Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Սեպտեմբեր

Զատկին ձվի շուկայի պահանջարկը կբավարարվի. Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ

 Զատկին ձվի շուկայի պահանջարկը կբավարարվի. Հայաստանի թռչնաբույծների 
միության նախագահ

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Զատկի տոնին ընդառաջ ձվի շուկայում խառնաշփոթ է ստեղծվել՝ կապված ապրանքի դեֆիցիտի, թանկացումների հետ: Սպառողները կամ խանութներում ձու չեն գտնում, որովհետև շուտ սպառվել է, իսկ եթե գտնում են, ապա բաձր գնով: Հայաստանի թռնչաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ այս ամենի պատճառը մի քանի խնդրի կուտակումն է:

«Հիմնական պատճառը որոշ խմբերի կողմից շուկայում արհեստական դեֆիցիտ ստեղծելն է, որն էլ հանգեցնում է մեր քաղաքացիների շրջանում խուճապի առաջացմանը: Ամենօրյա վաճառքի հանվող ձուն շատ մեծ գնումների արդյունքում ժամերի ընթացքում սպառվում է: Օրինակ, խանութը մեզ պատվիրում է 20-30 արկղ ձու, որը սպառում է 2-3 օրվա ընթացքում: Հիմա հանկարծ ինչ պատահեց, որ նույն խանութների ցանցը ձուն ուղարկելուց երկու ժամ հետո զանգում են ասում են ձու չկա: Մենք մոնիտորինգ ենք կատարում, և վստահաբար կարող եմ ասել, որ նման կարգի մեծ գնումներ վաղուց չենք ունեցել: Մարդիկ մտնում են ու սայլակներով ձու են գնում»,-ասաց Սերգեյ Ստեփանյանը: Նրա խոսքով, ամենայն հավանականությամբ արհեստական դեֆիցիտ ստեղծողները նրանք են, որոնք միջնորդ են եղել ձվի առևտրում, սակայն այսօր դուրս են մնացել:

«Մենք անցել ենք կենտրոնացված մատակարարման, ու միջնորդ որոշ օղակներ դուրս են մնացել: Ոմանք վերավաճառքի մեջ եկամուտ են ունեցել, հիմա կտրվել է այդ եկամուտը: Բանն այն է, որ մենք ժամանակին ունեցել ենք ձվի այնքան գերարտադրություն, որ չէինք կարողանում իրացնել: Նախորդ տարի համաճարակի և պատերազմի պատճառով չենք կարողացել վերարտադրության «մատղաշ» (ճտեր) ներկրել, անհրաժեշտ գլխաքանակը թարմացնել, ու միայն նոյեմբերի վեջին կարողացանք դրսից ներկրել: Արդյունքում վերարտադրողական շրջանը մի փոքր հետ ընկավ: Որոշներն էլ գտան հարմար ձև իրավիճակից օգտվելու համար: Եթե ուշադրություն եք դարձրել փոքր խանութներում գինն ավելի բարձր է, ինչու, որովհետև իրենք անմիջապես արտադրողից չեն ստանում: Հիմա սուպերմարկետներից խոշոր քանակով գնում են, տանում փոքր խանութներում վերավաճառում: Ստացվում է առևտրային շուկայում երկու գին է աշխատում, սուպերմարկետներում այլ գին է, փոքր խանութներում՝ այլ»,-ասաց Սերգեյ Ստեփանյանն՝ ընդգծելով, որ դրան էլ գումարվում են քաղաքացիների խուճապն ու հավելյալ գնումները:

Չնայած շուկայում առկա խառնաշփոթին, Հայաստանի թռչնաբույծների միության նախագահը վստահեցնում է, որ Զատկին ձվի շուկայի պահանջարկը բավարարելու են: Ինչ վերաբերում է հավկիթի գնին, ապա Սերգեյ Ստեփանյանը նշեց, որ ՏՄՊՊՀ-ի աչքից ոչ մի բան չի վրիպում, եթե զգա, որ արտադրողը գերշահույթ է ստանում, ապա համապատասխան միջոցներ կկիրառի:

ՀՀ ՏՄՊՊՀ-ից «Արմենպրես»-ին փոխանցեցին, որ շարունակում են ուշադրության կենտրոնում պահել ձվի շուկայում տեղի ունեցող գործընթացները: Այս պահին ոլորտում գործող ընկերություններին ուղարկվում են հարցումներ, որոնք ուղղված են շուկայում տիրող վիճակը բացահայտելուն: Ամփոփելուն պես՝ հանրությունը կտեղեկացնեն: Նշվում է նաև, որ խոշոր առևտրային ցանցերում ավելի քան 90 ապրանքների գծով, այդ թվում ձվի, ամենօրյա դիտանցումներ են իրականացնում:

ՀՀ ՏՄՊՊՀ-ն նախորդ տարի լայնածավալ ուսումնասիրություն է իրականացրել ձվի շրջանառության ոլորտում: Տեղեկացնում են, որ 2020 թվականի դեկտեմբերի 15-ի որոշմամբ  ձվի իրացման ոլորտի 7  խոշոր ընկերությունների նկատմամբ ՀՀ ՏՄՊՊՀ-ն 103 մլն դրամի չափով տուգանք է կիրառել հակամրցակցային համաձայնության համար: Իրավախախտումը բացասական ազդեցություն է ունեցել «Հավի ձու՝ կճեպով» ապրանքային շուկայում մրցակցային իրավիճակի վրա, ինչպես նաև տուժել են մի շարք փոքր և միջին արտադրության ծավալներ ունեցող տնտեսավարող սուբյեկտներ, իսկ 9-ը փոքր ֆերմերային տնտեսություններ դուրս են մնացել շուկայից:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]