Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Վստահ եմ, որ անմնացորդ կնվիրվեք. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը՝ Արայիկ Հարությունյանին

Վստահ եմ, որ անմնացորդ կնվիրվեք. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը՝ Արայիկ 
Հարությունյանին

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը վստահություն հայտնեց, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը պետական այրի իր գիտելիքները և փորձը ամբողջովին կներդնի հայրենիքը անսասան պահելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանն այս մասին ասաց Շուշիի Մշակույթի և երիտասարդության կենտրոնի դահլիճում անցկացվող ԱԺ հատուկ նիստում նախագահի՝ պաշտոնը ստանձնելու համար երդման հանդիսավոր արարողությանը՝ օրհնության կարգ կատարելուց առաջ:

«Վստահ եմ, որ Ձեր երկարամյա պետական այրի գիտելիքները և փորձը ամբողջովին ի սպաս կդնեք մեր հայրենիքը անսասան պահելու, ժողովրդին հույս և ոգի տալու համար: Վստահ եմ, որ անմնացորդ կնվիրվեք: Ինչպես 17 տարեկանում զենքը ուսին Դուք պաշտպանել եք մեր հայրենիքը, այսօր դուք շարունակելու եք նույն նվիրական վսեմ առաքելությունը ամենաբարձր դիրքից: Մեր աղոթքն ու մաղթանքն է՝ քաջաբարո ծառայեք, ուրախությամբ ծառայեք, արդարություն տարածեք, ազնվություն սերմանեք, ամրապնդեք բարությունը, անվախորեն տարեք առաջ մեր ժողովրդին՝ արդարացնելով այս հերոսական մեր ժողովրդի բոլոր-բոլոր իղձերն ու երազանքները: Միշտ Ձեր կողքին ենք լինելու: Մեր ազգը 5 տարով տվեց իր վստահությունը Ձեզ, և Ձեր նոր թիմի հետ յուրահատուկ հույսեր է կապում: Մաղթում եմ Ձեզ կատարյալ հաջողություն՝ հայրենաշինության ասպարեզում և ի վայելումն ազգիս Հայոց »,-ասաց Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդը՝ մաղթելով բարի երթ՝ դեպի նորանոր բարի պտուղներ՝ հանուն խաղաղության, անվտանգության և ժողովրդի բարգավաճման:

Նա վստահություն հայտնեց, որ  Արայիկ Հարությունյանը ունենալու է երկնային աջակցություն, և սրբությամբ պահելու է  Հայոց նվիրական եռամիությունը՝ Մայր Հայաստան, Սփյուռք և Արցախ:

Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը նշեց, որ կա ոսկե օրենք. եթե ժողովուրդը մեղքի մեջ ընկավ, նախագահը կամ թագավորը, որ ծնկի իջավ, աղոթեց ազգի համար, անպայման Աստված լսում է դա: «Բայց, եթե առաջին դեմքը սխալվեց, ամբողջ ազգը ծնկի գա, մեղքը, չգիտենք, Աստված կների, թե ոչ: Ահա թե ինչու առաջին դեմքի պատիվը մեծ է, պարտականությունը՝ առավել ևս»,-նկատեց Արցախի թեմի առաջնորդը:

Ապրիլի 15-ին Արցախի Հանրապետության նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով նախագահ էր ընտրվել «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը։ Երկրորդ փուլում նրա հետ մրցակցում էր ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը։ Իսկ առաջին փուլի քվեարկությունը կայացել էր մարտի 31-ին։ Հարությունյանը երկրի ղեկավարի պաշտոնում փոխարինեց Բակո Սահակյանին:

Աննա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]