Սոցիալական հարցեր

Երևանում մեկնարկել է «Հաշմանդամություն ունեցող անձանց ծառայությունների հասանելիություն, փորձի փոխանակում» խորագրով միջազգային համաժողովը

6 րոպեի ընթերցում

Երևանում մեկնարկել է «Հաշմանդամություն ունեցող անձանց ծառայությունների հասանելիություն, փորձի փոխանակում» խորագրով միջազգային համաժողովը

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանում մեկնարկել է «Հաշմանդամություն ունեցող անձանց ծառայությունների հասանելիություն, փորձի փոխանակում» խորագրով միջազգային համաժողովը, որի ընթացքում կներկայացվեն և կքննարկվեն խնդիրները, առաջարկվող լուծումները իրականացվող և իրականացվելիք բարեփոխումները, ինչպես նաև այլ պետությունների փորձը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համաժողովին մասնակցում են ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը»  բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Կատարի Պետության սոցիալական զարգացման և ընտանիքի նախարարության տնօրեն Մեշալ ալ Նուայիմի գլխավորած պատվիրակությունը և Հայաստանում գործող շուրջ 50 հասարակական կազմակերպություններ հիմնադիրներ։

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը»  բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը, ողջունելով համաժողովի մասնակիցներին, ընդգծեց, որ այս երկու օրերի ընթացքում ակնկալում է բարձր մակարդակի մասնագիտական քննարկում, որից բոլոր մասնակիցները կհեռանան նոր գիտելիքներով, հմտություններով և նոր  համագործակցություններով։

«Ես հպարտությամբ պետք է նշեմ, որ ՀՀ կառավարությունը, մասնավորապես, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հսկայական ջանքեր է գործադրում՝ Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց կյանքի որակը բարձրացնելու ուղղությամբ։ Բայց պետք է ցավով արձանագրեմ, որ մենք դեռ շատ ջանքեր ունենք գործադրելու հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման համար, նրանց վերաբերյալ կարծրատիպեր կոտրելու և խտրական վերաբերմունքի  դեմ պայքարելու ուղղությամբ և նրանց կյանքի համար հավասար պայմաններ ստեղծելու համար։ Ժամանակակից տեխնոլոգիաներն այսօր ամբողջությամբ տալիս են այդ հնարավորությունները, այլ հարց է, թե հանրությունը և կառավարությունը որքանով է առաջնահերթ համարում այս հարցը և որքան ռեսուրս են տրամադրում այս հարցը լուծելու ուղղությամբ։ Դժվար է խոստովանել, բայց չեմ կարող ասել, որ մեր պարագայում հանրությունը խիստ կարևորում է հաշմանդամություն ունեցող անձանց կյանքի որակի հարցը»,- ասաց նա։

GEV_3740.jpg

Աննա Հակոբյանի խոսքով՝ իր համար այս դեպքում դիրքորոշում ձևավորելու հարցում անկյունաքարային սկզբունքը դիմացինին ընդունելն է այնպիսին, ինչպիսին կա, և չքննարկել, չմերժել, չծաղրել, չանտեսել, չվանել, չփոխել և չթաքցնել։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, կարևորելով այս նախաձեռնության իրագործումը, նշեց, որ այն առանձնանում է, քանի որ համաժողովի շրջանակում հնարավորություն է ստեղծվում միջազգային գործընկերների հետ քննարկելու քաղաքականությունները, փոխանակել լավագույն փորձը և ձևավորել առավել ճիշտ մոտեցում և ծառայություններ սոցիալական ոլորտի այս ենթաճյուղի համար։

«Այս առումով կարծում եմ՝ ՀՀ կառավարությունը ունի ասելիք, որովհետև մենք վերջին տարիներին մի շարք արմատական փոփոխություններ ենք իրականացրել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում։ Չենք ասում, որ այդ բարեփոխումները ամբողջությամբ իրենց նպատակին ծառայել են, դրանք շարունակական գործընթացներ են, և մենք պետք է ընթացքում սովորենք լավարկել մեր քաղաքականություններն ու ծառայությունները։ Մենք ներդրել ենք հաշմանդամություն ունեցող անձանց կարիքների գնահատման և հաշմանդամությունը չափելու միջազգային չափանիշներին համարժեք մեթոդաբանություն, որը մեզ հնարավորություն է տալիս ավելի համապարփակ գնահատել նրանց կարիքները, և համապատասխան ծառայություններ ստեղծել»,-նշեց նախարարը։

GEV_4009.jpg

Նարեկ Մկրտչյանը ընդգծեց՝ նախարարությունը իրականացնում և շարունակելու է ներդնել և իրականացնել մի շարք նախագծեր, սակայն հաշմանդամություն ունեցող անձանց ներառումը հասարակության բոլոր ոլորտներում անհնար է պատկերացնել առանց մյուս գերատեսչությունների, համայնքների, հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության։ 

Կատարի Պետության սոցիալական զարգացման և ընտանիքի նախարարության գործադիր տնօրեն Մեշալ ալ Նուայիմին, ողջունելով ներկաներին, նշեց, որ ուրախ են այսօր մասնակիցը լինելու նման կարևոր միջոցառման, որտեղ ներկաները կներկայացնեն հաշմանդամություն ունեցող անձանց հնարավորությունները և նրանց լիարժեք ինտեգրմանը նպաստելու իրենց փորձը։ 

GEV_4066.jpg

«Մենք ուրախ ենք կիսել այլ երկրների հետ մեր փորձառությունը և մաս կազմել այս կարևոր սոցիալական միջոցառման, որը վերաբերում է հաշմանդամություն ունեցող անձանց անհրաժեշտ ծառայություններով հզորացնելուն և դրա շուրջ փորձի փոխանակմանը և քննարկմանը։  Կատարի Պետությունը միշտ հավատարիմ է եղել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին առնչվող բոլոր միջազգային կոնվենցիաներին և ձգտել է հարգել հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքները։ Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության գործում տարիների ընթացքում մեր կազմակերպությունների կուտակած փորձը պատիվ ունենք կիսել ձեզ հետ այս համաժողովի ընթացքում և օգուտ քաղել ձեր կարծիքներից և առաջարկներից»,- ընդգծեց Մեշալ ալ Նուայիմին։

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում