Ղարաբաղյան հիմնահարց

ԱԳՆ-ն ԵՄ գործընկերների հետ մշտական կապի մեջ է Արցախի ճանաչման հարցի շուրջ. փոխնախարար

2 րոպեի ընթերցում

ԱԳՆ-ն ԵՄ գործընկերների հետ մշտական կապի մեջ է Արցախի ճանաչման հարցի շուրջ. փոխնախարար

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարարությունը մշտական կապի մեջ է Եվրոպական Միության գործընկերների հետ՝ Արցախի անկախության ճանաչման, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման և այլ հարցերի շուրջ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին նոյեմբերի 5-ին Ազգային ժողովի հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում ասաց Արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը:

«Մեր եվրոպական գործընկերների հետ ամենօրյա կապի մեջ ենք և աշխատում ենք մի քանի ուղղությամբ` սկսած Արցախի անկախության կամ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումից: Մնացած կետերը վերաբերում են պատժամիջոցներին և հումանիտար օգնությանը, որը լինի շատ հասցեական և վերաբերի տեղահանված մեր հայրենակիցներին, որոնց թիվը բավական մեծ է»,- ասաց Ադոնցը:

Փոխնախարարը նշեց, որ այս օրերին կան բազմաթիվ եվրոպական քաղաքներ, որոնք ճանաչում են Արցախի անկախությունը, ինչը շատ կարևոր քայլ է այս համատեքստում հետագա զարգացումներն ապահովելու համար:

«Պետություններում տեղական ինքնակառավարման մակարդակով են ճանաչում Արցախի անկախությունը: Մենք համարում ենք սա շատ կարևոր քայլ` ապահովելու հետագա զարգացումները: Կան նախնական պայմանավորվածություններ, բավական լուրջ քննարկումներ որակական ավելի բարձր ակտեր իրականացնելու համար»,- նշեց փոխնախարարը:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, Թուրքիայի և վարձկան- ահաբեկիչների ներգրավմամբ, ռազմական գործողություններ է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը, բերդաքաղաք Շուշին, Մարտունին, Մարտակերտը, ինչի հետևանքով Արցախի տարբեր շրջաններում զոհվում են քաղաքացիական անձինք:

Նորայր Շողիկյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում