Տնտեսություն

«Հայաստան» խմբակցությունն առաջարկում է նվազագույն և միջին կենսաթոշակները հավասարեցնել պարենային և սպառողական զամբյուղների արժեքին

3 րոպեի ընթերցում

«Հայաստան» խմբակցությունն առաջարկում է նվազագույն և միջին կենսաթոշակները հավասարեցնել պարենային և սպառողական զամբյուղների արժեքին

«Հայաստան» խմբակցությունը առաջարկում է 2026 թվականի հունվարի 1-ից նվազագույն կենսաթոշակի չափը սահմանել այնպես, որ այն պակաս չլինի պարենային զամբյուղի ամսական արժեքից, իսկ միջին աշխատանքային կենսաթոշակը՝ սպառողական զամբյուղի արժեքից։  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի նիստում «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու նախագիծը ներկայացրեց խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

Ըստ նախագծի՝ սպառողական զամբյուղի կազմի, էներգետիկ արժեքի ու հաշվարկի մեթոդաբանության սահմանման իրավասությունը վերապահվելու է ՀՀ կառավարությանը։

Մինասյանը նշեց, որ փոփոխության նպատակն է ի կատար ածել Սահմանադրության 84-րդ հոդվածում ամրագրված՝ արժանապատիվ գոյության իրավունքը՝ երաշխավորելով, որ կենսաթոշակները նվազագույնը պետք է բավարարեն կենսական կարիքներին՝ սննդամթերքի, բնակարանի և այլ ծախսերի համար։ 

«Նպատակն է՝ օրենքով երաշխավորել, որ մեր կենսաթոշակառուների ստացվող կենսաթոշակը նվազագույնը չլինի պակաս այն միջոցներից, որոնք ծախսվում են հիմնականում սննդամթերքի, իսկ միջին կենսաթոշակի դեպքում՝ նաև այլ անհրաժեշտ կարիքների վրա, ինչպիսիք են, օրինակ, բնակարանի վարձը և այլ ծախսեր։ 

Քաջ հայտնի է, որ Հայաստանի Հանրապետության շուրջ 494 հազար կենսաթոշակառուների թոշակների մակարդակը այսօր խիստ ցածր է և, բնականաբար, անհրաժեշտություն կա, հատկապես հիմա այս փոփոխությունը ընդունել։ 

Փոփոխության ընդունման մեկ այլ կարևոր նախապայման է նաև այն, որ Հայաստանի գործող կառավարությունն իր 2021-26 թվականների ծրագրում խոստացել է, որ 2026 թվականից նվազագույն կենսաթոշակի և կենսաթոշակի միջին չափերը հավասարեցնելու են համապատասխան պարենային և սպառողական զամբյուղների արժեքներին»,- ընդգծեց նա։

Արծվիկ Մինասյանի խոսքով՝ նախագծով սահմանվում է նաև, որ հաշվարկի հիմքում պետք է դրվեն նախորդ տարվա երրորդ եռամսյակի ընթացիկ գներով հաշվարկված զամբյուղների արժեքները։ Նա ընդգծեց, որ կառավարությունը ինքն է հրապարակայնորեն խոստացել նշված չափորոշիչներին հասնել, և այժմ ժամանակն է այդ խոստումները վերածել օրենքով սահմանված երաշխիքների։

«Հետևաբար, նաև այս փոփոխության նպատակը իշխող ուժին հրապարակային հանրությանը պատասխան տալու դաշտ բերելն է։ Դուք տե՞ր եք ձեր խոստմանը առնվազն այս մասով, թե՞ ոչ, եթե այո, ապա օրենքը պետք է ընդունվի և երաշխավորի, որպեսզի 2026 թվականի հունվարի 1-ից այս չափերը դառնան անփոփոխելի»,- եզրափակեց Մինասյանը։  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում