Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Նոյեմբեր

Որտեղ Թուրքիան ցանկանում է խնդիրներ ստեղծել, ուղարկում է ջիհադիստների. Եվրոպայի Հայ դատի գրասենյակի ղեկավար

Որտեղ Թուրքիան ցանկանում է խնդիրներ ստեղծել, ուղարկում է ջիհադիստների. 
Եվրոպայի Հայ դատի գրասենյակի ղեկավար

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղարաբաղյան հարցում հրադադարի երրորդ փորձի ձախողման գործընթացում Թուրքիայի գործոնն ամենահիմնականն է: ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի ղեկավար Գասպար Կարապետյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը որևէ որոշում կայացնելու հնարավորություն չունի, ասողը՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանն է:

«Վերջին շրջանում Թուրքիայի քաղաքականությունն ինչպիսի՞ն է: Թուրքիան որոշել է ամեն տեղ բացել խնդիրներ՝ փորձելով պարտադրել այն, թե ինքը տարածաշրջանային ամենամեծ ուժն է: Սիրիա, Լիբիա, Կիպրոս, Հունաստանի հետ Արևելյան Միջերկրականի հարցերն են բացվել: Եվ հիմա Ադրբեջանի միջոցով փորձում է այս տարածաշրջանում իր քաղաքականությունն առաջ տանել»,-ասաց Գասպար Կարապետյանն՝ ավելացնելով, որ այս ապակառուցողական գործընթացները տեսնելով, առանձնապես լավատես չէ Ժնևում սպասվող ՀՀ-ի ու Ադրբեջանի  արտաքին գերատեսչությունների ղեկավարների հանդիպումների հարցում:

Այս ընթացքում լուրջ աշխատանք տարվեց քարոզչական դաշտում՝ առաջ մղելով այն թեզը, ըստ որի, Արցախի դեմ սանձազերծած ագրեսիվ գործողություններում առկա է Թուրքիայի ցեղասպան ձեռագիրը: Գասպար Կարապետյանը նկատեց, որ թե Հայաստանի դիվանագիտությունը, թե Սփյուռքի կառույցները ակտիվ աշխատեցին: Եվրոպական խորհրդարանի պատգամավորները լիագումար նիստում, բացի հինգ հոգուց, մնացած բոլորը դատապարտեցին Թուրքիայի ու Ադրբեջանի գործողությունները, վարձկանների ներկայությունը, ռազմական հանցագործությունները: Դրանից բացի, ոտքի կանգնեց Սփյուռքը, ամեն օր տասնյակ հազարավոր հայեր փակեցին փողոցներ, ճանապարհներ՝ պահանջելով տեղի կառավարություններից դադարեցնել զինամթերքի վաճառքը Թուրքիային:

«Քարոզչական հարթությունում բավական մեծ գործ արվեց, Հայ դատի հանձնախմբերը, աշխարհի տարբեր երկրներում հայկական կառույցները կարողացան հարցը բարձրացնել, հասարակության, քաղաքական գործիչների ուշադրությունը հրավիրել: Եվրոպացիների հետ աշխատանքում բացատրում ենք այն, որ ջիհադիստները սահմաններ չունեն: Թուրքիան, որտեղ ցանկանա խնդիրներ ստեղծել, կուղարկի ջիհադիստներին»,-ասաց  Գասպար Կարապետյանը:

Խոսելով առաջիկա անելիքների մասին՝  Գասպար Կարապետյանը նշեց, որ պետք է աշխատանք տանել բոլոր ուղղություններով՝ առանցքում ունենալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: Արցախի դեմ սանձազերծած ռազմական գործողությունները դադարեցնելու հարցում նա որպես կարևոր դերակատար համարում է Ռուսաստանին:  Գասպար Կարապետյանի կարծիքով, Ռուսաստանը պետք է ավելի կտրուկ և վճռական լինի՝ հաշվի առնելով, որ Հայաստանի հետ ունի դաշնակցային հարաբերություններ: Դրանից բացի ահաբեկչական խնդիրը սպառնալիք է իր համար ևս, ի վերջո, ահաբեկիչները մոտեցել են իր սահմաններին:

Խոսելով այս փուլում Արցախի անկախության ճանաչման հնարավորությունից՝ Գասպար Կարապետյանը նշեց, որ այս պահին դա հեռանկարային չէ ԵՄ անդամ երկրներում, սակայն կարևոր է այդ ուղղությամբ համապատասխան մթնոլորտ ստեղծելը, ինչն արվում է: Տարբեր քաղաքային խորհուրդների կողմից անկախության ճանաչումը, մի շարք գործիչների կողմից Արցախի ինքնորոշման իրավունքի հարցը բարձրաձայնելը հենց այդ համատեքստում է: Նա ընդգծեց, որ Հայաստանը ևս պետք է ուղերձներ ուղարկի այն մասին, որ այդ հարցը դրված է սեղանի վրա:

Գասպար Կարապետյանը կարևորեց նաև եվրոպացի պատգամավորներ Հայաստան բերելու հարցը: Նրա խոսքով, Հայաստան բերելը խնդիր չէ, Արցախ տանելու հետ կապված ներկայում անվտանգության հարց կա:

«Ինչպես գիտեք, արդեն եվրոպացի պատգամավորների խումբ եկավ Հայաստան, սակայն անվտանգությունից ելնելով, չկարողացավ Արցախ գնալ: Ստեփանակերտը ռմբակոծում էին: Այժմ աշխատում ենք Արցախի ղեկավարության հետ հետագա անելիքների հետ կապված, տեսնենք, թե որքանով կարող ենք պատգամավորներ կամ քաղաքական գործիչներ տանել: Ասեմ, որ այո, կան Արցախ այցելությամբ հետաքրքրված կարևոր անձնավորություններ»,-հավելեց Գասպար Կարապետյանը:

Աննա Գզիրյան




Այս թեմայով


https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ