Հասարակական

Կորոնավիրուսով վարակված 861 քաղաքացի սպասում է բուժօգնություն ստանալու իր հերթին

2 րոպեի ընթերցում

Կորոնավիրուսով վարակված 861 քաղաքացի սպասում է բուժօգնություն ստանալու իր հերթին

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կորոնավիրուսով վարակված 861 քաղաքացի սպասում է անհրաժեշտ բուժօգնություն ստանալու իր հերթին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ՀՀ ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Մեր խնդիրն է ծայրահեղ ծանր բուժառուներին հոսպիտալացնել և պատշաճ բուժօգնություն ցուցաբերել, իսկ ոչ ծանրերին, թեթև կամ թեթևից մի քիչ ծանր դեպքերը փորձել բուժել տանը կամ որոշների դեպքում ուղղակի խնդրել նրանց մնալ տանը: Այսօր ժամը 09:00-ի դրությամբ` ունենք 861 քաղաքացի, որոնք սպասում են իրենց հերթին, որպեսզի ստանան Covid-ով ցուցված բուժօգնություն: Նրանց մեծ մասը գտնվում է տանը, 113-ի մոտ թթվածնի պարունակությունն արյան մեջ ցածր է 80-ից, ինչը ծայրահեղ ծանր, վատ իրավիճակ է, 271-ի մոտ` տատանվում է 81-90-ի շրջանակներում, ինչը մոտ է ծանրին, ունենք 101 քաղաքացի, որոնց սատուրացիան 91-ից բարձր է: Ցավոք, այս թիվը վերջին օրերին միայն աճում է»,- ասաց Թորոսյանը:

Արսեն Թորոսյանը հավելեց, որ չի պատկերացնում այս իրավիճակում կորոնավիրուսի աճող թվերը զսպելու համար լոքդաունների կամ տնտեսական սահմանափակումների իրականացումը:

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 107 հազար 466 է: Կառավարությունը սեպտեմբերի 11-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև սեպտեմբերի 11-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը սեպտեմբերի 11-ի ժամը 17:00-ից փոխարինել կարանտինով՝ մինչև 2021 թվականի հունվարի 11-ը ներառյալ:

Նորայր Շողիկյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում