Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Խոշոր ծրագրեր են իրականացվելու Արցախում, որոնք 10-15 հազար աշխատատեղ կստեղծեն․ Արայիկ Հարությունյան

Խոշոր ծրագրեր են իրականացվելու Արցախում, որոնք 10-15 հազար աշխատատեղ 
կստեղծեն․ Արայիկ Հարությունյան

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ներկայացրել է Արցախում իրականացվելիք առաջնահերթ ծրագրերը:  «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Արայիկ Հարությունյանը մամուլի 6-րդ առցանց լսարանում  «Արցախ. Նորօրեայ Մարտահրավերներ և Իրագործումներ» թեմայով քննարկման ընթացքում նշել է, որ առաջինը ճանապարհաշինությունն է, հետո բնակարանաշինությունը, գյուղատնտեսության զարգացումը և վեամշակվող արդյունաբերությունը։

Արցախի Հանրապետության նախագահն առցանց քննարկման ընթացքում հանդես է եկել ելույթով:  «Արմենպրես»-ը ներկայացնում է իրադարձության վերաբերյալ մամուլի հաղորդագրությունը.

«Տարբեր երկրների շուրջ 65 մասնակիցներով կազմված առցանց հարթակը ինչպես միշտ ձեռնհասությամբ  վարեց՝ լիբանանահայ ծանոթ մտավորական, Հայկազյան Համալսարանի Հայագիտական Հանդեսի պատասխանատու խմբագիր և նույն համալսարանի Սփյուռքի Ուսումնասիրության կենտրոնի տնօրեն՝ Դոկտ. Անդրանիկ Դաքեսյանը։

«Զարթոնք» օրաթերթի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանն իր խոսքում երախտագիտություն հայտնեց Արցախի նախագահին առցանց լսարանում ելույթ ունենալու համար և խոսքը փոխանցեց Դոկտ․ Անդրանիկ Դաքեսյանին։

Դոկտորն իր հերթին, պատասխանելով Նախագահ Հարությունյանի՝ լսարանին ուղղված որպիսության վերաբերյալ հարցին, նշեց, որ իրենք լավ են այն ժամանակ, երբ հզոր է Արցախը, Մայր Հայաստանը։ Երկար չսպասեցնելով Նախագահին ու ներկաներին, Դոկտ․ Դաքեսյանը անմիջապես խոսքը փոխանցեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին։

«Արցախի ներքին կյանքը, անկախ կորոնավիրուսային վտանգներից, շատ նորմալ է։ Արցախը դեռ կարողանում է դիմակայել վարակին։ Հաստատված դեպքերը մեզ մոտ շատ քիչ են, մահացություններ չունենք, փառք աստծո, տնտեսությունն էլ շարունակում է զարգանալ»,- այս փոքրիկ տեղեկատվական նյութով իր խոսքը սկսեց Արայիկ Հարությունյանը։

Նախագահը հակիրճ անդրադարձավ այն բոլոր ծրագրերին, առաջնահերթություններին, որոնք իրենց առջև դրել են։ Մինչ այդ, Հարությունյանը շեշտեց, որ իրենք պատրաստակամ են ու հնարավորություն ունեն 100-150 ընտանիք ընդունել Լիբանանից, ովքեր հայրենադարձվել են։ «Մեր առաջիկա հիմնական խնդիրն է լինելու ժողովրդագրական վիճակի բարելավումը։ Այս համատեքստում նշեմ, որ մենք պատրասատակամ ենք ամենայն հոգատարությամբ Լիբանանից ընտանքիներ ընդունել Արցախում։ Մի քանի հարյուր ընտանիք ընդունելու հնարավորությունը և պատրաստակամությունը կա այս պահին։ Սակայն, նշեմ, որ մեր նպատակն է փորձել այն ընտանիքներին հետ վերադարձնել Արցախ, որոնք ժամանակին տեղափոխվել են այլ երկրներ, մանավանդ Ռուսաստան։ Դրանով կփորձենք նպաստել ժողովրդագրական աճին»,- ասաց Նախագահը։

Խոսելով մարտահրավերների մասին, Արայիկ Հարությունյանը կարևորեց հետևյալը։ Հայ-ադրեջանական սահմանին վերջին օրերին տեղի ունեցած դեպքերին Թուրքիայի միջամտությունը մեծ մարտահրավեր է, որը գնալով խորանում է։ «Դուք տեսաք օրեր առաջ Տավուշում հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած դեպքերին Թուրքիայի միջամտությանը։ Ամբողջ աշխարհը այսօր հասկանում է, որ Թուրքիան շատ լուրջ և մեծամասշտաբ ծրագրեր ունի տարածաշրջանում։ Թուրքիայի պանթուրքիզմի գաղափարին խանգարում է Հայաստանը և Արցախ աշխարհը։ Այդ ծրագիրն իրականացնելու համար Թուրքիան ավելի է խորացնում իր հարաբերությունները Ադրբեջանի հետ։ Այսօր Նախիջևանում ընթանում են զորավարժություններ, որին մասնակցում է նաև թուրքական բանակը։ Սա ուղերձ է Հայաստանին, ամբողջ աշխարին, որ Թուրքիան չի պատրաստվում տարածաշրջանից այդքան հեշտ հեռանալ։ Ավելին՝ չի բավարարվում եղած հնարավորություններով»,- ասաց նախագահը։

Հայկական երկրորդ պետության ղեկավարի խոսքով՝ բանակի հետ կապված իհարկե կան խնդիրներ, բայց դրանք օր օրի ավելի քիչ են դառնում, ամեն օր ամրապնդվում է մեր անվտագությունը։ «Այս հանդիպումից ժամեր առաջ էլ մասնակցել եմ հրամանատարական դասընթացների մասնակցած անձնակազմի հետ ու քննարկել ենք բանակն էլ ավելի ուժեղացնելու ծրագրերը։ Ցանկացած իրավիճակում մենք ոչ միայն հաղթող ենք, այլ առաջիկայում ևս ունենալու ենք փայլուն արդյունք։ Այն ծրագրերը, որոնք մեր առաջ դրված են ու իրականացվելու են, թույլ են տալիս ինձ նման հայտարարություններ անել»,- ընդգծեց Արայիկ Հարությունյանը։

Բանախոսի խոսքով՝ բանակաշինության ծրագրերի իրականացման համար նախևառաջ պետք է ունենալ հզոր տնտեսություն և՛ Հաաաստանում, և՛ Արցախում։ «Հայաստանում COVID-19-ով պայմանավորված իրավիճակը փոքր-ինչ այլ է, դեպքերը շատ են։ Մինչև Տնտեսական ցուցանիշները ևս նվազում են։ Այս տարի մոտ 5 տոկոս տնտեսակաան անկում է նկատվում, մինչև տարեվերջ հավանաբար ավելի կմեծանա։ Սա ևս խանգարող հանգամանք է։ Մյուս տարի պետք է փորձենք վերականգնել ՀՀ տնտեսությունը, որը շատ կարևոր է բանակի հզորության տեսանկյունից»,- իր խոսքում նշեց Նախագաահը։

Խոսելով Արցախում իրականացվելիք առաջիկա ծրագրերի մասին, Արցախի նախագահը ներկայացրեց մի քանի առաջնահերթություններ՝ առաջինը ճանապարհաշինությունն է, հետո բնակարանաշինությունը, գյուղատնտեսության զարգացումը և վեամշակվող արդյունաբերությունը։

«Գյուղատնտեսության զարգացման առումով շատ հետաքրքիր առաջարկ ենք ներկայացնելու։ Ի դեպ՝ նշեմ, որ նմանատիպ ի հանդիպում էլ ունեցել եմ Artsakh Roots Investment (ARI) նախագծի ներկայացուցիչների հետ։ Նմանատիպ մի ծրագիր էլ շուտով Արցախում ենք անելու։ Նռան, արքայանարինջի, կիվիի մեծ քանակությամբ ինտենսիվ այգիներ ենք տնկելու։ Այնպիսի մրգեր, որոնք մեծ պահանջարկ ունեն նաև Ռուսաստանում։ Ներդրումային ծրագրերում հնարավորություն ենք տալու մեր Սփյուռքի հայրենակիցներին ևս մասնակացել։ 5 տարվա համար 10 հազար դոլարի ներդրում է պահանջվում, որից հետո կլինի մեծ շահույթ։ Հողի սեփականության  հնարավորություն ենք տալու արտասահմանում բնակվող մեր հայրենակիցներին։ Ապրելով դրսում, վճարելով այդ գումարը, մեր հայրենակիցները կկարողանան ստանալ սեփակաանության վկայական, հետևել աշխատանքներին։ 100 մլն դոլարանոց ներդրումային ծրագիր է սա, որը շուտով ներկայացնելու եմ։ Սա ապահովելու է տնտեսական մեծ աճ։ Արտաադրված պտուղն էլ վերամշակման կարիք է ունենալու։ Այստեղ մեր հաջորդ քայլը լինելու է վերամշակման ուղղությամբ։ Տնտեսության զարգացման տեսանկյունից մենք մեծ կարևորություն ենք տալիս նաև անասնապահությանը, ոչխարաբուծությանը։ Հետագայում հնարավորություն ենք ունենալու դեպի արաբական աշխարհ արտահանում կատարել»,- ներկայացրեց Արայիկ Հարությունյանը։

Նա նաև խոսեց բարեգործական ծրագրերի, դպրոցների, մանկապարտեզների կառուցման, գույքի ձեռք բերման, Արցախում առողջապահական, կրթական համակարգը լիովին անվճար դարձնելու և առհասարակ սոցիալական ծրագրերի մասին։ «Կրթությունը մեր ապագան է։ Որակյալ կրթություն ունենալու համար մենք պետք է ունենանք լավ պայմաններ։ Մանավանդ Արգենտինայի մեր հայությունը շատ է մասնակցել նման բարեգործական ծրագրերի։ Արցախում առողջապահությունը, կրթությունը լինելու է անվճար, պետությունն է փոխհատուցելու։ Արցախում բոլոր ընտանիքները ունենալու են առանձին բնակարանի հնարավորություն։ Բնակարանաշինությունը պետք է այնքան ակտիվանա, որ մենք կարողանանք մեր սփյուռքի հայրնակիցներին այստեղ ապահովել բնակարանով ու աշխատանքով։ Մնացածը կախված է լինելու համաշխարհային իրավիճակից։ Հուսով եմ, որ COVID-19-ը շուտ կնահանջի և մենք հնարավորություն կունենանք հաղորդակցվելու, աշխատելու։ Ես սիրով կայցելեմ Արգենտինա, Եգիպտոս, Բեյրութ, որտեղ չեմ եղել։ Ձեզ ևս սիրով Արցախ եմ հրավիրում, տեղում տեսնելու ու ծանոթանալու կատարվող ու կատարված աշխատանքներին»,- իր ներածական խոսքում ասաց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

Դոկտոր Անդրանիկ Դաքեսյանը շնորհակալություն հայտնեց Նախագահ Հարությունյանին սփյուռքահայերին Արցախում ընդունելու պատրաստակամության համար։ Դաքեսյանը հարց ուղղեց Նախագահին կապված ժողովրդագրական վիճակի, վերաբնակեցման ծրագրերի հետ։ «Բնակեցման ծրագրերը թերևս ակնկալած տեմպերով չեն զարգանում։ Տնտեսությունը շատ լավ է զարգանում, բայց Սփյուռքը շատ ավելին է ակնկալում։ Ի՞նչ խոչընդոտներ կան այդ ծրագրերն իրականացնելու հարցում։ Սփյուռքն այդ հարցում ի՞նչ կարող է անել»,- հարց ուղղեց Դոկտ Անդրանիկ Դաքեսյանը։

Արայիկ Հարությունյանը պատասխանեց, նշելով՝ հայրենադարձության, վերաբնակեցման համար կամ մի ծանր խնդիր՝ ֆինանսական վիճակը։ «Այսօր Արցախում բնակարանային լուրջ խնդիր կա։ Բոլոր բնակավայրերում, այդ թվում Ստեփանակերտում ազատ տուն չկա, որ տրամադրենք։ Իսկ, եթե մենք գնում ենք նման ծրագրերի իրականացմանը, պետք է առաջին հերթին տուն կառուցենք։ Ցավոք չունեինք այդ հնարավորությունները։ Միայն մեկ տուն կառուցելու համար 40 հազար դոլար է հարկավոր։ Դրան գումարած այլ անհրաժեշտությունները, գումարն ավելանում է։ Ովքեր գալիս են Արցախ, այնքան էլ ունևոր չեն լինում։ Մեկ հոգի Արցախ բերելու համար առնվազն 10-12 հազար դոլար գումար է անհրաժեշտ։ Սա է միշտ եղել խնդիրը։ Բայց այսօր գոնե մի քանի հարյուր ընտանիք ի վիճակի ենք ընդունել, ավելի շատ չենք կարող։ Սփյուռքը պետք է մասնակցի»,- ասաց Հարությունյանը։

Անդրանիկ Դաքեսյանը դիտարկում արեց, որ միայն տուն ունենալը բավարար չէ, պետք է այդ ընտանիքները նաև աշխատեն, արտադրեն, հետևաբար՝ հարց ուղղեց տնտեսական առումով ի՞նչ ծրագրեր կան։ Նախագահը ներկայացրեց, որ շինարարության, գյուղատնտեսության, ծառայությունների մատուցման ոլորոտներում  հնարավորություն ունեն այդ մարդկանց աշխատանքով ապահովելու։ «Մի քանի հարյուր կամ հազար ընտանիքի հնարավորություն ունենք աշխատանքով ապահովելու։ Հետագայում մեծ ծրագրեր ունենք տնտեսության զարգացման, որը հետագա 4 տարում հնարավորություն կտա լրացուցիչ 10-15 հազար աշխատատեղ ստեղծելու։ Մանավանդ գյուղատնտեսության ոլորտում։ Եթե տուն կառուցելու ֆինանսական միջոցներ ունենանք, աշխատանքով ապահովելու հնարավորություն մենք կստեղծենք»,- մանրամասնեց նախագահ Հարությունյանը։

Դրան ի պատասխան Անդրանիկ Դաքեսյանը նշեց, որ Արցախը շատ զորավոր վարկ ունի Սփյուռքում, Սփյուռքը հավատում է Արցախին ու այդ առումով հնարավոր է լուրջ քայլեր ձեռնարկել։ Դաքեսյանը, համադրելով լսարանի կողմից հնչեցված հարցերը, Նախագահից հետաքրքրվեց Սփյուռքի հետ կապերի մասին, Արցախի միջազգային դիրքի ու հնարավորությունների մասին։ «Միջազգային որևէ հնարավորություն չունենք, բայց Սփյուռքի հետ կապ ունենք, իհարկե։ Մենք ունենք ներկայացուցչություններ Բեյրութում, ԱՄՆ-ում, Մոսկվայում, Փարիզում, Բեռլինում։ Մենք Հայաստան համահայկական հիմնադրամի խողովակներով կարողանում ենք հնարավորություն տալ Սփյուռքին ոչ միայն բարեգործություններ անել այստեղ, այլև գտնվել Արցախում, կապ ստեղծել, շփվել։ Մենք շատ ենք կարևորում Սփյուռքի հետ կապը։ Դրա համար ստեղծել եմ «Հայաստանի հետ ինտեգրման ու Սփյուռքի հետ զրագացման կոմիտե»։ Համաճարակի ավարտից հետո շատ ավելի ենք ակտիվացնելու Սփյուռքի հետ կապը»,- ասաց Արցախի նախագահը։

Ներկաներին նաև հետաքրքրում էր, թե Արցախի տարեկան բյուջեն ինչպե՞ս է բաժանվում ոլորտների միջև, որոնք են առաջնահերթ համարվող ոլորտները։ «Արցախի տարեկան բյուջեն 225-230 մլն դոլար է։ Ավելացնելու ենք մինչև 260 մլն դոլար։ Այն ուղղվում է բոլոր ոլորտներին՝ առողջապահություն, բնակարանաշինություն, ճանապարհաշինություն։ Այս տարի, իհարկե, տնտեսական աճը շատ մեծ չի լինի, կարող 0 տոկոս լինել, բայց մյուս տարի կանխատեսվում է 10 տոկոսից ավել աճ։ 2007-2020 թվականին մեր ՀՆԱ-ն կազմել է  10 տոկոս։ Առաջիկա 5 տարիներին մենք պլանավորում ենք պահպանել սա, ինչը նշանակում է, որ 5 տարի հետո մեր բյուջեն լինելու է 400-500 մլն դոլար։ Դա մեծ թիվ է լինելու Արցախի համար։ Այսօր ես համարձակվում եմ ասել, որ 100-150 ընտանիք կարող ենք ընդունել, տարիներ առաջ չէի համարձակվի։ Իսկ եթե Սփյուռքը մասնակցի, ավելի մեծ ծրագրեր կարող ենք իրակաանացնել։ Մեր ամենամեծ խնդիրը ժողովրդագրությունն է։ Դրա համար մենք պետք է շատ տուն կառուցենք ու մեր հայրենակիցներին հնարավորություն տանք գալ և Արցախում ապրել»,- հարցին պատասխանեց Արայիկ Հարությունյանը։

 

Դաքեսյանի կողմից ուղղված հարցին, արդյո՞ք ճիշտ է տպավորությունը, թե ամբողջ ուշադրությունը Ստեփանակերտի վրա է, Նախագահը պատասխանեց՝ եթե տիեզերքից նայեք, Արցախի ամեն հատվածում շինարարություն է ընթանում և ուշադրությունը միայն Ստեփանակերտի վրա չէ․ «Ճանապարհներ են կառուցվում Շահումյանի, Քարվաճառի, Լաչինի ու մնացած բոլոր տարածքներում։ Տներ ենք կառուցում բոլոր տարածքներում։ Հիմա հակառակը, ավելի շատ ուշադրություն ենք դարձնում ոչ Ստեփանակերտին»։

Լսարանի մասնակիցներին հետաքրքրում էր նաև տավուշյան վերջին իրադարձությունների մասին Նախագահի կարծիքը։ «Ադրբեջանը տեսնում է, որ Արցախում հաջողություն շանսեր չունի, քանի որ Արցախի բանակը շատ հզոր է ու մարտունակ։ Դրա համար փորձեց ինչ-որ հաջողություն արձանագրել Հայաստանի սահմանին, որը Ալիևին կտար քաղաքական ավելի մեծ հնարավորություն։ Այսօր Ադրբեջանում սոցիալական, քաղաքական վիճակը վատ է, նավթի գները նվազում են։ Ներքին կայունությունը և իշխանությունը պահելու համար նա երկու ճանապարհ ունի՝ կա՛մ նման փոքր մարտական գործողություններով հաջողություններ արձանագրել ու իշխանությունը պահել, որն, ինչպես տեսաք, Տավուշում չհաջողվեց։ Կա՛մ լայնամասշտաբ պատերազմ, որի ռիսկսն ավելի մեծ է։ Ես հաշվարկներ եմ անում, առաջիկայում կհրապարակեմ։ Վերջին 10–12 տարվա ընթացքում մոտ 250-300 մլրդ դոլար են ունեցել նավթից։ Բայց այսօր չունեն մարտունակ բանակ, սոցիալապես զարգացած երկիր, չունեն ոչ մի բան։ Ալիևյան կլանն այս տարիների ընթացքում մսխել է նավթային դոլարները՝ ոչ ի օգուտ իրենց ժողովրդի։ Դրա համար պետք է փորձեն իշխանություն պահել»,- տեսակետ հատնեց Արցախի նախագահը։

Գալով Արցախի մշակութային կյանքին, երկրում մշակութային զարգացվածությանը, որը հետաքրքրում էր լսարանին, Արայիկ Հարությունյանը նշեց՝ համայնքներում մշակութային, համայնքային տներ, թանգարաններ են կառուցել, շարունակում են կառուցել։ «Մշակույթը զարգանում է։ Շուշիում ունենք թանգարան, լավ է, զարգանում է։ Ուզում եմ մեկ լավ լուր ևս հայտնել ձեզ կապված Շուշիի հետ։ 2022 թվականի մայիսի 9-ին Հաղթանակի 30-ամակի կապակցությամբ ցանկանում ենք Ազգային ժողովը տեղափոխել Շուշի։ Ես ադ ծրագիրն արդեն մշակել եմ։ Ի դեպ, հիշում եք՝ Ադրբեջանում լավ չէին զգում, երբ իմ երդմնակալության արարողությունը տեղի ունեցավ Շուշիում։ Այդ առումով իրենց համար հաջորդ լուրը կլինի 2022 թվականին Ազգային ժողովը Շուշի տեղափոխելու որոշումը։ Սա շատ խելոք քայլ է լինելու։ Մեծ ուշադրություն ենք դարձնում սպորտին ու մշակույթին»,- ասաց Նախագահը։ Այս համատեքստում Նախագահը նաև նշեք, որ քայլեր են ձեռնարկում համայնքներն ավելի ինքնուրույն դարձնելու համար, տեղական ինքնակառավարման կամակարգը զարգացնելու ուղղությամբ։ «Մի քանի տարուց կունենանք տարածքային կառավարման զարգացած համակարգ»,- ասաց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը և ժամանակի սղության պատճառով չկարողացավ ավելի երկար խոսել։ Նախգահը շնորհակալություն հայտնեց ներկաներին հարցերի, քննարկման համար։ Իրենց հերթին Դոկտոր Անդրանիկ Դաքեսյանը և «Զարթոնք» օրաթերթի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը շնորհակալություն հայտնեց Նախագահին նման առիթի համար։

Առցանց լսարանի մասնակցիների հետ արդունավետ քննարկումը շարունակեց Մերձավոր արևելքում Արցախի ներկայյացուցիչ դեսպան, Հայ սև գոտիների միության և ԱՀ  Ուշուի ֆեդերացիայի հիմնադիր, Արևելյան մարտարվեստների վարպետ Մաստեր Կարոն՝ Կարո Քեբաբջյանը, ով 30 տարի է շփման մեջ է Արցախի հետ, այնտեղ զբաղվում է բիզնեսով։ Պարոն Քեբաբջանը Արցախում առաջին իսկ օրվանից նյութական ներդրում է կատարել։ Սփյուռքի հայրենակիցների հետ պարոն Քեբաբջյանը ավելի մանրամասն խոսեց Արցախում ներդրումային դաշտի մասին, թե ինչպես կարելի է գնալ Արցախ, ներդրում կատարել, իհարկե, շահույթ ստանալ ու այդպիսով զարգացնել Արցախը։ Ի դեպ՝ նշենք, որ Քեբաբջյանը իր ընկերների հետ տարիներ առաջ Շուշիի գողտրիկ ու գեղեցիկ անկյունում հիմնել են միջազգային ստանդարտներին համապատասխան հյուրանոցային համալիր՝ «Գրանդ հոթել», որն այսօր զբոսաշրջիկների համար սիրելի վայր է դարձել։

Կարո Քեբաբջյանն իր խոսքում ասաց՝ ոորտեղ հայ կա, այնտեղ Արցախն ու Հայաստանն է, այնտեղ Արցախի սահմաններն են։ «Արցախը տիեզերական է, այն կիլոմետրերով չենք կարող չափել։ Պատմությունը ցույց տվեց, որ ո՛չ դոլարը ո՛չ փողը չեն կարող ապահովել հային այլ երկրներոմ։ Հայի իսկական գոյությունը մայր հողի վրա է»,- այս տողերով իր զեկույցը սկսեց Կարո Քեբաբջյանը և հիշեցրեց, որ պետք է մտածել Հայաստանի ու Արցախի մասին, պետք է դրսում ունեցած միլիարդների մի մասը գոնե բերել հայրենիք, այդպիսով դյուրացնելով Հայաստանի, Արցախի, բանակի, ժողովրդի վիճակը»,- ասաց Մաստեր Կարոն։

Բանախոսի խոսքով՝ հայրենասիրությունը միայն խոսքով չէ, պետք է անցնել գործի։ «Ես իմ կյանքում 50 հազար երիտասարդ եմ մարզել ամբողջ աշխարհում։ Բայց մենք այսօր ունենք ուշուի, քունքֆուի աշխարհի չեմպիոններ Արցախից։ Արցախում մենք ունենք ամենահզոր կետը։ Ապրիլյան պատերազմի ժամանակ էլ մեր մարզիկներից մեկը կաարողացավ 7 տանկ խփել։ Հայերն ի ծնե մարտունակ ժողովուրդ են»,- ասաց Քեբաբջյանը։

Գալով իր խոսքի տնտեսական հատվածին, Քեբաբջյանը խոսեց տարիներ առաջ Շուշիում ստեղծած հյուրանոցի ու ներդրումների մասին։ «Մենք կարողացանք մասնագետներ բերել ու զբոսաշրջությունը զարգացնել Արցախում։ Արցախում հնարավոր է ցանկացած ծրագիր իրականացնել։ Բոլոր մասնագետների համար գործ կա՝ բժիշկներ, շինարարներ, բանկային գործի մասնագետներ։ Բոլորի կարիքը ունենք, թող գան։ Բայց պետք է ասեմ, որ Արցախ գալը փոքր-ինչ զոհողություն է պահանջում։ Արցախում պետք է գնալ ու պայքարել։ Պետությունն ամեն ձևով օգնում է։ Հիմա առավել ևս կօգնի։ Այն անձը, ով ուզում է բիզնես դնել Արցախում, պետք է տեղում լինի, ապրի այստեղ։ Հեռվից չի լինի։ Օրինակ, իմ տղան Եվրոպան, Ֆրանսիան թողեց ու եկավ Շուշիում է ապրում։ Ուզում եմ ասել, որ երբ մարդը պատրաստ է, պետք է ամեն ինչ անի։ Հողը պատրաստ է մշակող պետք է»,- ասաց պարոն Քեբաբջյանը։

Բանախոսի խոսքով՝ մարդիկ այսօր միլիոնավոր դրամներ են աշխատում Արցախում, հեկտարներով ցորեն են ցանում, նռան այգիներ տնկում, զբաղվում գյուղատնտեսությամբ, անգամ Երևանից մարդիկ կան, որոնք հաջողակ գործարարներ են։ «Ես ընկեր ունեմ, որ նռան այգիներ ունի, տարեկան 30 հազար դոլար է վաստակում։ Ինքը այլ տեղ էլ է աշխատում։ Վերջես Երևանում Ավստրալիայից 65 տարեկան մարդու հետ ծանոթացա, ասեց երկու զավակներիս հետ պետք է Արցախ գնամ, գյուղատնտես էր, ասեց այսքան հեկտար ծառ պետք է տնկեմ։ Այստեղ անձնական միջոցները ևս կարևոր են։ Միայն չպետք է պետության վրա հույսը դնել»,- կարծիք հայտնեց Կարո Քեբաբջյանը, ապա ավելացրեց՝ գինեգործությունը ևս շատ զարգացած է Արցախում։

Անցած 30 տարիների ընթացքում, երբ սփյուռքահայերը տեղափոխվեցին Արցախ, ըստ Քեբաբջյանի, արցախցին սիրեց, հասկացավ, որ այս հողը բոլորինն է ու սփյուռքահայն էլ պատրաստ է զոհվել այդ հողի վրա։ «Ես միշտ ասում էի, որ մենք օգնենք Արցախին, որ մի օր գալու է, որ Արցախն է մեզ օգնելու։ Շատերը կատակի էին առնում ասածս, բայց այսօր տեսնում ենք»,- նշեց նա։

Պարոն Քեբաբջյանի վստահեցմամբ՝ ցանկացած երկրում դժվար է բիզնեսով զբաղվել, լինում են  հաջողություններ և դժվարություններ։ Եղել են շատ սփյուռքահայեր, որոնք եկել են Արցախ, փորձել են որևէ բիզնեսով զբաղվել, չի ստացվել, հեռացել են՝ ասելով, որ Հայաստանում կաամ Արցախում դժվար է գումար աշխատել։ «Պետք չէ արագ հուսահատվել։ Համոզմունք, կամք ու հավատ է հարկավոր ցանկացած աշխատանք անելու համար»,- ամփոփեց իր խոսքը Կարո Քեբաբջյանը։

Վերջում «Զարթօնք» օրաթերթի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը դարձյալ շնորհակալություն հայտնեց Արցախի Հանրապետության Վսեմաշուք նախագահ՝ Արայիկ Հարությունյանին հետաքրքիր զրույցի ու քննարկման համար։ Նաև շնորհակալություն հայտնեց Պրն. Կարօ Քեբաբջյանին իր տված օգտաշատ տեղեկությունների համար: «Մեր հաջորդ հանդիպմանը խոսելու ենք «Տավուշ. Սահմանապահ Գյուղերի Խնդիրներն ու Հեռանկարները» թեմայով: Բանախոսը լինելու է  Տավուշի  Թեմի Առաջնորդ Գերշ. Տէր Բագրատ Եպս. Գալստանեանը: Շնորհակալ եմ բոլորին մասնակցութեան համար»,- ամփոփեց հանդիպումը Սեւակ Հակոբյանը»։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]