Մոսկվան Երևանի և Բաքվի հետ համապատասխան աշխատանք է տանում տարածաշրջանում իրավիճակի կայունացման ուղղությամբ. Զախարովա
2 րոպեի ընթերցում

Ռուսաստանի Դաշնությունը համապատասխան աշխատանք է տանում Երևանի և Բաքվի հետ՝ Հարավային Կովկասում իրավիճակի կայունացման ուղղությամբ։
«Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ այս մասին հունիսի 19-ին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե եթե Ադրբեջանն օգտվի Իսրայել-Իրան հակամարտությունից և հարձակվի ՀՀ Սյունիքի մարզի վրա, պաշտոնական Մոսկվան ինչպե՞ս կարձագանքի։
«Կան համապատասխան մեխանիզմներ, աշխատանքային խմբեր, մասնագետներ, որոնք այս հարցերով զբաղվում են համապատասխան մակարդակներում։ Ահա թե ինչու ես անգամ չեմ ցանկանում մտածել կամ քննարկել այդ հարցը։ Մեզ համար թանկ են թե՛ Ադրբեջանը, թե՛ Հայաստանը՝ որպես երկրներ ու ժողովուրդներ, որոնց հետ մենք դարավոր հարաբերություններ ունենք, սերտ կապեր։ Իրանը ևս մեզ համար գործընկեր երկիր է, որի հետ զարգացնում ենք հարաբերությունները։ Այս տարածաշրջանը, եթե լայն իմաստով նայենք, այնքան շատ բան է տեսել ու փորձել»,- ասել է Զախարովան և ավելացրել, որ Մոսկվայի առաջնահերթություններից է տարածաշրջանում կայունություն հաստատելը, այն ամրապնդելը տնտեսապես, ցույց տալը դրա օգտակարությունն ու շարունակական զարգացման և համագործակցության գերակայությունը։