Հայաստանի և Բելառուսի միջև կկնքվեն ռեադմիսիայի մասին համաձայնագրեր
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի և Բելառուսի միջև հետընդունման (ռեադմիսիայի) մասին համաձայնագրերի կնքման մասին նախագծին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, ըստ հիմնավորման, դրանք նախատեսված են ՀՀ կառավարության 2014 թվականի հունվարի 23-ի որոշմամբ հաստատված «Մաքսային միությանը և Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի Հանրապետության անդամակցության միջոցառումների ծրագրի (ճանապարհային քարտեզի) իրականացմանն ուղղված գործողությունների ժամանակացույցի» հավելվածի 229-րդ կետով:
««Հայաստանի Հանրապետության կառավարության և Բելառուսի Հանրապետության կառավարության միջև հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագրի և դրա իրականացման կարգի մասին կիրարկման արձանագրության կնքումը հնարավորություն կտա համատեղ և համակարգված քայլեր իրականացնել Կողմերի տարածքներում անօրինական կարգավիճակում գտնվող ինչպես սեփական քաղաքացիների, այնպես էլ երրորդ երկրների քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց հայտնաբերման և վերադարձի կազմակերպման հարցերում: Կողմերի տարածքներում առանց թույլտվության գտնվող անձանց վերադարձի առնչությամբ Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության համապատասխան մարմինների միջև գոյություն ունեցող համագործակցությանը տալ իրավաբանական ձևակերպում` համաձայնագրով սահմանելով, իսկ կիրարկման արձանագրությամբ կոնկրետացնելով Կողմերի իրավասու մարմինները, սահմանի հատման կետերը, փաստաթղթերի ցանկը, հետընդունման դիմումի ներկայացման կարգը, ձևը, ժամկետները և այլն»,- ասված է հիմնավորման մեջ: