Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   4 Դեկտեմբեր

Բասկերի երկրի խորհրդարանը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը սատարող հռչակագիր է ընդունել

Բասկերի երկրի խորհրդարանը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը սատարող 
հռչակագիր է ընդունել

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բասկերի երկրի խորհրդարանը հռչակագիր է ընդունել, որում սատարել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և մերժել բռնության կիրառումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հռչակագրին կողմ է քվեարկել խորհրդարանի ճնշող մեծամասնությունը:

Հռչակագրում Բասկերի երկրի խորհրդարանը ցավակցություն է հայտնում զոհվածների ընտանիքներին և վերահաստատում բասկերի ժողովրդին հայ ժողովրդի հետ միավորող բարեկամության խորը կապերը:

Խորհրդարանի ընդունած հռչակագիրը բաղկացած է 5 կետից: Առաջին կետով խորհրդարանը հիշեցնում է 2016թ. ապրիլին տեղի ունեցած ռազմական գործողությունների ընթացքում Բասկերի երկրի կողմից ընդունված ինստիտուցիոնալ հռչակագիրը և վերահաստատում այն: Երկրորդ կետով ցավակցություն են հայտնում, ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական զոհերի ընտանիքներին և վերահաստատում Բասկերի ժողովրդին հայ ժողովրդի հետ միավորող բարեկամության խորը կապերը: Հռչակագրով մերժվում է բռնության կիրառումը, կարևորվում ստատուս-քվոյի պահպանումը և ԵԱՀԿ Մինսկի համանախագահության շրջանակներում հարցի կարգավորման կարևորությունը: Բասկերի երկրի խորհրդարանի ընդունած հռչակագրի վերջին կետով վերահաստատվում է այն դիրքորոշումը, որ այս պատմական հարցի միակ լուծմանը պետք է հասնել միայն անկեղծ երկխոսության և կառուցողական բանակցությունների միջոցով, և այն պետք է հիմնվի Արցախի բնակչության մեծամասնության կամքի ազատ արտահայտման վրա:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ ռազմական գործողություններ է սկսել: Հրետակոծվում և հրթիռակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը և Շուշին, ինչպես նաև Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին: Ադրբեջանի զինուժը թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: Արցախում և Հայաստանում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի, ողջ զինանոցի կիրառման՝ հրետակոծման, ԱԹՍ հարվածների և հրթիռակոծման հետևանքով 22 քաղաքացիական անձ է զոհվել, վիրավորվել 95-ը: Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում հայկական կողմից զոհվել է 350 զինծառայող և կամավորական:

Հայկական կողմը ոչնչացրել է հակառակորդի 4 069 զինծառայողի և ահաբեկչի: Թշնամու կորուստներն են՝ 145 ԱԹՍ, 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 496 միավոր զրահատեխնիկա և 4 ՏՈՍ:

Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ: Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հաստատել է, որ տիրապետում է լուրջ փաստերի այդ մասին. ջիհադականները կապեր ունեն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ: Վարձկանների ներգրավվածության մասին փաստերի է տիրապետում նաև Ռուսաստանը: Այդ մասին հայտարարել է նաև աղբյուրը ԱՄՆ պաշտպանության նախարարությունից: Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը նշել է, որ Դամասկոսը կարող է հաստատել՝ Թուրքիան Սիրիայից Ղարաբաղ է ուղարկել ջիհադականների:

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]