Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   5 Դեկտեմբեր

Պատերազմի ընթացքում կատարված հանցագործությունների դեպքերը հիմնականում բացահայտվել են. Արցախի ոստիկանապետ 

Պատերազմի ընթացքում կատարված հանցագործությունների դեպքերը հիմնականում 
բացահայտվել են. Արցախի ոստիկանապետ 

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանության պետ, գնդապետ Արտեմ Հարությունյանն «Արմենպրես»-ի հետ հարցազրույցում անդրադարձել է պատերազմի ընթացքում հասարակական կարգի պահպանման առանձնահատկություններին, ոստիկանության կրած կորուստներին, այդ ընթացքում իրականացված կողոպուտի դեպքերի բացահայտման աշխատանքներին ու հետպատերազմյան անելիքների առաջնահերթություններին:

-Պարոն Հարությունյան, Արցախի ոստիկանները, ոչ միայն հասարակական կարգի ու պատերազմից բխող մյուս գործառույթների պահպանության առաջնագծում էին, այլ նաև՝ ռազմաճակատում: Ինչպիսի մարտահրավերների ու խնդիրների դիմագրավեց Արցախի ոստիկանությունը 44-օրյա պատերազմի օրերին և ինչպես հաջողվեց հաղթահարել: Ինչպիսի՞ մարդկային կորուստներ ունեցավ համակարգը:

-Համակարգը պատերազմը հաղթահարեց կորուստներով, հարազատ մարդկանց կյանքի գնով: Պատերազմը վերախմբագրեց մեր անցածն ու ունեցածը և այն, ինչ ունենք հիմա: Մարտահրավերներն ու խնդիրները եղել են և կան, բայց մենք երբեք չենք ընկրկում՝ մեր ամբողջ ներուժն իրացնելու և ավելին ունենալու հարցում: Նկատի ունեմ ունեցածի հիմքի վրա կառուցել ավելի կայացած ու ուժեղ համակարգ, որը պայքարելով իրավախախտումների դեմ՝ էլ ավելի կվայելի մեր հասարակության հարգանքն ու վստահությունը:

Ոստիկանական հավաքական գումարտակը պատերազմի առաջին օրվանից կանգնեց զինվորի կողքին՝ հայրենիքի պաշտպանության դիրքում: Ռազմագործողությունների ընթացքում համակարգն ունեցավ մարդկային 11 կորուստ: Զոհերից բացի, ունեցանք 3 տասնյակից ավելի վիրավորներ, որոնք մինչև այսօր տարբեր բուժհաստատություններում շարունակում են ստացիոնար բուժում ստանալ: Թերևս, սա այն իրողությունն է, որը մեզ զգաստացնում է, որպեսզի այսուհետ էլ ավելին պիտի անենք: Հանուն տղաների հիշատակի և սխրագործությունների՝ այլևս երբեք սխալվելու իրավունք չունենք:

-Պատերազմի օրերին ինչով էր առանձնահատուկ ոստիկանի աշխատանքը թիկունքում: Ի՞նչ անհրաժեշտություններ էին առաջացել հասարակական կարգի ապահովման գործում և որքանո՞վ հաջողվեց ապահովել դրանք:

-Խաղաղության օրերին ոստիկանի առաքելությունը միտված է երկրի ներքին անվտանգության, հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովմանը: Պատերազմի օրերին Արցախի ոստիկանների համար պայքարի տարբեր ճակատներ բացվեցին: Նրանք ամենուր էին՝ սկսած առաջնագծից, մինչև պարեկապահակային և ճանապարհապարեկային ծառայության առաքելություն: Այս պատերազմում, ոստիկանն իրեն վերապահված ծառայությունն իրականացրեց արժանապատվությամբ և չպարտվեց: Կցանկանայի շնորհակալություն հայտնել համակարգի բոլոր նվիրյալներին:

-Հետպատերազմյան առաջին օրերին, և ոչ միայն, բարձրաձայնվեց նաև պատերազմի օրերին գողության դեպքերի մասին: Դրանք մասնակի դեպքեր էին, թե հաճախակի են եղել: Ընդհանրապես ինչպիսի՞ չափեր են ունեցել այդ դեպքերը և ի՞նչ աշխատանքներ են տարվում դրանց բացահայտման ուղղությամբ:

-Ցավոք, այո, այդպիսի դեպքեր ևս արձանագրվել են: Գողության կամ ուրիշի սեփականությանը միտումնավոր վնաս պատճառելու հիմնական դեպքերը տեղի են ունեցել այն ժամանակ, երբ բնակչությունը տարհանվել էր՝ մայրաքաղաքում և մյուս բնակավայրերում շարժ գրեթե չկար: Այդ ժամանակ էլ տեղի են ունեցել տարաբնույթ հանցագործություններ: Ստացված բոլոր հաղորդումներն ընթացքավորվել են սահմանված կարգով, ու դրանց մեծ մասն արդեն բացահայտված է: Վստահեցնում եմ, որ մյուս բոլոր դեպքերը ևս կբացահայտվեն:  

-Ի՞նչ ընդհանրական, հանրային հնչեղություն ստացած այլ հանցագործության ու հանրային կարգի խախտման դեպքեր են արձանագրվել պատերազմի օրերին և հետպատերազմյան ժամանակահատվածում, որոնք ինչ-որ տեղ պայմանավորված էին նաև պատերազմի հանգամանքով ու հետևանքներով:

-Որպես համակարգի ղեկավարի, ինձ համար հանցավորության դեմ տարվող պայքարն առաջնային է՝ անկախ հանցատեսակից: Ցավոք, մեր կողքին կան այնպիսի մարդիկ, որոնք պատերազմի օրերին օգտվել են ստեղծված ծանր իրավիճակից: Հիմնականում գրանցվել է անձնական ունեցվածքի հափշտակության և տրանսպորտային միջոցներին ապօրինաբար տիրանալու դեպքեր: Այդ հանցագործությունների մեծ մասն արդեն իսկ բացահայտված է:

-Հետպատերազմյան իրողություններն ինչպիսի՞ խնդիրներ են առաջադրել Արցախի ոստիկանությանը և ի՞նչ լուծումներ են նախատեսվում:

-Խնդիրներ որպես այդպիսին չկան: Ընդհանուր առմամբ, համակարգն այժմ փորձում է նախկին հունի մեջ մտնել և շարունակել ծառայությունը, պատշաճ կերպով պահպանել երկրի ներքին անվտանգությունը: Ներքին գործերի նախարարության ստեղծման հետ կապված՝ այժմ աշխատանքներ են իրականացվում ոստիկանության գործունեությունը կանոնակարգող իրավական ակտերի փոփոխությունների ուղղությամբ:

-Արցախի Հանրապետության քաղաքացիներին՝ Արցախում ներկայումս բնակվող և ժամանակավորապես Հայաստանում ապաստանած, հետաքրքիր կլիներ որոշ տեղեկություններ նաև ոստիկանության անձնագրային և վիզաների բաժնի աշխատանքների ու դրա հետ կապված՝ներկայումս հաճախ առաջացող հարցերի վերաբերյալ: Ինչպիսի՞ հարցերով են առավել հաճախ դիմում նշված ստորաբաժանմանը և ի՞նչ լուծումներ են տրվել կամ նախատեսվում այդ խնդիրներին:

-Ներկայումս անձնագրային ծառայությունն իր բնականոն հունով աշխատում է և Արցախի Հանրապետությունում գտնվող քաղաքացիներին մատուցում բոլոր տեսակի անձնագրային ծառայությունները, իսկ Հայաստանի Հանրապետությունում ապաստանած մեր հայրենակիցներն այդ ծառայություններից կարող են օգտվել Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային ծառայություններից։ Խնդիրներ են առաջանում պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած համայնքներում մինչև պատերազմական գործողությունները սկսելը փաստացի բնակված, սակայն նշված համայնքներում չհաշվառված քաղաքացիների հետ կապված։ Նման դեպքերում ցուցաբերվում է անհատական մոտեցում։

-Անձամբ Դուք՝ որպես համեմատաբար նորանշանակ ոստիկանապետ, ինչպիսի ծրագրեր ունեք ոստիկանության համակարգի բարելավման ու աշխատանքի արդյունավետության բարձրացման ուղղությամբ: Արդյոք նման անհրաժեշտություն զգացվում: Ինչպիսի՞ մոտեցում եք ցուցաբերելու հասարակական կարգի տարաբնույթ խախտումների նկատմամբ:

-Համակարգում ես նոր մարդ չեմ: Որպես նորանշանակ ոստիկանության պետ ունեմ այն համոզմունքը, որ համակարգի բարեփոխումների հարցը՝ տարբեր զարգացումներով պայմանավորված, միշտ էլ արդիական է: Վստահ եմ, որ ոչ հեռու ապագայում հասարակությունն ինքը կնկատի այն բարեփոխումները, որոնք հիմնականում ուղղված են երթևեկության կանոնների կարգավորման, նոր ճանապարհային հանգույցների ձևավորման և մարդկանց ազատ ու անվտանգ տեղաշարժի խնդիրների լուծմանը, ինչպես նաև հատուկ տեխնիկական միջոցների և սպառազինության արդիականացմանը: Համոզված եմ, որ կարճ ժամանակում կհասցնենք մեր բոլոր նպատակները կյանքի կոչել:

Հարցազրույցը՝ Վան Նովիկովի








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]