Քաղաքականություն

Գործարար Արտակ Թովմասյանը հայտնում է Հայաստանում նոր քաղաքական ուժ ստեղծելու մասին

2 րոպեի ընթերցում

Գործարար Արտակ Թովմասյանը հայտնում է Հայաստանում նոր քաղաքական ուժ ստեղծելու մասին

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Դվին» հյուրանոցի սեփականատեր, գործարար Արտակ Թովմասյանը հայտնում է Հայաստանում նոր քաղաքական ուժ ստեղծելու մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Թովմասյանը դեկտեմբերի 7-ին հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջի միջոցով:

«Այսօր մեր ազգի առջև կա մեկ հրամայական և այդ հրամայականն ունի մեկ անուն` զարգացում: Զարգացում ռազմական ոլորտում, զարգացում կրթության, գիտության և սպորտի ոլորտներում, զարգացում առողջապահության, նորարարության ոլորտներում և ամենուր: Պետք է ստեղծենք այնպիսի մթնոլորտ, որտեղ յուրաքանչյուր մարդ կզբաղվի նախընտրած գործով և իր մասնագիտությամբ` իր լուման ներդնելով մեր երկրի զարգացման մեջ: Մենք ստեղծելու ենք փայլուն դիվանագիտական թիմ, որը կայուն համագործակցության կամուրջներ կստեղծի աշխարհաքաղաքական բոլոր կենտրոնների հետ և, իհարկե, առաջինը` Ռուսաստանի Դաշնության»,- նշեց Թովմասյանը:

Գործարարը հավելեց, որ նոր քաղաքական թիմում ընդգրկված են լինելու անհատներ, որոնք մեծամասամբ նախկինում չեն զբաղվել քաղաքականությամբ, բայց հաջողությունների են հասել իրենց ոլորտներում:

«Մեր նպատակն է` ստեղծել նոր քաղաքական օրակարգ և համախմբել այս գաղափարների շուրջ միանգամայն նոր մարդկանց, որոնք մեծամասամբ երբևէ չեն զբաղվել քաղաքականությամբ, բայց իրենց ոլորտներում լուրջ հաջողություններ են գրանցել և, որոնց միակ մղումը ոչ թե պատգամավորական մանդատն է կամ պաշտոններ զբաղեցնելը, այլ երկրում ռադիկալ և դրական փոփոխությունների մասնակիցն ու իրականացնողը դառնալը: Մենք բաց ենք համագործակցության համար բոլոր այն անհատների հետ, որոնք պատրաստ են աշխատելու հանուն մեր երկրի ապագայի և հետագայում էլ պատասխանատվություն կրելու իրենց վստահված ոլորտների համար»,- ասաց Արտակ Թովմասյանը:

Արտակ Թովմասյանը «Թովմասյան» բարեգործական հիմնադրամի նախագահն է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում