Իսպանիան Ֆրանսիային միացնող մայրուղին փակ է. տեղի հայերը բողոքի ակցիա են անցկացնում
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիան Ֆրանսիային միացնող մայրուղին փակ է, տեղի հայերը բողոքի ակցիա են անցկացնում՝ բարձրաձայնելով Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի մասին՝ ընդգծելով Թուրքիայի աջակցությունը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, հայկական եռագույնով ու պաստառներով բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են, որ Իսպանիան չլռի, ճանաչի Արցախի անկախությունը: «Արթնացիր Իսպանիա», «Էրդողանը ահաբեկիչ է», «Դադարեցրեք պատերազմը», «Հաղթելու ենք». այս և այլ վանկարկումներով ակցիայի մասնակիցները կոչ են անում Իսպանիայի իշխանություններին անտարբեր չլինել:
Ակցիայի մասնակիցները նշեցին, որ դա ինքնաբուխ հավաք է, նրանցից յուրաքանչյուրը ցանկանում է իր ներդրումն ունենալ տեղի հասարակությանն իրազեկելու, իշխանություններին բողոքի ձայնը հասցնելու գործում: Մասնակիցները պահանջում են, որ տեղի լրատվամիջոցները գան և ուղիղ եթերում լայնորեն լուսաբանեն ակցիան:
Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, Թուրքիայի և վարձկան-ահաբեկիչների ներգրավմամբ, ռազմական գործողություններ է սկսել՝ ողջ զինանոցի կիրառմամբ: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը, Մարտակերտը, Մարտունին, Շուշին, Ասկերանը,այլ քաղաքներ, ինչի հետևանքով Արցախի տարբեր շրջաններում զոհվում են քաղաքացիական անձինք: Այս օրերին աշխարհի տարբեր երկրներում հայ համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիաներ են անցկացնում՝ բարձրացնելով ինչպես Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի, այնպես էլ Արցախի անկախության ճանաչման հարցը: