Սոցիալական հարցեր

Վարչապետը ներկա է գտնվել «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնի բացման արարողությանը

2 րոպեի ընթերցում

Վարչապետը ներկա է գտնվել «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնի բացման արարողությանը

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնի բացման արարողությանը: «Էրեբունի» բժշկական կենտրոնն ամերիկյան Varian առաջատար ընկերության հետ համատեղ կառուցել է  ճառագայթային բուժման կենտրոն, որը հագեցած է ճառագայթային թերապիայի, ռադիովիրաբուժության և ռադիոիզոտոպային ժամանակակից սարքավորումներով: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել կենտրոնում, ծանոթացել քաղցկեղի բուժման  համար ստեղծված ժամանակակից պայմաններին: Ներկայացվել են վերջին սերնդի ռադիո և բրախիթերապևտիկ արդիական սարքավորումները, գերմանական Siemens Healthineers ընկերության նորագույն ճառագայթային պլանավորման համար նախատեսված տոմոգրաֆը, որոնց միջոցով ստեղծվում են առավել ճշգրիտ պատկերներ՝ արդյունավետ ճառագայթային բուժում իրականացնելու համար: 

Կենտրոնը հագեցած է նաև պոզիտրոն էմիսիոն համակարգչային տոմոգրաֆով, որը, ըստ պատասխանատուների, եզակի է Հայաստանում: «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնն առանձնանում է նաև ժամանակակից ռադիովիրաբուժությամբ: (Ռադիովիրաբուժությունը բժշկական միջամտության տեսակ է, որը թույլ է տալիս իրականացնել բարորակ և  չարորակ նորագոյացությունների, ինչպես նաև այլ ախտահարումների ճառագայթային բուժում` արմատապես վերացնելով ուռուցքածին բջիջները): Կենտրոնում տեղակայված ռադիովիրաբուժության սարքին ինտեգրված է Identify համակարգ, ինչը եզակի է ԱՊՀ-ում: 

Ըստ աղբյուրի՝ վարչապետը կարևորել է առողջապահության ոլորտում այն ծրագրերը, որոնք պետպատվերի շրջանակում ուղղված են քաղցկեղի բուժմանը: Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը ողջունել է մասնավոր հատվածի կողմից ժամանակակից առողջապահական կենտրոնների հիմնումը և նորագույն սարքավորումների ներդրումը, ինչը թույլ կտա մատուցել է բարձրակարգ ծառայություններ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում