
գերիների ազատ արձակումը

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը վեհաժողովում կոչ է արել Եվրոպայի Խորհրդին հստակ պատժամիջոցներով պարտադրել Ադրբեջանին  անհապաղ ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին եւ գերեվարված քաղաքացիական անձանց։  

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Նաիրա Զոհրաբյանի գրասենյակից, նա իր ելույթում կարծիք է հայտնել, որ արցախյան կործանարար  պատերազմից ութ ամիս անց, այսօր, այս ամբիոնից ես չպիտի այլեւս խոսեի հարյուրավոր ռազմագերիների եւ գերեվարված քաղաքացիական անձանց մասին։ «Ես չպիտի խոսեի, որ Եվրոպայի Խորհրդի անդամ Ադրբեջանը շարունակում է թքած ունենալ միջազգային իրավունքի վրա, շարունակում է թքած ունենալ թե՛ մեր կառույցի եւ թե՛ եվրոպական բոլոր այն կառույցների վրա, որոնք պարտադրում եւ պահանջում են Ադրբեջանից անհապաղ ազատ արձակել բոլոր ռազմագերիներին եւ գերեվարված անձանց։ Ու մինչ մեր կառույցը, Եվրոպական խորհրդարանը, միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները, Մինսկի խմբի համանախագահները տասնյակ հայտարարություններ են անում ու պահանջում ռազմագերիների ազատ արձակում, մայիսի 12-ից ադրբեջանական զինուժի մոտ 1000 զինվոր ներխուժել է Հայաստանի սուվերեն տարածք, դիրքավորվել է, սպանում է  հայ զինվորի, հայկական զինուժի պահպանության տարածքից գերեվարում է 6 հայ զինվորի, ամեն օր սահմանային միջադեպեր եւ բախումներ է հրահրում զինվորների եւ սահմանային բնակավայրերի բնակիչների հետ։ Սահմանին ապրող հայ գյուղացին չունի որեւէ երաշխիք, որ տանից դուրս կգա ու չի գերեվարվի, կամ չի սպանվի»,- հայտարարել է Նաիրա Զոհրայանը՝ հավելելով. «Եւ հետո՞, հարգելի գործընկերներ, դեռ քանի՞ անպտուղ հայտարարություն ու կոչ պիտի անի մեր կառույցը, որպեսզի վերջապես հասկանանք, որ Ադրբեջանը չի ընկալում  քաղաքակիրթ իրավունքի լեզուն եւ այդ երկրի դեմ անհրաժեշտ է կիրառել  կոնկրետ պատժամիջոցներ։ Մի՛ մոռացեք, որ գերեվարված 19 հայի Ադրբեջանն արդեն դաժանորեն սպանել է»։ 

«Դուք հաշվե՞լ եք, թե 8 ամիսը քանի լուսաբաց ու քանի գիշեր ունի, ու ահա այդքան լուսաբաց ու այդքան գիշեր հայ մայրերը սպասում են գերեվարված իրենց որդիներին, որոցնից 26-ի հանդեպ Ադրբեջանը, որպես տեռորիստների եւ դիվերսանտների, արդեն կայացրել է մեղադրական վճիռներ ու գործերն ուղարկել դատարան»,- շեշտել է Զոհրաբյանը։

Նրա խոսքով, եթե ԵԽԽՎ իր գործընկերների՝ ռազմագերիներին վերադարձնելու  մտահոգությունն ազնիվ է, ապա Վեհաժողովը այլեւս պիտի կոնկրետ պատժամիջոցներ կիրառի Ադրբեջանի հանդեպ։ «Կասեցրե՛ք այդ երկրի պատվիրակության լիազորությունները, պահանջե՛ք արգելանք դնել Ալիեւի, նրա ընտանիքի եւ այդ երկրի քաղաքական առանցքային դեմքերի եվրոպական բանկային հաշվիների վրա, կանգնեցրե՛ք 8 ամիս տեւող այս մղձավանջը»,- ընդգծել է ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամը։   








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]