Ալիևը կրկին խոսել է նախապայմանների լեզվով` անտեսելով միջազգային հանրության կոչերը
2 րոպեի ընթերցում
![Ալիևը կրկին խոսել է նախապայմանների լեզվով` անտեսելով միջազգային հանրության կոչերը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/11/1033855.jpg)
ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Արցախի նկատմամբ սանձազերծած պատերազմը դադարեցնելու մասին խոսելիս դարձյալ նախապայմաններ է նշել, չնայած միջազգային հանրության կոչերին` վերջ տալ ռազմական գործողություններն առանց որևէ նախապայմանի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, իտալական «La Repubblica» թերթին տված հարցազրույցում Ալիևն իր նախապայմաններն է թելադրել, անգամ կոմպրոմիսային տարբերակով հարցի լուծմանն անդրադառնալիս, նշելով, թե փոխզիջման պարագայում առաջինը պետք է զիջման գնա Երևանը:
Ադրբեջանի նախագահը, փաստացի, ևս մեկ անգամ ընդունել է, որ իրենք են սանձազերծել պատերազմը, նշելով, որ, եթե Հայաստանը գնա զիջման, իրենք այսօր էլ պատրաստ են դադարեցնել պատերազմը:
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է ունենալ միայն խաղաղ լուծում, որի համար անհրաժեշտ են փոխզիջումներ:
Արցախի դեմ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի` Թուրքիայի և վարձկան-ահաբեկիչների աջակցությամբ սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում երեք անգամ` հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի, հոկտեմբերի 18-ին Ֆրանսիայի, հոկտեմբերի 26-ին ԱՄՆ-ի միջնորդությամբ հայտարարվել է հրադադարի մասին, սակայն Ադրբեջանը ուժի մեջ մտնելուց րոպեներ անց խախտել է դրանք, ձեռնարկել դիվերսիոն գրոհներ, հրետակոծել առաջնագիծն ու խաղաղ բնակավայրերը։