Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ԼՀԿ-ն առաջարկում էր զինվորականներին փոխհատուցում տալ չօգտագործված արձակուրդների դիմաց. ԱԺ հանձնաժողովը մերժեց

ԼՀԿ-ն առաջարկում էր զինվորականներին փոխհատուցում տալ չօգտագործված 
արձակուրդների դիմաց. ԱԺ հանձնաժողովը մերժեց

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը հավանություն չտվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած օրենքի նախագծին, որով առաջարկվում է սահմանել, որ զինծառայությունից արձակվող ու ծառայության ընթացքում չօգտագործված արձակուրդ ունեցող զինծառայողներին տրվում է փոխհատուցում` չօգտագործված արձակուրդների բոլոր օրերի դիմաց: Կառավարությունը խոստացավ ներկայացնել համապարփակ փոփոխություններով նախագիծ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ հանձնաժողովի նիստում ներկայացրեց խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը:

«Առաջարկում ենք առկա կարգավորումը վերաշարադրել նոր խմբագրությամբ. Զինվորական ծառայությունից արձակվող եւ զինվորական ծառայության ընթացքում չօգտագործված արձակուրդ ունեցող զինծառայողներին տրվում է փոխհատուցում` չօգտագործված արձակուրդների բոլոր օրերի դիմաց»,-ասաց Սիմոնյանը:

Նա հիշեցրեց, որ առկա կարգավորումը նախատեսում էր, որ չօգտագործված արձակուրդը տրամադրվում է միայն վերջին երկու տարիների համար, իսկ մինչև այդ չօգտագործված արձակուրդների փոխհատուցում չէր տրամադրվում: ՍԴ-ն 2018-ին այդ դրույթը հակասահմանադրական է ճանաչել:

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նկատեց, որ մարդը կարող է ամեն տարի իր հասանելիք արձակուրդից չօգտվել, ինչի արդյունքում պետության վրա մեծ բեռ կարող է կուտակվել: Սիմոնյանի կարծիքով՝ կարելի է գալ համաձայնության և առկա գումարը տալ ոչ թե միանգամից, այլ մասերով:

Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը ողջունեց նախաձեռնությունը՝ որպես մարդու իրավունքները վերականգնող, բարելավող քայլ: «Սակայն այս պահին վերջնական որոշում կայացված չէ՝ նկատի ունենալով, որ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում կատարվում են փոփոխություններ, և այս հարցին ևս պարտադիր կերպով անդրադարձ է կատարվելու համապարփակ փոփոխությունների շրջանակներում»,-ասաց Սարգսյանը:

Նա նշեց, որ թիվը շատ մեծ է լինելու՝ նույնիսկ այն դեպքում, երբ վճարվի միայն 2018-ին ՍԴ-ի որոշումից հետո: Այսպիսով` կառավարությունն այս պահին առաջարկում է սպասել փոխնախարարի կողմից հիշատակված օրենքում կատարվող փոփոխություններին, համապարփակ անդրադարձին:

ՊՆ իրավաբանական վարչության պետ Սասուն Սիմոնյանը նշեց, որ ՍԴ-ի 2018-ի որոշմանը հետադարձ ուժ չի տրվել, նաև չի նախատեսվել ժամկետ, թե երբ պետք է օրենսդրական փոփոխություն արվի: «Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքով ասվում է, որ երբ որևէ ակտ հակասահմանադրական է, ապա Արդարադատության նախարարությունը եռամսյա ժամկետում պարտավոր է  նախագծային գործընթաց իրականացնել: Դա 2018-ին արվել է նախարարության կողմից, նախագիծը մշակվել, շրջանառվել է: Բայց ֆինանսների նախարարությունն առաջարկել էր, որ ներկայացվի նախագծի ֆինանսական գնահատական, ինքնաբերաբար արդարադատության նախարարությունը մեզնից պետք է ուզեր դա, մենք փաստացի չկարողացանք տալ, դրա համար գործընթացը դադարեց դեռևս 2018-ին»,-ասաց նա:

Սակայն Սիմոնյանը վստահեցրեց, որ այս պահին ՊՆ-ում մշակվող նախագծում մշակվել են նաև այդ նորմերը, դրանց տրվել են հետադարձ ուժ՝ ի դեմս «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի ուժի մեջ մտնելու օրվանից՝ 2017-ի դեկտեմբերի 16-ից: Այսպիսով` կառավարությունն առաջարկեց առայժմ ձեռնպահ մնալ ներկայացված օրենքի նախագծի ընդունումից՝ առավել ընդգրկուն և ամբողջական կարգավորում կատարելու նպատակով: Համապատասխան  օրենքի նախագիծը մինչև մարտի վերջ կդրվի շահագրգիռ պետական մարմինների քննարկմանը, նաև հանրային քննարկման:

Տարոն Սիմոնյանը, սակայն, առաջարկեց օրենսդիրներին օգտագործել իրենց իշխանությունը՝ շահագրգռելու կառավարությանը, որ ակտիվ աշխատեն, առաջին ընթերցումով հաստատեն օրենքի նախագիծը, որպեսի կառավարությունը մինչև երկրորդ ընթերցում ավելի ակտիվ աշխատի, գոնե առաջարկ ներկայացնի: Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն առաջարկեց մեկ ամսով հետաձգել օրենքի նախագծի քննարկումը: Սիմոնյանը արձագանքեց, որ կառավարությանը չվստահելու փորձ ունի, այսպիսով` մերժեց այդ առաջարկը: Քվեարկությամբ նախագիծը դրական եզրակացություն չստացավ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]