Սոցիալական հարցեր

«Իմ Քայլը» և Չինաստանի «Soong Ching Ling» բարեգործական հիմնադրամները պայմանավորվել են գործակցել մի շարք ծրագրերի շրջանակում

7 րոպեի ընթերցում

«Իմ Քայլը» և Չինաստանի «Soong Ching Ling» բարեգործական հիմնադրամները պայմանավորվել են գործակցել մի շարք ծրագրերի շրջանակում

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի տիկին, «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը Չինաստանի մայրաքաղաք Պեկինում հանդիպել է տեղի ամենահայտնի ու ամենամեծ պետական հիմնադրամի՝ «Soong Ching Ling»-ի փոխտնօրեն Շեն Բեյլիին և հիմնադրամի ղեկավար կազմին։ Հայկական պատվիրակության կազմում են եղել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, Չինաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահե Գևորգյանը, «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի ծրագրերի և արտաքին կապերի գծով փոխտնօրեն Թալին Թօփալաքեանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակից, Շեն Բեյլին, ողջունելով Աննա Հակոբյանին և հայկական պատվիրակությանը, շեշտել է զարգացող հայ-չինական հարաբերությունները և հույս հայտնել, որ արդյունավետ ու նույն տեմպով զարգացող կլինի նաև այս հետագա գործակցությունը։

Աննա Հակոբյանը նշել է, որ լինելով Ցինդաոյում և Պեկինում, նորովի է բացահայտել Չինաստանը։ Շարունակել է, որ Ցինդաոյում մի շարք կարևոր ու բովանդակային հանդիպումներ է ունեցել, շրջել տարբեր հաստատություններում, սակայն մեծ է եղել ցանկությունը հանդիպումների շարքում ունենալ նաև «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամին և նոր գործակցություն ստեղծելուն վերաբերող հանդիպում ևս։

«Ես ուզում եմ այս հանդիպումն օգտագործել ավելի գործնական նպատակով, որովհետև գուցե նման հնարավորություն մոտ ապագայում չլինի։ Ու քանի որ հայ-չինական հարաբերություններում շատ կարևոր են մարդկային հարաբերությունները, միմյանց ժողովուրդների միջև կապերի հաստատումը և մշակույթներն ավելի լավ ու ավելի խորը ճանաչելը, ես ուզում եմ առաջարկել, որ իմ ղեկավարած «Իմ Քայլը» հիմնադրամի և «Soong Ching Ling» հիմնադրամի միջև համագործակցության հուշագիր կնքենք, որի հիմքում դրված կլինի մարդկային շփումներ (people to people) կազմակերպելը և ապահովելը»,- ընդգծել է Աննա Հակոբյանը։

Ըստ աղբյուրի՝ «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի ծրագրերի և արտաքին կապերի գծով փոխտնօրեն Թալին Թօփալաքեանը գործընկերներին ներկայացրել է «Իմ Քայլը» բոլոր՝ «Քվանտա», «Հորիզոններ», «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում», «Հաջողակից՝ սկսնակին» ծրագրերը, մանրամասնել դրանց առաքելությունը և նպատակը, որոնց հիմքում որակյալ կրթությունն է, տարբեր խմբերի աշխատունակության բարձրացումը, սկսնակ բիզնեսի խթանումը։ Թալին Թօփալաքեանը չինական կողմին է նաև ներկայացրել «Ճախրուկ» սոցիալական սրճատուն հիմնելու «Իմ Քայլը» հիմնադրամի գաղափարը, որի վերջնական արդյունքը լինելու է հատուկ կարիքներ ունեցող անձանց  ինտեգրումը, աշխատանքով ապահովումը։

«Իմ Քայլը» հիմնադրամի փոխտնօրենի կարճ հաշվետվությունից հետո իրենց գործունեությունն է ներկայացրել նաև «Soong Ching Ling» հիմնադրամի փոխտնօրեն Շեն Բեյլին։ Մանրամասնել, որ հիմնադրամը ստեղծվել է 1982-ին` Չինաստանի հանգուցյալ պատվավոր նախագահ Սուն Չին Լինի հիշատակին։ Հավելել է, որ «Soong Ching Ling» հիմնադրամն ավելի շատ վերցրել է երեխաներին կրթելու և զարգացնելու ուղղությունը, սակայն բարեգործական ծրագրեր ունեն ամենատարբեր ոլորտներում։

Նշվում է՝ կողմերը համաձայնել են, որ երկու հիմնադրամների գաղափարախոսությունում կան նմանություններ՝ հատկապես կրթական ու սոցիալական ծրագրերում։ Աննա Հակոբյանը ընդգծել է նաև փորձի փոխանակման կարևորությունը և հույս հայտնել, որ հետագայում հնարավոր կլինի «Իմ Քայլը» հիմնադրամի շահառուներին ուղարկել Չինաստան և հակառակը՝ փորձի փոխանակման ծրագրի շրջանակում։ Շեն Բեյլին ուրախությամբ ընդունել է Աննա Հակոբյանի առաջարկած՝ համագործակցության հուշագիր կնքելու գաղափարը։

«Մենք շատ ուրախ ենք, որ նման քննարկում ունեցանք, որը կհանգեցնի մեր երկու հիմնադրամների միջև գործակցության վերջնական համաձայնության: Առաջիկա քննարկումների ընթացքում մենք կարող ենք ուսումնասիրել գործակցության ոլորտները: Մենք նաև ողջունում ենք փորձի փոխանակման Ձեր առաջարկը և կարող ենք ցույց տալ Չինաստանում իրականացվող շատ նախագծեր, քանի որ մեր հիմնադրամը բազմաթիվ ծրագրեր է իրականացնում հատկապես հեռավոր շրջաններում։ Ուրախ կլինենք, եթե մենք էլ այցելենք Ձեր երկիր և ուսումնասիրենք նաև Ձեր երկրի փորձը, քանի որ, կարծում եմ, կլինեն այնպիսի ոլորտներ, որտեղ մենք միմյանցից սովորելու բաներ կունենանք»,- ընդգծել է «Soong Ching Ling»-ի փոխտնօրեն Շեն Բեյլին։

Հանդիպման ավարտին Աննա Հակոբյանը հույս է հայտնել, որ երկու հիմնադրամների հաջորդ հանդիպումը, որը կլինի ավելի առարկայական, կանցկացվի Հայաստանում։

Հայկական պատվիրակությունն այնուհետև շրջել է «Soong Ching Ling» հիմնադրամի` «Երիտասարդների գիտական, տեխնոլոգիական և մշակութային փոխանակման» կենտրոնում, որտեղ աշխատակիցները ցուցադրել են իրենց բոլոր սրահները, սարքավորումները և տեխնոլոգիաները, որոնց միջոցով աշխատում են դպրոցահասակ երեխաների հետ, կրթում նրանց:

«Soong Ching Ling» հիմնադրամի ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո Աննա Հակոբյանն այցելել է Պեկինում գտնվող «Արգելված քաղաք», որը հայտնի է նաև «Կայսերական քաղաք» անվամբ, շրջել տարածքում: «Արգելված քաղաքը» դարեր շարունակ եղել է Չինաստանի կայսրերի նստավայրը: Կայսերական դղյակները կառուցվել են 14-րդ դարում, ինչից հետո այդտեղ կառավարել են 24 կայսրեր` Մին և Ցին դինաստիաներից: Տարածքում կա 12 դղյակ, տասնյակ այլ շինություններ:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում