Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Սեպտեմբեր

Գեղհովիտում կառուցվում է ոռոգման ինքնահոս ջրատար

Գեղհովիտում կառուցվում է ոռոգման ինքնահոս ջրատար

ԳԱՎԱՌ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ համայնքում անցած տարվա աշնանից պետական միջոցների հաշվին մեկնարկել եւ ընթանում են 6 կիլոմետր երկարության ոռոգման ինքնահոս ջրատարի կառուցման աշխատանքները։

Ինչպես  «Արմենպրես»-ին   տեղեկացրեց  Գեղհովիտ համայնքի ղեկավար Վարդան Պողոսյանը, շինարարության պայմանագրային արժեքը կազմում է 280 միլիոն դրամ, որի 10 տոկոսը ներդրել է Գեղհովիտի համայնքապետարանը։ Ջրատարը կառուցվում է ՀՀ ՏԿԵ Ջրային կոմիտեի պատվիրատվությամբ։ Ջրատարի շահագործումից հետո 450 հեկտար տնամերձեր եւ վարելահողեր Գեղհովիտում կոռոգվեն առանց խոչընդոտների, առանց ջրի կորուստների։ «Ջրատարի կառուցումից եւ շահագործումից հետո  250 հեկտար հեշտ ոռոգելի կդառնա Քռի առվի, 170 հեկտար ՝  Բանդի առվի տարածքում։ Ջրատարի երեք կիլոմետրը կառուցվում է երկաթբետոնյա կիսախողովակներով, երեք կիլոմետրը՝ պոլիէթիլենային խողովակներով, հողածածկ վիճակում։ Հունիսի 9-ի դրությամբ արդեն իրականացվել է շինարարական աշխատանքների մոտ 80 տոկոսը։ Քանի որ սկսվում է ոռոգման շրջանը, ամենայն հավանականությամբ, շինարարական աշխատանքները կընդհատվեն ժամանակավորապես ու կշարունակվեն աշնանը։ Բոլոր նախադրյալները կան, որ եկող տարվա ոռոգման շրջանին ջրատարը միանգամայն պատրաստ կլինի շահագործման։ Այս ջրատարը, որը սնվում է Արգիճի գետից, որոշ տեղերում ուներ բետոնապատ քայքայված հուն, շատ տեղերում էլ՝ հող հուն, ինչի արդյունքում էլ մեծ էին ջրի կորուստները, մատակարարվող ջուրը մեծ դժվարությամբ ու ուշացումներով էր տեղ հասնում։ Այնպես որ, այս ծրագրի իրականացման արդյունքում միանգամայն բարձրանում է ոռոգման արդյունավետությունը, նոր հողատեսքեր են դառնում ոռոգելի»,-ներկայացրեց Վարդան Պողոսյանը։

Խոսրով Խլղաթյան








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]