Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

«Երևանյան բեսթսելեր». Սյունե Սևադայի գիրքն ամենապահանջվածն է. հայ գրականություն, հունիս, 2020

«Երևանյան բեսթսելեր». Սյունե Սևադայի գիրքն ամենապահանջվածն է. հայ 
գրականություն, հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է հայ գրողների գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ հունիսի վաճառքի տվյալների:

Առաջին հորիզոնականն է զբաղեցնում Սյունե Սևադայի «Կախվածություն» գիրքը: Այս պատմվածքների ժողովածուն ներառում է գրողի վերջին երեք տարվա գործերը։ Ներկայացված են կայքերում հրապարակված, ամսագրերում տպագրված և այլ լեզուներով թարգմանված պատմվածքներ, ինչպես նաև անտիպ գործեր։ Պատմվածքի թեմաները չունեն միասնական ուղղվածություն, որոշները սոցիալական են, որոշները՝ ավելի զգայական, որոշ պատմվածքներ հղում ունեն Արցախյան ազատամարտին։

Երկրորդ տեղում է Լևոն Նեսի (Հովհաննիսյան) «Բալզակ. մի շան պատմություն» գիրքը: Բալզակը խոհեմ և իմաստուն շուն է: Սա անսովոր անուն է շան համար, բայց վերջինս օժտված է անժխտելի գրական ձիրքով, իսկ փաստերին դեմ գնալն անպտուղ գործ է: Հեղինակը փորձել է մարդուն նայել կենդանու`շան աչքերով: Հարցերն ու ոչ այնքան սփոփիչ հետևություններն անխուսափելի են. արդյո՞ք կենդանին երբեմն ավելի բանական չէ, քան մարդը: Գուցե վերջինս պարզապես յուրացրե՞լ է բանական արարածի իր բարձր տիտղոսը: Իսկ բանականությունը, որ մեր տեսակի կայացման նախապայմանն է, արդյոք թույլ տալի՞ս է անվերապահորեն արժանանալ մեր չորքոտանի բարեկամների անսահման նվիրվածությանն ու հավատարմությանը:

Լևոն Նեսի (Հովհաննիսյան) «Ստախոսը» երրորդ տեղում է։ Հաջողակ գործարար, տաղանդավոր նկարիչ, խուզարկու. վեպի «ստախոս» հերոսը տարբեր դիմակներով ճանապարհորդում է Գերմանիայից Ավստրիա, փորձում այս ճանապարհով փախչել ներկայից ու իր ճակատագրից, մոռանալ անցյալն ու երջանիկ լինել։ Արկածային ու գերբնական տարրերով, հոգեբանական նուրբ պատկերներով, հետաքրքիր զարգացմամբ ու անակնկալ ավարտով այս վեպը կլանում է առաջին էջերից ու բաց չի թողնում ընթերցողին մինչև անսպասելի ավարտը։

Վահրամ Սահակյանի «Ծովից ծով դատաստանը» չորրորդ հորիզոնականում է։ Ժամանակակից գրող, բանաստեղծ, թատերագիր, դերասան, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Վահրամ Սահակյանը իր նոր գրքում կիսում է ընթերցողների հետ իր մտորումներով, հուշերով, կանխատեսումներով և բացահայտումներով։⠀

Հինգերորդ տեղում է Վարդգես Պետրոսյանի «Վերջին ուսուցիչը»: Ոմանք նրան տեսել են Եվայի մերկությամբ, ոմանք՝ ծովափնյա, ինչ կա որ: Ոչինչ չէր լինի, եթե այդ պահին դուռը չբացվեր, և անակնկալ ներս չնայեր քիմիայի ուսուցչուհի Սոնա Միքայելյանը: Տեսածը տեսած էր, որ նշանակում է հաջորդ պահին այդ մասին պետք է իմանար տնօրենը, հետո ուսուցչանոցը, հետո ամբողջ դպրոցը…

Ակսել Բակունցի՝ հայ գեղարվեստական արձակի ամենատաղանդավոր ներկայացուցիչներից մեկի երկերն ամփոփող ժողովածուն վեցերորդ տեղում է։: Բակունցի ակնարկներում ու պատմվածքներում պատկերված են հայրենի եզերքն ու մարդիկ: Նրա ստեղծագործությունների վրա… խոշոր անհատականության կնիքն է. այնքան թարմ են և ինքնատիպ…Ժողովածուում ներառված են «Մթնաձոր», «Խոնարհ աղջիկը», «Ալպիական մանուշակ», «Ծիրանի փողը» և այլ գործեր։

Դավիթ Սամվելյանի «Զգուշացե՛ք, դռները չեն փակվում» գիրքը յոթերորդ տեղում է։ Վիպակը բազում խորհրդաշական տարրեր է պարունակում: Այն բաղկացած է 19 գլխից, ինչը վիրուսի անվանման՝ COVID-19-ի հետ է կապված: Գրքի հերոսները հայ և իտալացի երիտասարդներ են. դեպքերը ծավալվում են երեք պետությունում՝ Հայաստանում, Չինաստանում, Իտալիայում: Վիպակն ունի երկու հիմնական ուղղվածություն՝ անձնական հարաբերություններ և համաճարակ, և երբեմն զուգահեռները խաչվում են: Վիպակում գործողությունների ծավալման ողջ ընթացքում հանգուցալուծման բանալիներն առկա են, ընթերցողը պետք է պարզապես ուշադիր լինի վերջաբանը գուշակելու համար:

Ութերորդ տեղում է Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» վեպը: Գործը գրվել է 2008-2009 թթ. ընթացքում, երբ հեղինակը քաղաքական հետապնդումներից խուսափելու նպատակով գտնվում էր ընդհատակում: Վեպի է վերածվել հոդվածաշարը, որը տպագրվել է 2008 թվականի մայիս-դեկտեմբեր ամիսներին «Հայկական ժամանակ» օրաթերթում: «2018 թվականի հունվարին ինձ մոտեցավ մի սկսնակ հրատարակիչ և առաջարկեց կազմակերպել «Երկրի հակառակ կողմը» վեպի տպագրությունը՝ առանձին գրքով։ Ես թերահավատությամբ վերաբերվեցի այդ գործը կազմակերպելու նրա հմտությանը, այնուամենայնիվ, ժամանակ խնդրեցի վեպը կարդալ-խմբագրելու համար։ Վեպի ընթերցումը 10 տարի անց ինձ տակնուվրա արեց պարզապես։ Իմ ներսում մի իսկական փոթորիկ սկսվեց, մի իսկական հեղափոխություն։ Ես հասկացա, որ ժողովրդի հաղթանակի ժամը եկել է…»,- գրում է Նիկոլ Փաշինյանը:

Իններորդ հորիզոնականում է Արմեն Նիազյանի «Բռնիր ձեռքս. ես վախենում եմ» գիրքը: Այն բաղկացած է երեք մասից՝ պատմվածքներից, մտորումներից, բանաստեղծություններից, որոնց ասելիքը հետևյալն է՝ ուշադիր լինել մարդու նկատմամբ, չանտեսել ու չարհամարհել նրանց, ովքեր մեր կարիքն ունեն, բռնել նրանց ձեռքը, ովքեր հայտնվել են անդունդում, և փոխանցել հույսի ու լույսի շողեր։ Համամարդկային արժեքների փունջ ներկայացնող այս գիրքը հեղինակի վերջին տարիների մտորումների, խոհերի ու հաճախ ցավալի իրականության հետ առնչվելու արգասիքն է:

Տասներորդ տեղում է Վարդգես Պետրոսյանի «Քաղաքի կիսաբաց լուսամուտները» : Առաջին հայացքից կարող է թվալ, թե վիպակը նախևառաջ Երևանում 1960-ականներին թափ առած բնակարանային շինարարության մասին է, սակայն գլխավորը կիսաբաց լուսամուտներն են, որոնց ետևում մարդկային ճակատագրեր են: Այսօր էլ ամեն օր բացվում և փակվում են հազարավոր լուսամուտներ, և շարունակվում ու շարունակվելու է մարդու կյանքը հասարակության մեջ ու հասարակության աչքից հեռու, և այսօր էլ կան այն մարդիկ, որոնց հետաքրքրում է կողքի ապրողի անտեսանելի կյանքը, որը երբեմն-երբեմն ի հայտ է գալիս կիսաբաց լուսամուտներից: 

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66) գրախանութների և գրատների ցանցերը:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 0

Սյունե Սևադա

«Կախվածություն»

Էջ 81
2 +1

Լևոն Նես

«Բալզակ. մի շան պատմություն»

Զանգակ 62
3 -1

Լևոն Նես

«Ստախոսը»

Զանգակ 37
4 նոր

Վահրամ Սահակյան

«Ծովից ծով դատաստան»

Արմավ 34
5 -1

Վարդգես Պետրոսյան

«Վերջին ուսուցիչը»

Դարակ 30
6 նոր

Ակսել Բակունց

ժողովածու

Էդիթ Պրինտ 16
7 նոր

Դավիթ Սամվելյան

«Զգուշացե՛ք, դռները չեն փակվում»

Էդիթ Պրինտ 16
8 -3

Նիկոլ Փաշինյան

«Երկրի հակառակ կողմը»

Անտարես 13
9 -2

Արմեն Նիազյան

«Բռնիր ձեռքս. ես վախենում եմ»

հեղ․հրատ 10
10 *

Վարդգես Պետրոսյան

«Քաղաքի կիսաբաց լուսամուտները»

Դարակ 8

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]