Ուժգին քամին վնասներ է հասցրել Շիրակի մարզի բնակավայրերում
ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մոտ կես ժամ տևած ուժգին քամին բավականին վնասներ է հասցրել Շիրակի մարզի մեկ տասնյակից ավել բնակավայրերում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը։
«Հիմնականում վնասվել են սեփական տների և բազմաբնակարան շենքերի տանիքները, կան շուռ եկած ծառեր. մարդկային զոհեր չունենք։ ԱԻՆ-ի ծառայողները և համայնքների ներկայացուցիչներն այս պահին իրականացնում են մաքրման, էլեկտրական միացումների վերականգման և վնասների գնահատման աշխատանքներ։ Վնասներ կրած համայնքների ղեկավարներին հանձնարարվել է տեղերում ձևավորել հանձնաժողովներ և գնահատված վնասների մասին տեղեկատվությունը ներկայացնել մարզպետարան»,- գրել է նա։
Սոցցանցերում հայտնված տեսանյութից երևում է, որ Գյումրի քաղաքում վնասվել են տանիքներ/ ծառեր ու տրանսպորտային միջոցներ։
ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից հայտնեցին, որ ծառեր և տանիքներ են վնասվել ոչ միայն Շիրակի և Լոռու մարզերում, այլև Երևանում։ Տուժածներ չկան։
Լիլիթ Դեմուրյան
Տեսանյութը` Գագիկ Համբարյանի
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում