Հասարակական

Մեկնարկել է Սեւան-Գոմաձոր-Ցամաքաբերդ միջհամայնքային ճանապարհի շինարարությունը

3 րոպեի ընթերցում

Մեկնարկել է Սեւան-Գոմաձոր-Ցամաքաբերդ միջհամայնքային ճանապարհի շինարարությունը

ԳԱՎԱՌ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեւան քաղաքի համար մեկնարկում է ճանապարհաշինական ամենակարեւոր ծրագրերից մեկը, որին բնակիչները սպասել են տասնամյակների ընթացքում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, ծրագիրն ընդգրկված է Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ կնքված «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագրի շրջանակներում:

Ծրագրի շրջանակում, ի թիվս հանրապետության 12 ճանապարհների, վերականգնվելու է նաեւ Մ-4 Ցամաքաբերդ-Գոմաձոր 5,3 կիլոմետրանոց ճանապարհահատվածը։ Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Ճանապարհ» ՍՊԸ-ն: Աշխատանքները ներառում են գոյություն ունեցող ենթահիմքի քանդում եւ նոր ենթահիմքի կառուցում, նոր խճային հիմքի կառուցում, հարթեցնող շերտի տեղադրում, ասֆալտբետոնե շերտի տեղադրում եւ այլ աշխատանքներ։ Ջրահեռացումն ապահովելու համար նախատեսված է նոր խողովակների տեղադրում, հների նորոգում, նաեւ հենապատերի նորոգում: Հետիոտնի անվտանգությունն ապահովելու համար նախատեսվում են մայթեր եւ արհեստական խոչընդոտների կառուցում: Կտեղադրվեն արգելափակոցներ, կիրականացվեն գծանշումներ:

Հիշյալ ճանապարհահատվածը, որն ունի կարեւորագույն նշանակություն, տասնամյակներ շարունակ եղել է համայնքային առաջնահերթություններից մեկը:

Ծրագրի իրականացման պայմանագրային արժեքը կազմում է 801 միլիոն դրամ: Այժմ ընթանում են հողային աշխատանքներ: Շինարարական աշխատանքները նախատեսված է ավարտել ութ ամսվա ընթացքում: Ասֆալտապատվող շերտի մակերեսը կկազմի շուրջ 37 հազար քառակուսի մետր: Սեւանի քաղաքապետարանից ստացված տեղեկատվության համաձայն՝ օրերս Սեւան համայնքի Գոմաձոր թաղամասում հրավիրված հանրային լսման մասնակիցները` Գոմաձոր, Ցամաքաբերդ թաղամասերի բնակիչները, Սեւանի համայնքապետարանի, համայնքի ավագանու ներկայացուցիչները, շահագրգիռ անձինք, հնարավորություն են ունեցել՝ ծանոթանալու ծրագրային բաղադրիչներին, ինչպես նաեւ բարձրաձայնելու իրենց հուզող մի շարք հարցեր: «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները մանրամասն ներկայացրել են ծրագիրը:

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում