ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել՝ շեշտելով, որ երկրում ստեղծված այս պատասխանատու օրերին անհրաժեշտ է բացառել լարվածության բերող որևէ տեսակի զարգացում: «Արմենպրես»-ը ներկայացնում է Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը.
«Երկրում ստեղծված այս պատասխանատու օրերի իրավիճակը բոլորիցս պահանջում է բացառիկ ջանքեր՝ ապահովելու համար համերաշխություն ու համախմբվածություն, հարգանք իրար արժանապատվության ու խոսքի նկատմամբ: Անհրաժեշտ է բացառել լարվածության բերող որևէ տեսակի զարգացում:
- Հանրային իշխանության մարմինները, գործող պաշտոնյաները պարտավոր են օրինակելի լինել իրենց խոսքով ու պահվածքով հանուն համերաշխության ու համախմբվածության՝ անկախ քաղաքական կամ որևէ այլ տեսակի հայացքներից: Նույն սկզբունքով մեծ դեր ունեն նաև հանրային ճանաչում ունեցող անձինք:
Ֆորմուլան հստակ է. գործող պաշտոնյաների նկատմամբ Մարդու իրավունքների պաշտպանի պահանջները խիստ են, քանի որ այդ անձինք ունեն իրավական կոնկրետ կարգավիճակ ու սահմանափակված են այդ կարգավիճակի սպառիչ սահմաններով: Բայց դա չի նշանակում, թե որևէ պահանջից դուրս են ոչ պաշտոնյա հանրային գործիչները: Երկրում համերաշխության համընդհանուր մթոնոլորտի երաշխավորման հրամայականը հատկապես հանրային ճանաչում ունեցող անձանցից է պահանջում դրսևորել օրինակելի խոսք ու պահվածք:
- Յուրաքանչյուր խոսք ասելիս կամ արտահայտություն անելիս պետք է պարտադիր նկատի ունենալ այդ խոսքի կամ արտահայտության բոլոր հնարավոր ենթատեքստերն ու փոխաբերական իմաստները: Դա հատկապես կարևոր է այս պատասխանատու ու զգայուն իրավիճակներում:
Հատկապես ողջունելի գործառույթ են կատարում հանրային այն գործիչներն ու իրավապաշպանները, որոնք իրենց գործողություններով ու խոսքով են կանխում լարվածության ցանկացած դրսևորում, ցույց են տալիս բռնության անթույլատրելիությունը, նպաստում են հանրային համերաշխությանը։
- Պաշտոնյաներն ու հանրային ճանաչում ունեցող անձինք չպետք է կատարեն այնպիսի գրառումներ կամ մեկնաբանություններ կամ ունենան այնպիսի ելույթներ, որոնք թեկուզ ուղղակի կամ անուղղակի վիրավորանք կամ ատելություն են պարունակում:
- Ցավոք, սոցիալական ցանցերի դիտարկումը ցույց է տալիս, որ վտանգավոր աստիճանի են ատելություն ու վիրավորանք, բռնության կոչեր ու սպառնալիքներ տարածող, նույնիսկ ներքին թշնամանք հրահրող մեկնաբանություններն ու գրառումները:
Այս ամենին նպաստում է կազմակերպված գործող կեղծ էջերով ու օգտատերերով ատելության ու վիրավորանքի տարածումը:
Ուստի, բոլորին խնդրում ենք սոցիալական ցանցերում որևէ կերպ չներքաշվել նման «քննարկումների»: Պաշտպանը խնդրում է ուշադրություն չդարձնել այդ «քննարկումներին» ձեզ ներքաշելու սադրանքներին, ուղղակի պետք է անտեսել դրանք: Դրանցով տարածվող ատելությամբ երկրում մթնոլորտը միայն ավելի է լարվում:
- Մարդու արժանապատվությունը վիրավորել ու իրար նկատմամբ ատելություն տարածել չի կարելի: Դա ավելացնում է լարվածությունն ու բարձրացնում բռնության հավանականությունն իրական կյանքում:
Պետք է միշտ հիշել, որ մեզնից յուրաքանչյուրն ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք ու մենք պետք է հարգանքով վերաբերվենք միմյանց խոսքի ու կարծիքի նկատմամբ՝ ինքներս պահպանելով նշված կանոնները:
- Այս ողջ գործընթացում իրենց պարտականությունները պետք է բարեխիղճ կատարեն պետական մարմինները՝ գործելով իր կարգավիճակի առավելագույն սահմաններով:
Պետք է ապահովել անմիջական հաղորդակցություն քաղաքացիների հետ կանխելու համար որևէ տեսակի ապատեղեկատվություն ու պետք է անհապաղ արձագանքել լարվածության տանող ցանկացած ապատեղեկատվության:
Պետք է զգոն լինեն իրավապահ մարմինները և կանխեն կամ բացառեն իրենց իրավասությանը վերաբերող ցանկացած տեսակի ապօրինի արարք, բայց բացառապես մեկ պայմանով՝ սեփական գործողություններում ապահովելով իրավունքի գերակայություն ու հավասար մոտեցում բոլոր իրավիճակների նկատմամբ:
- Մարդու իրավունքների պաշտպանը լրատվական գործունեություն իրականացնող բոլոր կազմակերպություններին ու լրագրողներին կրկին հորդորում է հատուկ ուշադրությամբ հետևել հրապարակումների ներքո ծավալվող քննարկումներին և հեռացնել վիրավորանք ու ատելություն, արժանապատվությունը նվաստացնող արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները:
Խնդիրն այնքան արդիական է դարձել, որ անհրաժեշտ է լրացուցիչ ռեսուրսներ հատկացնել դա լուծելու համար:
Դրանից բացի, ցանկացած հրապարակում անելիս անհրաժեշտ է ուշադրություն դարձնել տեղեկությունների ստուգվածությանը, ավելի մեծ ուշադրություն դարձնել վերնագրերի ընտրության հարցում և գործել պատասխանատու լրագրության սկզբունքների պահպանմամբ: