Հասարակական

Անահիտ Ավանեսյանը Շոմբի Շարփի հետ քննարկել է փոխգործակցության նոր հնարավորությունները

2 րոպեի ընթերցում

Անահիտ Ավանեսյանը Շոմբի Շարփի հետ քննարկել է փոխգործակցության նոր հնարավորությունները

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի գլխավորած պատվիրակությանը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից:

Հյուրերը` Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակի ղեկավար Դնիս Սումփֆը, Համագործակցության և զարգացման ֆինանսների գծով խորհրդական Արևիկ Անափիոսյանը և ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Եգոր Զայցևը նախարարի հետ քննարկել են ՄԱԿ-ի կառույցների հետ առողջապահության բնագավառում համագործակցության, ինչպես նաև հետագա անելիքների վերաբերյալ հարցերը:

«Շնորհակալ ենք կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում մինչ օրս տրամադրված օգնությունների համար, որոնք հասցեական կիրառություն են ստացել: Բարձր ենք գնահատում համատեղ աշխատանքներն ու փոխգործակցության նոր հնարավորությունները», - ասել է Անահիտ Ավանեսյանը:

Շոմբի Շարփն անդրադարձել է նաև պատերազմին և դրա հետևանքով առաջացած խնդիրների լուծմանը, ինչպես նաև կարևորել Հայաստանում համընդհանուր առողջապահական ապահովագրության ներդրմանն ուղղված աշխատանքները` հաշվի առնելով, որ այն կարող է ապահովել առողջության խթանումից մինչև կանխարգելում, բուժում, վերականգնում և պալիատիվ խնամք:

Շարունակելով Շոմբի Շարփի միտքը` Անահիտ Ավանեսյանը շեշտել է վերականգնողական բուժման բարելավման անհրաժեշտությունը զինվորների և քաղաքացիական անձանց շրջանում` հույս հայտնելով, որ համատեղ ուժերով հարցին լուծում կտրվի:

Կողմերը քննարկել են նաև կորոնավիրուսային հիվանդության պատվաստանյութերի ընտրության վերաբերալ հարցեր:

Ամփոփելով հանդիպումը` մասնակիցները փաստել են, որ կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում առողջապահական ոլորտում բազմաթիվ բարեփոխումներ են կատարվել, և նախկինում սկսված ծրագրերը պետք է ավարտին հասցնել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում