Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներից մեկի մոտ հայտնաբերվել է COVID-19
ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներից մեկի մոտ հայտնաբերվել է COVID-19. նրա շփման շրջանակը պարզված է։
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։
«Այս պահին մեկ հոգու վարակման մասին տվյալներ ունեմ, նա ղեկավար կազմից չէ։ Վարակված աշխատակցի շփման շրջանակն արդեն պարզված է և մեկուսացված»,- նշեց Կարապետյանը և հավելեց, որ տվյալ աշխատակիցը Երևանի քաղաքապետարանի ղեկավար կազմից չէ։
Նրա խոսքով՝ քաղաքապետարանին կից մի քանի կառույցում նույնպես կան վարակված անձինք։
Հայաստանում հունիսի 2-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 10 009 դեպք, որոնցից 3 427-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6 368 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 59 917 թեստավորում:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 158 դեպք: Արձանագրվել է նաև մահվան 56 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Կառավարությունը մայիսի 14-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի մայիսի 14-ից՝ ժամը 17:00-ից երկարացնել ևս 30 օրով՝ մինչև 2020 թվականի հունիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:
Լիլիթ Դեմուրյան
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում