Մշակույթ

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ներկա է գտնվել «Ճախրուկ» 4-րդ միջազգային երաժշտական փառատոնին

3 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ներկա է գտնվել «Ճախրուկ» 4-րդ միջազգային երաժշտական փառատոնին

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հատուկ կարիքներ ունեցող մարդկանց ազգային երաժշտության «Ճախրուկ» ամենամյա միջազգային 4-րդ ներառական փառատոնը այս տարի Տավուշի մարզի Գոշ գյուղում է հյուրընկալվել։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակից, «Ֆիզիկական հնարավորությունները ոչինչ են, եթե չունես հոգու թռիչք» խորագրով փառատոնին մասնակցել է ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը։ Հյուրերի շարքում են եղել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ԱՍՀ նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, ինչպես նաև հյուրեր Կատարից և Արաբական Միացյալ Էմիրություններից։

Ըստ աղբյուրի՝ ազգային երաժշտության «Ճախրուկ» ամենամյա միջազգային փառատոնը հիմնադրել են Աննա, Անահիտ և Անուշ Մխիթարյանները։ «Այս տարվա փառատոնը տարբերվում է նախորդներից․ հատուկ կարիքներ ունեցող անձանց հետ այս անգամ պատրաստվել ու բեմ են դուրս եկել Հայաստանի բոլոր մարզերից ժամանած արվեստի դպրոցների սաներ։ Սա կարևոր ձեռքբերում է, քանի որ հատուկ կարիքներ ունեցող անձինք նոր ընկերներ են ձեռք բերել, նոր հմտություններ են սերտել՝ նշել են Մխիթարյան քույրերը։ Ընդհանուր առմամբ, այս տարի «Ճախրուկ» 4-րդ փառատոնի բեմում ելույթ է ունեցել 350 մասնակից Հայաստանից, Սիրիայից ու Ղազախստանից։

Անուշ Մխիթարյանի հիմնադրած «Ճախրուկ» հասարակական կազմակերպությունն էլ սկսել է աշխատել այն ուղղությամբ, որ ֆիզիկական և մտավոր առանձնահատկություն ունեցող երեխաներն ու երիտասարդները ուսում ստանան դպրոցներում ու արվեստի կենտրոններում, բոլորի հետ լինեն հավասար դիրքերում և չզրկվեն պատշաճ կրթություն ստանալու իրենց իրավունքից»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ այս տարի էլ բեմի հարևանությամբ տեղադրված է եղել «Հոգու թռիչք 4» կտավը, որի վրա բոլոր ցանկացողները թողել են իրենց հոգու մի մասը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում