Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Կախվածությունների բուժման կենտրոնում բարեփոխումներ են կատարվել. ստացիոնար բուժում է ստանում 32 անձ

Կախվածությունների բուժման կենտրոնում բարեփոխումներ են կատարվել. ստացիոնար 
բուժում է ստանում 32 անձ

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կախվածությունների բուժման ազգային կենտրոնը և՛ ստացիոնար, և՛ ամբուլատոր բուժում ստացողներին արդեն ընդունում է վերանորոգված ու վերազինված շենքում:

«Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է կենտրոնի տնօրեն, թմրաբանության գծով խորհրդատու Սուրեն Նազինյանի հետ՝ տրամադրվող ծառայությունների, հոգեմետ և հոգեներգործուն նյութերից կախվածություն ունեցողների բուժման և այլ հարցերի շուրջ:

                           Կախվածությունների բուժման ազգային կենտրոնը

                                           վերանորոգվել և վերազինվել է

Կենտրոնը զբաղվում է քիմիական և ոչ քիմիական կախվածությունների բուժմամբ:

 Տեղակայված էեն լաբորատոր ախտորոշիչ բաժանմունք, պահեստ, մեթադոնային, փոխարինող բուժման հատված, վարչական հատված, դիսպանսերային բաժանմունք, ստացիոնար բաժանմունք, տոքսիկոքիմիական լաբորատորիա: Այստեղ տրամադրվում է նաև սոցիալ-հոգեբանական աջակցություն:

«Հոգեբանական ծառայությունը մատուցվում է ոչ միայն կախվածություն ունեցող անձանց, այլև հարկ եղած դեպքում նաև նրանց ընտանիքի անդամներին, հարազատներին: 2020 թվականին մեր կենտրոնում իրականացվել է նաև ջրահեռացման և ջրամատակարարման համակարգի փոխարինում: Հին կահույքն ամբողջությամբ փոխարինվել է նորով՝ հարմարավետ մահճակալներ, անհատական պահարաններ, նոր սեղաններ ու աթոռներ»,- ասաց Նազինյանը: 

                        Կենտրոնում ստացիոնար բուժում է ստանում 32 քաղաքացի

Հիմնական դիմողներն ալկոհոլային կախվածություն ունեցողներն են, սակայն բուժում ստանում են նաև թմրամիջոցներ օգտագործողները:

«Կենտրոնում ստացիոնար բուժում է ստանում 32 բուժառու, որոնցից մեկը՝ կին: Ամբուլատոր դետոքսիֆիկացիոն բուժում է ստանում 12 բուժառու, իսկ մեթադոնային (փոխարինող) բուժում ստանում ՝ 403 հոգի, որոնցից 5-ը կանայք են: 2021 թվականի առաջին եռամսյակի դրությամբ Հայաստանում հաշվառված է 7 392 թմրամիջոց օգտագործած անձ»,- նշեց Նազինյանը:

Նրանցից 4 615-ը հաշվառված են կանաբինոիդային թմրամիջոցներ գործածելու, 2 769 անձ՝ օփիոիդների, 8 անձ կոկաինի գործածման հետևանքով։ Մեթադոնային բուժում ստացողների դեպքում ժամանակային սահմանափակումներ չկան, բայց լինում են բուժառուներ, ովքեր դեղաչափերի նվազեցման արդյունքում իրենք դուրս են գալիս այդ վիճակից:

Փոխարինող բուժումն անվճար է, սակայն վճարովի է օտարերկրացիների համար: Ներկա պահին այլազգիներ կենտրոնում բուժում չեն ստանում՝ ո՛չ ամբուլատոր, ո՛չ ստացիոնար եղանակներով:

                             Բուժվում են հիմնականում 30-49 տարեկան անձինք

«Սովորաբար, մեր կենտրոնում բուժում ստացել են միջին տարիքային խմբի տղամարդիկ՝ 30-49 տարեկան: Այդ ամենը տարբեր պատճառներից է կախված: Ալկոհոլից կախվածություն ունենալու համար անհրաժեշտ են տարիներ, շատ հազվադեպ է լինում, երբ այդ ամենը կատարվի ամիսների ընթացքում: Կարճ ժամանակում ալկոհոլից կախվածություն կարող է առաջանալ, եթե աննկարագրելի չարաշահումներ լինեն կամ սթրեսածին որևէ պատճառ: Սա է պատճառը, թե ինչու է կախվածություններ ունեցողների մեծ մասը միջին տարիքի: Գուցե նրանք սկսեն չարաշահելով ալկոհոլ օգտագործել, օրինակ՝ 25 տարեկանից և 30-ից սկսած արդեն դրանից կախվածություն ունենան»,- նշեց ԿԲԱ կենտրոնի տնօրենը:

Նա ընդգծեց, որ թմրամիջոցների պարագայում պատկերն այլ է՝ ուժեղ հոգեներգործուն նյութերից ու թմրամիջոցներից կախվածությունը շատ արագ է առաջանում: Նազինյանը նկատեց, որ, օրինակ, օփիոիդների 1-3 ներարկումից մարդն արդեն կարող է հակում ունենալ:

      Բուժվողները ալկոհոլային կախվածության մեջ են ընկել անձնական պատճառներով

Բուժառուներից մեկը՝ Արմենը, ով 47 տարեկան է, ալկոհոլային կախվածության դեմ է բուժում ստանում:

«Այս կենտրոնում արդեն 2-րդ անգամ եմ հայտնվում, այս անգամ ինձ իրոք փրկել են մահից: Շատ վատ վիճակում եմ այստեղ եկել, մեր բժիշկներն իրոք փրկել են ինձ, պարտական եմ նրանց: 2 շաբաթ եմ այստեղ գտնվում, արդեն ոտքի վրա եմ, անգամ ինքս ինձ համար ուտելիք եմ կարողանում պատրաստել»,- նշեց բուժվող քաղաքացին: Առաջին անգամ 2017-ին եմ այստեղ եղել՝ 14 օր եմ գտնվել կենտրոնում»: Արմենը տաքսու վարորդ է եղել: Նա սկսել է չարաշահել ալկոհոլը, երբ մի քանի տարի առաջ մայրն ու քույրը միաժամանակ մահացել են, ինքն էլ սթրեսի մեջ է ընկել:

«Ես երբեք չեմ սիրել խմել, 7 տարի ընդհանրապես չեմ խմել, բայց ինչ-որ պահի թուլացա»,- ասաց Արմենը:

Մեկ այլ քաղաքացի՝ Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղի նախկին բնակիչ, նույնպես կենտրոնում բուժում է ստանում ալկոհոլի կախվածությունից: Նրա մոտ հիշողության մասնակի կորուստ է նկատվում:

«Մասնագիտությամբ կաշեգործ եմ, մասնակցել եմ 1990-ականների Արցախյան պատերազմին: Գյուղատնտեսությամբ եմ զբաղվել վերջին տարիներին»,- նշեց Վարդանը (անունը փոխված է): Նա վերջերս է սկսել ալկոհոլ օգտագործել և ԿԲԱ կենտրոն է բերվել վերակենդանացման բաժանմունքից, վիճակը շատ վատ է եղել, սակայն այժմ ապաքինվում է:

Ամուսնացել է 1983 թվականին, ունի 4 երեխա՝ 3 տղա և 1 աղջիկ:

«Երբ սկսել էր խմիչք օգտագործել, փորձեցինք բուժել նրան, դեղեր է ընդունում: Մի օր և՛ դեղ էր օգտագործել, և՛ խմիչք և անմիջապես վատացել էր: Նրան շտապօգնության մեքենայով են տեղափոխել հիվանդանոց՝ վերակենդանացման բաժանմունք: Այդ բաժանմունքից նրան տեղափոխեցինք այս կենտրոն, որտեղ արդեն 10 օրից ավելի ենք գտնվում»,- նշեց կինը:

 

Լիլիթ Դեմուրյան

Լուսանկարները՝ Տաթև Դուրյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]