Հասարակական

Դատարանը հետաձգեց Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը 

2 րոպեի ընթերցում

Դատարանը հետաձգեց Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը 

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ընդհանուր իրավասության դատարանում մարտի 2-ին հետաձգվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը, քանի որ գործով անցնող ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանը վատառողջ էր և չէր ներկայացել դատական նիստին:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դատավոր Աննա Դանիբեկյանը հայտնեց, որ ստացվել է Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի` նիստը հետաձգելու միջնորդությունը, որին կցված են եղել իր պաշտպանյալի առողջական վիճակին վերաբերող բժշկական փաստաթղթեր։ Ալեքսանյանը տեղեկացրեց, որ Արմեն Գևորգյանի մոտ առողջական խնդիրները սկսվել են փետրվարի 28-ին, իսկ երեկ բարձրացել է ջերմությունը։ Այսօր առավոտյան նա կորոնավիրուսի թեստ է հանձնել, որի արդյունքները կլինեն մի քանի ժամ հետո։

Դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում մեղադրանքի կողմ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանը ասաց, որ պաշտպանական կողմի գործողությունները ուղղված են դատական գործընթացը ձգձգելուն:

«Ուղիղ մեկ տարուց ավելի է, ինչ այս մասին խոսում ենք և այս նույն վարքագիծը վերագրում ենք պաշտպանության ամբողջ կողմին»,- ասաց Բաղդասարյանը:

Մինչ դատական նիստի մեկնարկը «Հայրենիքի փրկության շարժման» անդամները փակել էին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի մոտ գտնվող Արշակունյաց պողոտայի մի հատվածը` պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հայկ Մամիջանյանը քաղաքացիներին կոչ էր արել միանալ մարտի 3-ի ժամը 16:00-ին Բաղրամյան պողոտայում կայանալիք հանրահավաքին, որից հետո միայն ակտիվիստները բացել էին ճանապարհը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում