Հասարակական

Գեղարքունիքի մարզում նվազել է ընտանեկան նպաստ ստացողների թիվը

2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզում նվազել է ընտանեկան նպաստ ստացողների թիվը

ԳԱՎԱՌ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզում 2020 թվականի առաջին վեց ամիսների կտրվածքով նվազել է ընտանեկան նպաստ ստացողների թիվը: Ինչպես կիսամյակային աշխատանքային հաշվետվության ժամանակ տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, 2020 թվականի 1-ին կիսամյակում ընտանեկան նպաստի համակարգից օգտվել է 8625 ընտանիք, հրատապ դրամական օգնություն է ստացել889 ընտանիք: Մարզում այս տարի ընտանեկան նպաստ ստացող ընտանիքիների թիվը կրճատվել է 291-ով: Մարզի 4 զոհված զինծառայողների ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման համար տրվել է դրական եզրակացություն:

«Նպաստառու ընտանիքների թվի կրճատումը պայմանավորված է մեր կողմից իրականացված հետեւողական ուսումնասիրությունների արդյունքում:Այն ընտանիքները, որոնք չեն համապատասխանել սահմանված չափորոշիչներին, դուրս են մնացել համակարգից: Փոխարենը մենք շեշտը դրել ենք օժանդակության բազմազան ծրագրերին՝ փորձելով մեղմել սոցիալական լարված իրավիճակը հատկապես արտակարգ դրության պայմաններում: 2020 թվականի մարտ-հունիս ամիսներին, համագործակցելով հասարակական, բարեգործական կազմակերպությունների, հիմնադրամների եւ բարերարների հետ՝ մարզի 8657 անապահով ընտանիքների տրամադրվել է սննդամթերքի եւ հիգիենիկ պարագաների փաթեթներ: Բժշկական ցուցումով ինքնամեկուսացված շուրջ 600 անձանց տրամադրվել է սննդամթերքի եւ հիգիենիկ պարագաների փաթեթներ: Իրականացվել է մշտադիտարկում սննդամթերքի եւ առաջին անհրաժեշտության ապրանքների իրացմամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտների, դեղատների ապրանքատեսակների իրացման գների վերաբերյալ: Այն, որ մարզում արտակարգ դրության այս ժամանակահատվածում գների աճ տեղի չունեցավ, երեւի թե այդ նույն մշտադիտարկումների արդյունքն է: Ամեն դեպքում, սոցիալական քաղաքականությունը բավարար եմ համարում՝ իրավիճակը վերահսկելիության սահմաններում պահելու տեսանկյունից»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց մարզպետ Գնել Սանոսյանը:

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում