1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Աբդուրահման Ֆաթալիբեյլի. Հիտլերի հավատարիմ ադրբեջանցի հրամանատարը

Աբդուրահման Ֆաթալիբեյլի. Հիտլերի հավատարիմ ադրբեջանցի հրամանատարը

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին մեծ թվով ադրբեջանցիներ սերտորեն համագործակցել են նացիստական Գերմանիայի հետ, իսկ ոմանք անգամ նախաձեռնել են Վերմախտի կազմում «Ադրբեջանական լեգիոնի» կազմավորմանը: «Ադրբեջանական լեգիոնի» հիմնադիրներից մեկն էլ եղել է Աբդուրահման Ֆաթալիբեյլին: 

Աբդուրահման Ֆաթալիբեյլին 1939-1940թթ. մասնակցել է սովետա-ֆիննական պատերազմին, որից հետո զբաղեցրել է Լենինգրադի ռազմական շրջանի 6-րդ շտաբի ղեկավարի պաշտոնը: Հայրենական պատերազմի ժամանակ մայոր Ֆաթալիբեյլին գերեվարվել է նացիստական կողմից և  անմիջապես սկսել է համագործակցել նրանց հետ։ Խորհրդային բանակի հրամանատարը, դավաճանելով հայրենիքը, սկսում է ծառայություն մատուցել Երրորդ Ռեյխին:

Պահպանվել է Ա. Ֆաթալիբեյլիի նամակն (1941թ. հոկտեմբերի 19) ուղղված Ադոլֆ Հիտլերին, որում նա իր հավատարմությունն է հայտնում «հզոր գերմանացի ազգի հզոր առաջնորդին»` խնդրելով «թույլատրել ռազմագերիներից կազմակերպել թյուրքական լեգիոն»:

Ա. Ֆաթալիբեյլիի նամակը Ադոլֆ Հիտլերին, 1941թ., հոկտեմբերի 19

Գերմանիայում Ֆաթալիբեյլին հանդիպել է Մամեդ Էմին Ռասուլզադեին, ով գլխավորում էր Ադրբեջանի ազգային կոմիտեն։ Ռասուլզադեն ավելի ուշ գրել է այդ հանդիպման մասին. «Ծանոթացել եմ մի հետաքրքիր, խելամիտ զինվորի հետ։ Նա ոգևորվեց՝ ինձնից լսելով ազգային պայքարի հիմքերի գաղափարների մասին։ Ադրբեջանի ազգային կոմիտեն իր ոչ մի գործողություն չկարողացավ բացատրել գերմանացիներին։ Ադոլֆ Հիտլերը հայտարարում է, որ չի ցանկանում տեսնել և ոչ մի կոմիտե։ Արդյունքում, նա կարգադրեց ստեղծել «Կապի անձնակազմ», որը կօգնի ապահովելու լեգիոնականների կապը բանակների շտաբների հետ։ Ադրբեջանական անձնակազմի ղեկավար նշանակվեց Ա. Ֆաթալիբեյլին»։

Ա. Ֆաթալիբեյլին Խորհրդային բանակի և Վերմախտի համազգեստով:

Ֆաթալիբեյլին և Ռասուլզադեն անմիջական մասնակցություն են ունեցել Վերմախտի կազմում գործող Ադրբեջանական լեգիոնի կազմավորմանը: Եթե Ռասուլզադեն իրականացրել է հիմնականում շտաբային գործառույթներ, ապա Ֆաթալիբեյլին մասնակցել է ռազմական ակտիվ գործողությունների Կովկասում, Ուկրաինայում, Բելառուսում և Լեհաստանում։

Ֆաթալիբեյլին գերմանացի սպա Գլոգերի հետ գլխավորել է առաջին ադրբեջանական 804 գումարտակը, որը 1942թ. սեպտեմբերից գործել է կովկասյան ճակատում և մասնակցել է 800 կմ-ոց ռազմական առաջխաղացմանը՝ Տագանրոգից Պսեբայսկայա: 1943թ․ փետրվարի սկզբին մայոր Գլոգերի և Ֆաթալիբեյի հրամանատարությամբ 804-րդ գումարտակն իր գործողություններով աչքի է ընկել հատկապես  Ստարոկորսունսկայա գյուղի տարածքում տեղի ունեցած մարտերում: Այստեղ ադրբեջանցիները զգալի վնաս են հասցրել  սովետական 153-րդ հետևակային դիվիզիայի 40-րդ և 119-րդ հետևակային բրիգադներին: Ավելի ուշ Կուբանում  իրականացրած մարտական գործողությունների համար ադրբեջանական 804-րդ գումարտակը ստացել է «Ասլան» անվանումը: Իսկ գերմանացի գեներալ-լեյտենանտ Գրայֆենբերգը բարձր է գնահատել ադրբեջանական 804-րդ և 805-րդ գումարտակների գործողությունները՝ նշելով, որ դրանք «հաճախ լիովին ինքնուրույն են գործել և մեծ ներդրում են ունեցել մի շարք տարածքների խաղաղեցման գործում» ։

Ա.Ֆաթալիբեյլիի ղեկավարած 804-րդ («Ասլան») գումարտակի զինվորները Ղրիմում:

Վերմախտի ադրբեջանական ջոկատների կազմավորումից հետո՝ Ֆաթալիբեյլին  փորձել է միավորել բոլոր ադրբեջանցիներին մեկ միասնական ազգային ծրագրի ներքո: 1943թ. նա Գերմանիայում ստեղծել է ադրբեջանական նացիոնալ-սոցիալիստական կուսակցությունը, որին ակտիվորեն անդամակցել են գերմանական բանակի ադրբեջանցի զինվորները։ 1943թ. նոյեմբերին Բեռլինում Ազգային միաբանության մեջլիսի միջնորդությամբ հրավիրվել է Ադրբեջանական համագումար, որի ժամանակ ադրբեջանցի էմիգրանտների կողմից գերմանական կառավարությանը ներկայացվել են մի քանի պահանջներ, օրինակ՝ Ադրբեջանի անկախության ճանաչում, մեկ միասնական ազգային-ազատագրական բանակի մեջ ադրբեջանական բոլոր ուժերի միավորում, ադրբեջանցի զինվորների  իրավունքների հավասարեցում գերմանացիների հետ և այլն: 1944թ․ հուլիսին Ֆաթալիբեյլին հանդես է եկել հայերի և Կովկասի ոչ թուրք ժողովուրդների լիակատար ոչնչացման մասին հայտարարությամբ՝ պաշտոնապես արգելելով ադրբեջանցիներին ամուսնանալ ոչ թուրքական ցեղերի կանանց հետ՝ «թյուրքական ռասայի մաքրությունը» պահպանելու նպատակով։ Այս հայտարարությունները ողջունվել են նաև գերմանացիների կողմից։

Ա.Ֆաթալիբեյլին ելույթ է ունենում Ադրբեջանական համագումարի ժամանակ, 1943թ. նոյեմբեր

Ֆաթալիբեյլին ֆաշիստական ուժերի կազմում կռվող ադրբեջանական միավորումների ղեկավարել է ընդհուպ մինչև նացիստական Գերմանիայի պարտությունը և պատերազմի վերջին ամիսներին հիմնականում զբաղվել է Վերմախտի ադրբեջանական լեգիոնականներին արևելյան ռազմաճակատից հարավ կամ արևմուտք տեղափոխելով:

Պատերազմի ավարտին Ֆաթալիբեյլին թեև խոստովանել է, որ ադրբեջանցիները Հիտլերի համար եղել են «թնդանոթի միս»,  սակայն երբեք չի զղջացել Երրորդ Ռեյխին ծառայելու համար։

Պատերազմից հետո Ֆաթալիբեյլին  մեկնել է Իտալիա, ապա Եգիպտոս, Թուրքիա և ի վերջո բնակություն է հաստատել Գերմանիայում: 1953-1954թթ. Ֆաթալիբեյլին ղեկավարել է Ազատություն ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը` ակտիվորեն քննադատելով Խորհրդային միության վարած քաղաքականությունը:

1954թ. նոյեմբերին Մյունխենի իր բնակարանում  հայտնաբերվել է Ֆաթալիբեյլիի դին, ում, ինչպես հետագայում պարզ է դարձել, սպանել է խորհրդային հատուկ ծառայությունների ադրբեջանցի գործակալ Միխաիլ Իսմայիլովը:

Ֆաթալիբեյլիի հերոսացումը

 Չնայած նրան, որ Ֆաթալիբեյլին, հայտնվելով նացիստական Գերմանիայում,  Ռասուլզադեի աջակցությամբ սերտորեն համագործակցել է նացիստների հետ, ակտիվորեն մասնակցելով նաև Խորհրդային միության դեպ մաղված մարտերում, Ադրբեջանում շարունակում են հիշել և երիտասարդ սերնդին պատմել նրա «հերոսական կյանքի»  մասին։ Ադրբեջանում այժմ էլ  լույս են տեսնում նրա կյանքի ու գործունեության մասին (դրական լույսի ներքո) պատմող տարբեր գրքեր ու հոդվածներ, իսկ Ադրբեջանի դեմոկրատական հանրապետության 100-ամյակի կապակցությամբ Ադրբեջանի նախագահի գիտական հիմնադրամի ֆինանսավորմամբ  նկարահանվել է «Դուդենգիից Մյունխեն» փաստագրական ֆիլմը, որը պատմում է Ֆաթալիբեյլիի  «սխրանքների» մասին։ Փաստացի, այսօր Ադրբեջանում պետական մակարդակով քայլեր են ձեռնարկվում նացիստների համակիր և աջակից Ֆաթալիբեյլիի հերոցասման համար` նրան դարձնելով օրինակելի կերպար ապագա սերունդների համար:

Աննա Չիչյան

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]