Հասարակական

Գունեղ հովանոցներ, լուսավորության նոր համակարգ. Նոր Նորք վարչական շրջանը նոր շունչ է առնում

3 րոպեի ընթերցում

Գունեղ հովանոցներ, լուսավորության նոր համակարգ. Նոր Նորք վարչական շրջանը նոր շունչ է առնում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի Նոր Նորք վարչական շրջանի 2-րդ զանգվածի շատրվանների այգուն հարող հատվածում նորարար լուծումներով ստեղծված ճեմուղին նոր շունչ ու նոր երանգ է հաղորդում տարածքին:

«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ այս մասին ասաց Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Մանուկյանը։

«Վարչական շրջանում մենք ստեղծել ենք գունեղ հովանոցներով ձևավորված ճեմուղի, որը նոր երանգ է հաղորդում տարածքին՝ ստեղծելով հաճելի և ուրախ տրամադրություն: Այդ ճեմուղին ստեղծվել է իմ նախաձեռնությամբ և ընկերներիս աջակցությամբ: Նոր Նորքի 4-րդ զանգվածում ունենք Թումանյան այգի, որը զբաղեցնում է մոտ 2500 քմ տարածք, նաև այդ այգուն հարակից տարածք կա, որը նույնպես 2500 քմ է, սակայն այդ հատվածը զբաղեցրած էր շենքերի բնակիչների կողմից, որտեղ չորացած ծառեր կային և աղբ: Բնակիչների հետ համաձայնության եմ եկել՝ քանդել ենք իրենց կողմից զբաղեցրած այդ տարածքները և նոր այգի ենք կառուցում: Այդ երկու տարածքները միանալու են իրար և դառնալու մեկ ամբողջական այգի»,- նշեց Մանուկյանը:

Նա ընդգծեց նաև, որ իր նախաձեռնությամբ, ինչպես նաև մի քանի տնտեսավարողի ներդրումների արդյունքում Գայի պողոտայի երկու խաչմերուկներում տեղադրվել են ժամանակակից լուծումներով լեդ լուսավորության համակարգեր:

«Նմանատիպ լուսավորությունն իր տեսակի մեջ առաջին անգամ իրականացված այս նախաձեռնությունն է և այն կրելու է շարունակական բնույթ»,- ասաց Նոր Նորքի ղեկավարը:

Նոր Նորքի 4-րդ զանգվածի շենքերից մեկի բնակիչների նախաձեռնությամբ և թաղապետարանի աջակցությամբ քանդվել է 12 ավտոտնակ և տեղում կանաչ գոտի ստեղծվել։

Նոր Նորքում վերջին երկու ամսում Հովհաննես Մանուկյանի ու բնակիչների միջև քննարկումների արդյունքում շենքերի ներսում 15 աղբամուղ է փակվել։

«Աղբամուղերը բազմաբնակարանների սեփականատերերի տնօրինության տակ են, սակայն, չնայած այդ ամենին, մենք խրախուսում ենք դրանց՝ որպես հակասանիտարիայի աղբյուրների, կոնսերվացումը։ Փակվող աղբամուղերի փոխարեն շենքի մոտակայքում տեղադրվել են և կտեղադրվեն անհրաժեշտ քանակությամբ նոր աղբարկղներ»,- ասաց Մանուկյանը։

Նա նաև շեշտեց, որ 2019 թվականին Նոր Նորք վարչական շրջանի բազմաբնակարան շենքերում փոխվել է 2 վերելակ, իսկ ընթացիկ տարում փոխվելու է 59-ը:

Լիլիթ Դեմուրյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում