Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Մանկատան 163 շրջանավարտների հատկացված բնակարանները սեփականության իրավունքով կնվիրաբերվի նրանց

Մանկատան 163 շրջանավարտների հատկացված բնակարանները սեփականության 
իրավունքով կնվիրաբերվի նրանց

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը 2003-2015 թթ. ընթացքում ՀՀ մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին հատկացված բնակելի տարածությունը կամ բնակարանները նվիրաբերում է դրանք զբաղեցրած  մանկատան 163 շրջանավարտներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին որոշումն ընդունվեց գործադիրի նիստում: 

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նշեց, որ բնակարանները տրամադրվել էին անհատույց օգտագործման իրավունքով` 10 տարի ժամկետով: «Պայմանագրով նախատեսվում էր, որ հետագայում բնակարանը կարող էր մասնավորեցվել կամ տրվել վարձակալության, չնայած դրան՝ մանկատան շրջանավարտների դիմումներին ընթացք չէր տրվել և շրջանավարտներից երեքի զբաղեցրած բնակարանների շենքերի նախնական վիճակը դեռևս 2003-2004 թթ., այսինքն՝ մինչ պայմանագիր կնքելը, գնահատվել է 3-րդ աստիճանի վնասվածության, ուստի նախագծով առաջակվում է այս շահառուներին տրամադրել բնակարանի գնման վկայագիր՝ պայմանով, որ կհանձնեն նախկինում իրենց հատկացված տարածքը»,- ասաց Բաթոյանը՝ ավելացնելով, որ հերթական ցուցակում ներառված, սակայն բնակարան չստացած մնացած շահառուների համար 2019 թվականին մեկնարկել է բնակարանների գնման վկայականներ գնելու գործընթացը, արդյունքում շրջանավարտներին հնարավորություն է տրվում ձեռք բերել բնակարան սեփականության իրավունքով: 

«Նույն կարգավիճակով անձինք հայտնվեցին անհավասար պայմաններում, նախագծի ընդունմամբ կվերացվի այս անհավասարությունը և կամբողջացնի 1991-2019 թթ. մանկատան շրջանավարտների բնակարանային խնդիրների լուծումը»,- ասաց նա:

 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ ճի՞շտ է հասկանում, որ մինչև 2019 թվականը ներառյալ, մանկատների բոլոր շրջանավարտներին, ովքեր չունեն բնակարան, տրամադրվելու է բնակարան:

Զարուհի Բաթոյանը դրական պատասխան տվեց՝ ավելացնելով, որ բոլոր այն քաղաքացիները, որոնք շրջանավարտ են եղել 1991- 2019 թվականը, չունեն սեփականություն, կունենան բնակարան: 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ շեշտը պետք է դրվի մանկատան սաների պատշաճ կրթություն ունենալու իրավունքի վրա: «Երկու օր առաջ քննարկել ենք այդ հարցը, թե կոնկրետ ինչ միջոցներ պետք է ձեռնարկենք: Մեր խնդիրը չպետք է լինի մեր մանկատան սաներին բնակարան տալը, մեր խնդիրը պետք է լինի այն, որ մանկատան սաներին շրջանավարտ դառնալու պահին և հետագայում էլ կրթական այնպիսի հմտություններով կարողանանք օժտել, որ նրանք մեկ-երկու տարի, հնարավոր է, վարձակալության փոխհատուցում ստանան, ապա իրենք իրենց աշխատանքով բնակարան ձեռք բերեն: Իրականում բնակարանով մենք հարց չենք լուծում, եթե հետագայում գնանք այս դեպքերի հետևից, կտեսնենք, որ բնակարան տվել ենք, դա լավ է հնչում, «յուղոտ» վերնագիր է, իսկ իրականում դա հարց չի լուծում»,- ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այստեղ պետք է գտնել ճիշտ լուծում: «Ճիշտ լուծումը մարդու անհատական հատկանիշները զարգացնելու, տաղանդը, աշխատունակությունը, աշխատանքի շուկայում նրանց մրցունակությունը բարձրացնելու մեջ է, մնացած բոլոր ճանապարհները գուցե լավ են հնչում, ականջահաճո են, իրականում դրանք արդյունավետ ճանապարհներ չեն: Դրանք ավելի արդյունավետ են քաղաքական գործիչների համար քաղաքական դիվիդենտներ շահելու իմաստով, իսկ շահառուների համար այդքան էլ արդյունավետ չեն»,-  ընդգծեց գործադիրի ղեկավարը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am