Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ազգային կինոկենտրոնը Մոսկվայի կինոփառատոնին կոչ է արել ծրագրում վերականգնել «Դրախտի դարպասը» ֆիլմը

Ազգային կինոկենտրոնը Մոսկվայի կինոփառատոնին կոչ է արել ծրագրում 
վերականգնել «Դրախտի դարպասը» ֆիլմը

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախագահ Շուշանիկ Միրզախանյանը նամակ է հղել Մոսկվայի միջազգային կինոփառատոնի նախագահ Նիկիտա Միխալկովին` կոչ անելով կինոփառատոնի ծրագրում վերականգնել Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» կինոնկարը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Միրզախանյանը շեշտել է, որ Հայաստանի ազգային կինոկենտրոնը ցավով և հիասթափությամբ է ընդունել այն լուրը, որ հայ կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմը, որը  կինոկենտրոնի պետական ֆինանսավորում է ստացել (2018-2019թթ.), հանվել է Մոսկվայի միջազգային կինոփառատոնի ծրագրից:

Միրզախանյանը գրել է, որ անթույլատրելի և անընդունելի է համարում ֆիլմի` կինոփառատոնին մասնակցելու ավելի վաղ հաստատված հրավերի չեղարկումը: «Վստահ ենք, որ այդ մակարդակի կինոփառատոնը չպետք է քաղաքականությունը խառնի արվեստին: Յուրաքանչյուր գրաքննություն, որը, հնարավոր է, ընդունված է  այլ խաղացողների ճնշման տակ, կարող է վնասել կինոփառատոնի հեղինակությանը և ստիպել կասկածել կազմակերպիչիների անկախությանը: Կարծում ենք` «Դրախտի դարպասը» ֆիլմը պետք է վերականգնվի 42-րդ կինոփառատոնի ծրագրում»,-ասված է նամակում:

Միրզախանյանը վստահություն է հայտնել, որ Միխալկովը թույլ չի տա, որ «Դրախտի դարպասը» կինոնկարը, որը չի քարոզում բռնություն և ագրեսիա, դառնա քաղաքական խաղերի  և մանիպուլացիաներին թիրախ` ուղղված արվեստի դեմ:

Ավելի վաղ «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը նշել էր, որ Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմը Մոսկվայի միջազգային կինոփառատոնի ոչ մրցութային ծրագրից հանելու գործում տեսնում է Ադրբեջանի միջամտությունը:

Նա շեշտել էր, որ պահանջելու են պարզաբանում, որովհետև մեծ ակնկալիքներ ունեն փառատոնի ղեկավարներից, կարծում են, որ ոչինչ չի կարող ստիպել նրանց նման սադրանքի գնալ:

«Դրախտի դարպասը» ֆիլմի գլխավոր հերոսը եվրոպացի լուսանկարիչ-լրագրող է, որը փորձում է սահուն գործունեություն ծավալել, բայց «սայթաքում է», ինչը վերածվում է դրամայի: 2016 թվականին նա վերադառնում է Արցախ՝ լուսաբանելու քսաներկու տարվա ընդմիջումից հետո վերսկսված պատերազմը։ Լրագրողական հետաքննության արդյունքում ծանոթանում է երիտասարդ օպերային երգչուհի Սոֆիա Մարտիի հետ։ Ռոբերտի և Սոֆիայի հաճախակի հանդիպումները արթնացնում են փոխադարձ սիրո զգացմունքը, սակայն պարզվում է, որ Սոֆիան անհայտ կորած ֆոտոլրագրող Էդգար Մարտիրոսյանի աղջիկն է, որին 1992 թվականին՝ Թալիշի անկման օրը, Ռոբերտը թողել է գյուղում՝ գերեվարության մեջ, ապա յուրացրել նրա՝ մարտի դաշտում արված լուսանկարները:

Ֆիլմի գլխավոր դերերում  հանդես են եկել գերմանացի հայտնի դերասան Ռիխարդ Զամելը, Տատյանա Սպիվակովան՝ Ֆրանսիայից, Լեոնարդաս Պոբեդոնոսցովասը՝ Լիտվայից, Սոս Ջանիբեկյանը՝ Հայաստանից, Նաիրա Զաքարյանը՝ ԱՄՆ-ից:

«Դրախտի դարպասը» կինոնկարի երևանյան պրեմիերան տեղի է ունեցել 2019 թվականի հոկտեմբերի 17-ին:

Անժելա Համբարձումյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am