Հայաստան

«Ռենջեր 2024»․ պարգևատրվեցին արդեն ավանդույթ դարձած անտառապահների մրցույթի լավագույնները

6 րոպեի ընթերցում

«Ռենջեր 2024»․ պարգևատրվեցին արդեն ավանդույթ դարձած անտառապահների մրցույթի լավագույնները

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայ ռենջերների դերը կենսաբազմազանության պահպանման գործում կարևորելու և խրախուսելու նպատակով արդեն երկրորդ անգամ կայացավ «Ռենջեր 2024» մրցանակաբաշխությունը, որը այսուհետ կլինի ամենամյա։

Մրցույթին մասնակցում էին Շրջակա միջավայրի նախարարության ենթակայությամբ գործող բնության հատուկ պահպանվող տարածքների համակարգող ՊՈԱԿ-ների և էկոպարեկային ծառայության 15 աշխատակիցներ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մրցույթում առաջին պատվավոր հորիզոնականը զբաղեցրեց Նարեկ Հովհաննիսյանը («Դիլիջան» ազգային պարկ), երկրորդ հորիզոնականը հավասար միավորներով կիսեցին Արթուր Քոչարյանը (Վայոց ձորի և Արարատի վարչություն) և Մարիա Պետրոսյանը («Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ), երրորդ հորիզոնականը զբաղեցրին Խաչիկ Հակոբյանը (Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչություն), Սասուն Փիրինյանը (Վայոց ձորի և Արարատի վարչություն) և Վահե Խաչատրյանը (Վայոց ձորի և Արարատի վարչություն)։

Ամեն տարի հուլիսի 31-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես Ռենջերների օր (World Ranger Day): Օրը նշվում է սկսած 2007 թվականից, այն հռչակվել է Ռենջերների միջազգային ֆեդերացիայի (IRF) կողմից՝ նշելու անտառապահների ներդրումը բնության պահպանման գործում։

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը, կարևորելով կենսաբազմազանության պահպանման դերն ու նշանակությունը, նշեց, որ միջոցառումը կարևոր է նրանով, որ լավ հնարավորություն է, նախ, տարբեր տեսանկյուններից գնահատելու աշխատակիցների գիտելիքները և հմտությունները։ 

«Սա լավ հնարավորություն է, որ լիազոր մարմինը հասկանա և իր մոտ արձանագրի, թե ինչի վրա պետք է ուշադրություն դարձնել, որ ուղղությամբ են նոր գիտելիքների և փորձի կարիք զգում մեր աշխատակիցները, և այդ ուղղությամբ արդեն համապատասխան աշխատանքներ իրականացնենք մեր աշխատակիցների համար, որպեսզի նրանց մոտ պակասող գիտելիքներն ու հմտությունները զարգանան»,- նշեց փոխնախարարը։

Նա ընդգծեց՝ մրցույթը, բնականաբար, մոտիվացնում է նաև աշխատակիցներին, որպեսզի իրենց աշխատանքի ընթացքում նոր գիտելիքներ ձեռք բերեն, բարելավեն իրենց ֆիզիկական պատրաստվածությունը և կարողանան հավուր պատշաճի մասնակցել այս մրցույթին։

Նախարարի տեղակալն ընդգծեց, որ նման մրցույթների անցկացումը շատ մեծ կենսաբազմազանություն ունեցող երկրի տարբեր պահպանվող և գեղեցիկ վայրերում հնարավորություն է ստեղծում ծանոթանալու այդ վայրերին, դրանք լուսաբանելու և հանրության լայն շերտերին պատմելու այդ գեղատեսիլ վայրերի մասին։ Արա Մկրտչյանը նշեց՝ մրցույթը այսուհետ կլինի ամենամյա՝ վստահեցնելով, որ տարեցտարի այն կփոփոխվի, կընդլայնվի և կդառնա ավելի մասսայական։

Մրցույթում երկրորդ  տեղը զբաղեցրած միակ կին մասնակից՝ «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի զբոսաշրջության ավագ մասնագետ  Մարիա Պետրոսյանը ընդգծեց՝ շատ ոգևորիչ և մոտիվացնող մրցույթ է այս ոլորտում աշխատող յուրաքանչյուր աշխատակցի համար։

«Սա ևս մեկ խթան է հետագայում էլ ավելի կատարելագործելու սեփական գիտելիքները և ավելի մեծ պատասխանատվությամբ իրականացնելու այն աշխատանքը, որը ոչ միայն շրջակա միջավայրի համար է կարևոր, այլ նաև ռազմավարական նշանակություն ունի»,- նշեց Մարիան։

Ընդգծելով կանաչապատ տարածքների պահպանության կարևորությունը՝ մասնագետը նշեց, որ դրանք մեծ արժեք են ներկայացնում թե՛ կենսաբազմազանության, թէ՛ կլիմայի  վրա ազդեցության տեսանկյունից, ինչն անմիջապես կապված է բնակչության կենսակերպի և ապրելակերպի բարձր որակի հետ։

Կովկասի բնության հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արման Վերմիշյանը նշեց՝ ցանկացած պետության առաջնային գործառույթներից մեկը բնապահպանությունն է, իսկ այդ շարքում՝ կենսաբազմազանության պահպանությունը։ 

«Կենսաբազմազանության հարստության մեծագույն մասը կուտակված է բնության հատուկ պահպանվող տարածքներում, հետևաբար, դրանց պահպանությունը պարտադիր գործողություն է, որ պետությունը պետք է իրականացնի, իսկ մենք՝ որպես միջազգային կազմակերպություն, որի հիմնական խնդիրը տարածաշրջանի կենսաբազմազանության պահպանությունն է, որքան հնարավոր է աջակցում ենք այդ աշխատանքներում։ Մեր հիմնական մանդատը առաջնային պետական կազմակերպություններին, որոնք  զբաղվում են բնության պահպանությամբ, ֆինասական աջակցություն ցուցաբերելն է՝ իրենց ընթացիկ ծախսերի և զարգացման ծրագրերի իրագործման համար»,- հայտնեց Վերմիշյանը։ 

Խոսելով մրցանակաբաշխության կարևորության մասին՝ նա նկատեց, որ արդեն երկրորդ տարին է, ինչ անցկացվում է միջոցառումը՝ ընդգծելով, որ աշխատողների կողմից հետաքրքրություն ու մոտիվացիա կա։ «Բացի դա, կցանկանանք, որ նրանց համար սա դառնա տոն, որպեսզի ոլորտի աշխատողները իրենց գնահատված  զգան, ինչպես նաև ծանոթանան միմյանց հետ»,- ասաց Վերմիշյանը։ 

Նա նշեց՝ այս տարի մասնակիցների թվի աճ կար, առաջին փուլում եղել է  61 հայտ, որից երկրորդ փուլ են անցել  15 մասնակից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում