Մշտական բնակության վայր չունի արցախցի 9 000 ընտանիք. նախանշվել է տների կառուցման բյուջե
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի արդյունքում Արցախի մոտ 9 000 ընտանիք կորցրել է բնակության մշտական վայրը: Նախանշվել է 110 մլրդ դրամ բյուջե, որից 52 մլրդը ՀՀ պետբյուջեից, որ այդ ընտանիքների համար տներ կառուցվեն:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը:
Նախարարի խոսքով՝ Արցախի գյուղերում բնակելի տների կառուցման աշխատանքներ են նախանշվում: Այդ մասով աշխատանքներ կատարվում են Քաղաքաշինության կոմիտեի և Արցախի քաղաքաշինության նախարարության հետ համատեղ: Նոր բնակելի տներ կկառուցվեն հիմնականում Արցախի այն գյուղական բնակավայրերում, որոնք ունեն անհրաժեշտ ենթակառուցվածքներ և կարող են ավելի շատ բնակիչների սպասարկել, հաշվի է առնվել նաև մարդկանց կարծիքը:
«Այս պահին նախանշվել է ընդհանուր 110 մլրդ դրամ, որից 52 մլրդ դրամը տրամադրվելու է բյուջեից»,-ասաց Առաքելյանն ու հավելեց, որ ֆինանսներ հատկացվելու են նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամից:
Անդրադառանով հարցին, թե քանի ընտանիք է հաշվառված, որ պետք է բնակարան ստանա՝ նախարարն ասաց. «Մոտ 9000 ընտանիքի մասին է խոսքը, որոնք այս պահին չունեն մշտական բնակության վայր»:
Հիմա ընդամենը մի քանի հարյուր կացարան է կառուցվել, առաջիկա ընդհանուր ծրագիրը 3 տարվա համար է նախատեսված:
Միևնույն ժամանակ Առաքելյանը վստահեցրեց, որ Արցախի քաղաքացիների բոլոր սոցիալական պարտավորությունները՝ կենսաթոշակների, նպաստների տրամադրումը պատշաճ կատարվում է: Այն քաղաքացիները, որոնք գտնվում են ՀՀ-ում, դրանք ստանում են Հայաստանում: