Հասարակական

Հայաստանում հարցվածների 79 տոկոսը դատական համակարգը կախված է համարում նախկին իշխանություններից

2 րոպեի ընթերցում

Հայաստանում հարցվածների 79 տոկոսը դատական համակարգը կախված է համարում նախկին իշխանություններից

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում հարցվածների 50 տոկոսն անկախ չի համարում Հայաստանի ներկայիս դատական համակարգը։ Այս մասին են վկայում Միջազգային հանրապետական ինստիտուտի Խորը վերլուծության կենտրոնի պատվերով՝ Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոններ- Հայաստան հիմնադրամի կողմից իրականացված հարցման տվյալները:

Ինչպես հաղորում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Հայաստանի բնակիչների հանրային կարծիքի ուսումնասիրություն» սոցիոլոգիական հետազոտության զեկույցը, հարցին` ինչպիսին է ձեր կարծիքը Հայաստանի ներկայիս դատական համակարգի մասին, անկախ է, թե՞ ոչ, հարցվածների 30 տոկոսը պատասխանել է միանշանակ ոչ, 20 տոկոսը ավելի շուտ ոչ, 10 տոկոսը այո, 15 տոկոսը ավելի շուտ այո։ Հարցվածների 25 տոկոսը դժվարացել է պատասխանել հարցին։

Հարցին, թե ձեր կարծիքով, դատական համակարգը որքանով է կախված նախկին իշխանություններից, հարցվածների 40 տոկոսը պատասխանել է, որ լիովին կախված է, 39 տոկոսը պատասխանել է՝ մի փոքր կախված է, 6 տոկոսը՝ բոլորովին կախված չէ, 3 տոկոսը մի փոքր կախված չէ։ 12 տոկոսը դժվարացել է հարցին պատասխանել։

Մյուս հարցին` ձեր կարծիքով, դատական համակարգը որքանով է կախված ներկայիս իշխանությունից, հարցվածների 13 տոկոսը պատասխանել է, որ լիովին կախված է, 39 տոկոսը պատասխանել է՝ մի փոքր կախված է, 26 տոկոսը՝ բոլորովին կախված չէ, 8 տոկոսը մի փոքր կախված չէ։ 14 տոկոսը դժվարացել է հարցին պատասխանել։

Հետազոտության տվյալները հավաքվել են 2021թ. ապրիլի 8-ից մայիսի 4-ի միջակայքում: Հարցման ընտրանքը կազմել է 1502 մարդ: Հայաստանի 5 մարզերում՝ Արարատում, Գեղարքունիքում, Շիրակում, Սյունիքում և Տավուշում անցկացվել են 299 լրացուցիչ հարցազրույցներ՝ մարզային առանձնահատկությունները ներկայացնելու համար: Հարցումն անկացվել է հեռախոսային զանգերի միջոցով՝ պատահական ընտրանքով: Հետազոտությունն իրականացնողները նշում են, որ վիճակագրական սխալի չափը չի գերազանցում 2.5 տոկոսը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում