ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկում է ստեղծել պարիտետային փաստահավաք հանձնաժողով, որը կուսումնասիրի պատերազմի հանգամանքները:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝այս մասին խորհրդարանական ճեպազրույցում ասաց խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Մենք առաջարկել ենք պարիտետային փաստահավաք հանձնաժողով ստեղծել, ոչ թե քննիչ հանձնաժողով, որի ղեկավարը կրկին կլիներ իշխանությունից: Պարիտետային փաստահավաք հանձնաժողովը կուսումնասիրի պատերազմից առաջ եղած դեպքերը, թե ինչպես հասանք պատերազմին, պատերազմի ընթացը և վերջում, թե ինչ եղավ ստորագրված փաստաթղթով և ինչ է կատարվում»,- ասաց Մարուքյանը:
Նրա խոսքով՝ դրա շրջանակներում ամեն մի զոհված զինվորականի, ամեն մի կորած զինվորականի, ամեն մի գնդի, ստորաբաժանման հետ տեղի ունեցած դեպքերը, սպառազինության հետ կապված հարցերը, ամեն բան պետք է նախապատրաստվեն, և իմանանք, թե ինչ է կատարվել:
Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են համատեղ հայտարարություն Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելու հետ կապված: Պատերազմը դադարեցվել է նոյեմբերի 10-ին՝ ժամը 01:00-ից, ռուս խաղաղապահները մուտք են գործել Լեռնային Ղարաբաղ: Ընդհանուր առմամբ, նախատեսվում է ներգրավել 1960 ռուս զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլ և հատուկ տեխնիկա: