Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   3 Օգոստոս

Մուկուչյանն անդրադարձավ քաղաքական ուժերի՝ մանդատներից հրաժարվելու տարբերակին

Մուկուչյանն անդրադարձավ քաղաքական ուժերի՝ մանդատներից հրաժարվելու 
տարբերակին

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը պարզաբանում ներկայացրեց, թե ինչ կլինի, եթե նոր խորհրդարան անցնող երկու ընդդիմադիր ուժերը, օրինակ, հրաժարվեն իրենց մանդատներից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մուկուչյանն այս հարցին անդրադարձավ ԿԸՀ-ում լրագրողների հետ զրույցում:

«Այս փուլում մանդատների հրաժարման ինստիտուտ, որպես այդպիսին, ամրագրված չունենք: Իհարկե, կարող է լինել տարբերակ, որ ենթադրենք, թեկնածուները, որոնց հատկացվում են մանդատներ, հրաժարվում են մանդատներից՝ ինքնաբացարկ հայտնելու միջոցով»,-ասաց Մուկուչյանը:

Նա նշեց, որ մանդատները բաշխվում են բացառապես այն կուսակցությունների միջև, որոնք Ընտրական օրենսգրքով սահմանված կարգով պետք է ստանան այդ մանդատները, նրանց փոխարեն այլ ուժի այդ մանդատները փոխանցվել չեն կարող: Հարցին՝ եթե համամասնական ցուցակի բոլոր անդամները հրաժարվեն, ի՞նչ կլինի՝ Մուկուչյանն ասաց՝ կնշանակի, որ ոչ ոք մանդատ չի ստանա, խորհրդարանում կմնան այն ուժերը, որոնք կան: Հարցին, թե արդյոք օրենքի բաց կա՞ այստեղ՝ նա դժվարացավ պատասխանել՝ հավելելով, որ խնդիրն առանձին վերցրած չեն ուսումնասիրել: Նա դժվարացավ հստակ վերջնական պատասխան ներկայացնել, թե արդյոք այդ դեպքում կարող են լինել նոր ընտրություններ:

Նա հիշեցրեց, որ ԿԸՀ-ի գործառույթներն ավարտվում են արդյունքների ամփոփմամբ, ընտրության արդյունքների վերաբերյալ որոշման ընդունմամբ և մանդատների տրամադրմամբ:

Անդրադառնալով ընտրությունների օրը հոսանքազրկման դեպքերին՝ Մուկուչյանը վստահեցրեց, որ փորձել են համապատասխան ծառայությունների միջոցով առավելագույնը կարճ ժամկետում վերականգնել: Նա հիշեցրեց, որ այդ կապակցությամբ տվել են պարզաբանումներ, որ տեխնիկական սարքավորումների աշխատանքի հետ կապված խափանումներ չեն եղել: «Կային համապատասխան մարտկոցներ, որոնք հնարավորություն էին տալիս նույնիսկ հոսանքազրկման պարագայում շարունակել աշխատանքը, քվեարկության ընթացքը նկատի ունեմ: Խնդիր էր լինում տեսախցիկների հետ կապված, որոնք անջատվում էին, բայց հոսանքը վերականգնելու պարագայում դրանք անմիջապես վերականգնվում էին»,-ասաց նա:

Հարցին, թե ինքն այդ հոսանքազրկումներն արդյոք պատահականությո՞ւն է համարում՝ Մուկուչյանն ասաց, որ նման դատողություն անելու համար պետք է ունենալ լուրջ հիմքեր:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները: Ըստ նախնական արդյունքների՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ընտրողների 53.92 տոկոս ձայները, «Հայաստան» դաշինքը՝ 21.04 տոկոսը, իսկ «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5.23 տոկոսը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]