ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանի Արտաքին գործերի նախկին նախարար, ՍԻՐԻԶԱ-Առաջադեմ Դաշինք կուսակցության պատգամավոր Գեորգի ԿատրուգալոսըԱդրբեջանին կոչ է անում անհապաղ դադարեցնել իր ագրեսիվ գործողությունները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կատրուգալոսն այս մասին գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում ՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Արցախի ուղղությամբ սանձազերծված ռազմական գործողություններին:
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության բռնկումը սպառնում է ողջ տարածաշրջանի խաղաղությանը: Ադրբեջանը պետք է անհապաղ դադարեցնի իր ագրեսիվ գործողությունները, և կողմերը պետք է ինքնազսպվածություն ցուցաբերեն` Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունները վերսկսելու համար»,-նշել է Կատրուսգալոսը:
Նա շեշտել է նաև, որ երրորդ ուժերը, ինչպիսին է Թուրքիան, պարտավոր են նպաստել երկխոսությանը վերադառնալուն ու չսրել լարվածությունը:
Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով առաջին զոհերը եղել են Մարտունու շրջանում՝ մեկ կին և մեկ երեխա: Նախնական տվյալներով հայկական կողմն ունի 31 զոհ և կա շուրջ 200-ից ավելի վիրավոր՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներ, ներառյալ Ստեփանակերտում։
Հայաստանի Հանրապետությունում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։
Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային մոտ 200 կորուստ:Ադրբեջանական զինուժն ընդհանուր առմամբ կորցրել է 4 ուղղաթիռ, 27 ԱԹՍ, 36 տանկ և հետևակի մարտական մեքենա, ինչպես նաև 2 ինժեներական զրահամեքենա և 11 զրահատեխնիկա: Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումների կողմից նախկինում կորցրած մի շարք դիրքերի վերականգնման արդյունքում հակառակորդի մի քանի տասնյակ դիակներ գտնվում են հայկական կողմում։
Պատրաստեց Աննա Գրիգորյանը