Պաշտոնական

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Նիդերլանդների դեսպանին

3 րոպեի ընթերցում

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Նիդերլանդների դեսպանին

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը փետրվարի 3-ին ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպան Նիկոլաս Սխերմերսին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրինՏիգրան Ավինյանի գրասենյակից, ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը կարևորել է Երևանում Նիդերլանդների դեսպանության բացումը և բարձր գնահատել դեսպան Սխերմերսի անձնական ներդրումը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Սխերմերսը շեշտել է իր պատրաստակամությունը՝ ջանք չխնայելու հայ-նիդերլանդական հարաբերությունների ամրապնդման և խորացման ուղղությամբ:

Կողմերը քննարկել են Արցախի հիմնահարցն ու Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի արդյունքում ձևավորված իրավիճակը՝ մանրամասն անդրադառնալով ռազմագերիների վերադարձի խնդրին: Փոխվարչապետը ներկայացրել է գերիների փոխանակման գործընթացի ներկայիս փուլը՝ հարցը համարելով Հայաստանի կառավարության առաջնահերթությունը: Նա շնորհակալություն է հայտնել Նիդերլանդների խորհրդարանին՝ Արցախի հարցում ցուցաբերած դիրքորոշման, ինչպես նաև Արցախի բնակչությանը մարդասիրական աջակցություն ցուցաբերելու մասին բանաձևի ընդունման համար:

Հանդիպման օրակարգում են եղել նաև հայ-նիդերլանդական տնտեսական համագործակցության և Հայաստանի տնտեսական բարեփոխումների հարցերը: Փոխվարչապետը ներկայացրել է ՀՀ կառավարության ձեռնարկած միջոցառումները տնտեսական կյանքի վերականգնման ուղղությամբ: Տիգրան Ավինյանը խոսել է տնտեսական դիվանագիտությունը զարգացնելու Հայաստանի մտադրության մասին, որը պետք է կենտրոնանա օտարերկրյա ներդրումների ներգրավման, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության զարգացման, նորարարությունների ու գիտության ոլորտում համագործակցության վրա: Այս համատեքստում կարևորվել է հայ-նիդերլանդական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, ֆինանսների և այլ ոլորտներում:

Կողմերը միաժամանակ բարձր են գնահատել միջազգային ֆինանսական հաստատություններում, այդ թվում՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի շրջանակներում երկու երկրների արդյունավետ համագործակցությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում