Հասարակական

Աղջկա մերկ լուսանկարները չտարածելու դիմաց 3 միլիոն դրամ էր պահանջել. շորթումը բացահայտվել է

2 րոպեի ընթերցում

Աղջկա մերկ լուսանկարները չտարածելու դիմաց 3 միլիոն դրամ էր պահանջել. շորթումը բացահայտվել է

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանները բացահայտել են աղջկա մերկ լուսանկարները չտարածելու դիմաց 3 միլիոն դրամ պահանջած 22-ամյա երիտասարդին։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

«Հունվարի 30-ին Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում 17-ամյա մի աղջիկ հաղորդում էր տվել, որ սոցիալական ցանցերից մեկի անհայտ օգտատերը 3 միլիոն դրամ է պահանջել՝ իր մերկ լուսանկարները և տեսանյութերն ընկերներին ու ծանոթներին չուղարկելու համար։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում շորթման հատկանիշներով քրեական գործ հարուցվեց, որն ուղարկվեց Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին՝ նախաքննության։ Նախաքննության ընթացքում քննչական բաժնի, ինչպես և ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքի ծառայողները ձեռնարկեցին տարաբնույթ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ու քննչական գործողություններ։ Ամիսներ տևած հետևողական աշխատանքի արդյունքում իրավապահները պարզեցին անհայտ օգտատիրոջ ինքնությունը` Երևանում բնակվող 22-ամյա մի երիտասարդ էր։ Մարաշի քրեական հետախույզները օրերս կասկածվողին հայտնաբերեցին, բերման ենթարկեցին բաժանմունք, ապա ներկայացրին նախաքննական մարմնին։ Երիտասարդը ձերբակալվեց։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց և առգրավվեց բջջային հեռախոս, որի մեջ հաղորդում տված աղջկա մերկ տեսանյութերն էին։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է»,- նշված է հաղորդագրության մեջ։

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում