Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 891 նոր դեպք, առողջացել է 332 մարդ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում մարտի 19-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 891 նոր դեպք, առողջացել է 332 քաղաքացի, մահացել է՝ 19-ը: Մեկ օրում կատարվել է 4725 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել է 793678-ի:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 182056 դեպք, որոնցից 167518-ն առողջացած, 3320-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10367 պացիենտ:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 851 է:
ՀՀ կառավարության՝ հունվարի 11-ի որոշման համաձայն, կորոնավիրուսային հիվանդության տարածման ռիսկը նվազեցնելու նպատակով 2020 թվականի սեպտեմբերի 11-ից մինչև 2021 թվականի հունվարի 11-ը սահմանված կարանտինը երկարաձգվել է մինչև հուլիսի 11-ը։