Սոցիալական հարցեր

Արցախի և ՀՀ կառավարությունները շարունակում են անօթևան մնացածների կեցության խնդիրը լուծելու քայլերը

2 րոպեի ընթերցում

Արցախի և ՀՀ կառավարությունները շարունակում են անօթևան մնացածների կեցության խնդիրը լուծելու քայլերը

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության և Հայաստանի կառավարությունները շարունակում են գործադրել բոլոր ջանքերը հետպատերազմական ծանր շրջանի հետևանքները վերացնելու և անօթևան մնացած քաղաքացիների կեցության խնդիրները հիմնավորապես լուծելու համար:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Հարգելի՛ հայրենակիցներ, Արցախի և Հայաստանի կառավարությունները շարունակում են գործադրել բոլոր ջանքերը հետպատերազմական ծանր շրջանի հետևանքները վերացնելու և անօթևան մնացած քաղաքացիների կեցության խնդիրները հիմնավորապես լուծելու համար: Այդ ամենի կյանքի կոչումը պահանջում է որոշակի ժամանակ, ուստի խնդրում եմ ՀՀ այն տնտեսավարողներին ու անհատներին, որոնք հյուրընկալել են արցախցի անօթևան ընտանիքների, այս ընթացքում ևս շարունակեն պահել իրենց հարկի տակ»,- գրել է նախագահը:

Հարությունյանը շնորհակալություն է հայտնել արցախցիներին այս ողջ ընթացքում հյուրընկալած անձանց՝ ցուցաբերած անշահախնդիր աջակցության ու պատրաստակամության համար:

«Շատ լավ հասկանալով ստեղծված դժվար իրավիճակը նաև հյուրընկալ սուբյեկտների համար՝ կեցության հետ կապված բոլոր ծախսերը, այդ թվում՝ սննդով ապահովումը, Արցախի Կառավարությունը պատրաստ է վերցնելու իր վրա»,- նշել է Հարությունյանը:

Արայիկ Հարությունյանը հավելել է, որ կառավարության կողմից լիազոր մարմին է հանդիսանում ՀՀ-ում գործող Արցախի կառավարության օպերատիվ շտաբը (ք. Երևան, Գարեգին Նժդեհի 23/1, կոնտակտային հեռախոսահամարներ՝ +374010590339, +374010440065):

«Խնդրում եմ կառույցի հետ կազմակերպել բոլոր քննարկումները՝ նշված խնդիրներին օպտիմալ լուծումներ գտնելու նպատակով: Բնակարաններից զրկված և ժամանակավորապես ՀՀ տեղափոխված մեր բոլոր այն հայրենակիցները, ովքեր, այնուամենայնիվ, կեցության հետ կապված խնդիրներ կունենան, խնդրում եմ անպայման դիմել օպերատիվ շտաբին»,- եզրափակել է Արցախի նախագահը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում