Հասարակական

Ես շուտով կգամ. Արմենպրեսականների վետերան հարազատների պատմությունները

11 րոպեի ընթերցում

Ես շուտով կգամ. Արմենպրեսականների վետերան հարազատների պատմությունները

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակը նաև ավելի քան 600 հազար հայերի քաջության շնորհիվ է: Հայ ազգը տվել է 4 մարշալ՝ Բաղրամյան, Բաբաջանյան, Խանփերյանց, Աղանով և ԽՍՀՄ-ի մեկ ծովակալ՝ Իսակով։ 70 հազար հայ մարտիկներ պարգևատրվել են մարտական շքանշաններով ու մեդալներով, 27 շարքային զինվոր դարձել է փառքի շքանշանակիր, 104 մարդ արժանացել է խորհրդային միության հերոսի կոչման: Նելսոն Ստեփանյանն արժանացել է Խորհրդային Միության կրկնակի հերոսի կոչմանը:

Մայիսի 9-ն առիթ է վերհիշելու ու արժևորելու նրանց կատարած սխրանքը: «Արմենպրես»պետականլրատվական գործաալության աշխատակիցները վերհանել են ընտանեկան արխիվներն ու առանձնացրել Հայրենական մեծ պատերազմում ավանդ ունեցած իրեց պապերի, հարազատների լուսանկարները՝ ներկայացնելով ուղեկցող պատմություններ:

«Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյան

Կարծում եմ՝ Հայաստանում չկա մի ընտանիք, որի տոհմածառում Մեծ հայրենականը թողած չլինի իր հետքը: Երկու պապերս էլ մասնակցել են պատերազմին։ Հոր՝ Զաքար Անանյանի ու իր հորեղբոր՝ Հայկազ Անանյանի ու հորաքրոջ՝ Օլգա Անանյանի մասին այսպես է գրել հայրս՝ նշանավոր գրող և լրագրող Լևոն Անանյանն իր «Արմատ և սաղարթ» ակնարկում. «...նրանց մեջ իմ Հայկազ հորեղբայրը` իր առաջին ու վերջին նամակով. «Հարս Սիրանին ասեք, որ գերանդին միայն իրեն եմ վստահում, թող ուրիշի ձեռքը չգցի, շեղբը կջարդեն: Ես շուտով կգամ»: Նա չեկավ, բայց արդեն բարակած հույսի արահետներով վերադարձավ հորաքույրս` Թամանյան դիվիզայի նշանառու, Կերչում ցրտահարված ոտքով, եկավ կռվի առաջին օրերին խրամատում կոմունիստ դարձած հայրս` մեդալներով ծանրաբեռ, ուսապարկում պղնձե գդալը` որպես արկի բեկոր…

Նրանք այլևս երբեք չխոսեցին պատերազմի մասին…»:

Մորս հայրը՝ Հասո Գիրգորյանը պատերազմին մասնակցել է Շուշիի ուսուցչական ինստիտուտն ավարտելուց հետո, 1943թ․աշնանը ծանր վիրավորվել է Բելառուսում, և զորացրվել է 1944-ին։

Գլխավոր խմբագրի տեղակալ Վահագն Գալստյան

Գալստյան Գուրգեն Փիլոսի-Շիրակի մարզ, գյուղ Սարիար, ծնվել է 1925 թվականին մահացել է 2005 թվականին: Պատերազմին մասնակցել է 1943-1945թթ: Մասնակցել է Լեհաստանի, Չեխոսլովակիայի, Հունգարիայի և Ֆինլանդիայի ազատագրմանը:

Հատուկ նախագծերի մասով պատասխանատու, Աննա Գզիրյան

Պատերազմի մասին պատմություններն անբաժանելի մաս էին կազմում թոռներով ու ծոռներով հավաքվելու օրերին: Ոնց սկսվեց պատերազմը հարցին, ամեն անգամ պապս անտրտունջ, հանգամանալից պատում էր իր անցյալի դժվար ու հաղթական ժամանակաշրջանի մասին: Զարմանալիորեն նա հիշում էր ամեն մանրուք, ամեն տեղամասի, ու յուրաքանչյուր մարտական ընկերոջ անուն: Հայկազ Համբարձումի Վերդյան, ծնվել է 1919 թվականի մայիսի 25-ին: Մահացել է 2013 թվականի ապրիլի 26-ին: 1941 թվականի նոյեմբերին եղել է Վոլխովյան ռազմաճակատի մասնակից: Ծառայել է 136-րդ դիվիզիայի հակատանկային հրետանիում: Պարգևատրվել է Մարտական կարմիր դրոշ, Հայրենական մեծ պատերազմի առաջին, երկրորդ աստիճանի շքանշաններով, և այլ մեդալներով: Մասնակցել է Կիևի ազատագրմանը, Բեռլինի գրոհին:

Թղթակից Լիլիթ Մաճկալյան

Համազասպ Մարտիրոսի Մաճկալյան , ծնվել է 1907 թվականի մարտի 17-ին Տավուշի մարզի Տավուշի տարածաշրջանի Չինչին գյուղում: 1941 թվականի հունիսի 25-ին զորակոչվել է Հայրենական Մեծ պատերազմ: Ողջ պատերազմի ընթացքում կռվել է առաջնագծում, մի քանի անգամ վիրավորվել է, բուժվել ու նորից վերադարձել զորամաս: Հասել է մինչև Դրեզդեն, որտեղ ծանր վիրավորվել է մեջքից և ոտքից: Դրեզդենից ինքնաթիռով տեղափոխվել է կենտրոնական հոսպիտալ՝ Տաշքենդ: Մի քանի վիրահատություններից հետո, 1945 թվականի մարտի 31-ին զորացրվել է որպես Հայրենական պատերազմի երկրորդ կարգի հաշմանդամ: Ունի 5 տղա և 1 դուստր, 16 թոռ, 23 ծոռ և 4 կոռ: 5 տղաները և 4 թոռները ծառայել են Խորհրդային բանակում, իսկ 2 թոռը՝ Արցախում, մեկը՝ ՀՀ-ում: Ներկայումս Արցախում են ծառայում երկու ծոռը, իսկ մեկն էլ կզորակոչվի բանակ այս տարի: Ներկայումս Արցախում են ծառայում երկու ծոռը, իսկ մեկն էլ կզորակոչվի բանակ այս տարի: Համազասպ Մարտիրոսի Մաճկալյանը մահացել է 1999 թվականի հոկտեմբերի 22-ին՝ 92 տարեկան հասակում:

Լրագրող Աննա Գրիգորյան

Ստեփանյան Ստեփան, Հայրենական մեծ պատերազմի մասնակից: Պատմում է քույրը՝ Արուհի Ստեփանյանը: Հիշում է՝ եղբորը պատերազմ են տարել այն սկսվելու հենց առաջին օրերին: Կռվել է Սևաստոպոլում: Իրենց ողջ գունդը մահացել է, իրեն մեկը օգնություն է ցույց տվել, հաջողվել է ողջ մնալ, սակայն կորցրել է մի ոտքն ու մի աչքը: Տարիներ անց, երբ հանգստի նպատակով ընտանիքի հետ գնացել է Սևաստոպոլ, մի տեսանելի տեղ մահացածների ցուցակում իր գնդի տղաների կողքին գտել է նաև իր անունը: Ստեփան Ստեփանյանի աղջիկներն են հիշում՝ հայրը միշտ ասել է. «Գնացի, իմ գերեզմանն էլ տեսա»: Իր «գերեզմանը» տեսած Հայրենական մեծ պատերազմի մասնակիցը սակայն ապրել է մինչև 1981 թվական:

Լրագրող Կարեն Խաչատրյան

Խաչատրյան Գարսևան Սիմոնի, ծնվել է 1920 թվականին Ախտայի շրջան Սոլակ գյուղում, վարժ տիրապետել է գերմաներենի, այդ պատճառով նրան ուղարկում են հրամկազմում որպես թարգմանիչ աշխատելու։ Սերժանտ Խաչատրյանը անհայտ կորել է 1943 թվականին Արևմտյան Եվրոպայում, ենթադրաբար խիստ գաղտնի լրտեսական գործողություններ իրականացնելիս։ Խաչատրյան Աղաբեկ Սիմոնի ծնվել է 1903 թվականին Ախտայի շրջան Սոլակ գյուղում, նա պատերազմում ցուցաբերած խիզախության համար երեք անգամ պարգևատրվել է «Արիության» մեդալով։ Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է 1941 թվականից մինչև Հաղթանակի օրը։ Հասել է մինչև Բեռլին։ Կոչումը՝ եֆրեյտոր։ Մկրտչյան Գաբրիել Հայրապետի ծնվել է 1910 թվականին Ախտայի շրջան Սոլակ գյուղում։ Գյուղում առաջին կամավորներից մեկն է եղել, ով ցանակցել է պաշտպանել հայրենիքը։ Նա անհայտ կորել է Կերչում ընթացող կատաղի մարտերի ժամանակ 1942 թվականին։ Կոչումը՝ շարքային։

Լրագրող Նորայր Շողիկյան

Երբ սկսվեց Մեծ Հայրենական պատերազմը, Նիկոլայ Ափյանը նոր էր ավարտել Ջագիր գյուղի միջնակարգ դպրոցը, և ցանկանում էր ուսումը շարունակել համալսարանում, սակայն 18 տարին դեռ չբոլորած կամավոր զինվորագրվեց ու մեկնեց Կովկասյան ճակատ։

Կովկասյան ճակատում Ափյանը վիրավորվում է ու հայտնվում հոսպիտալում, որտեղ երկու ամիս անգիտակից վիճակում մնալուց հետո աչքերը բացում է միայն 1943թ. դեկտեմբերի 31-ին։ Ապաքինվելուց անմիջապես հետո վերադառնում է մարտի դաշտ` մասնակցելով Ստալինգրադի համար մղված մարտերին ու հասնում մինչև Լեհաստան, որտեղ էլ դիմավորում է սպասված հաղթանակը: Նիկոլայ Ափյանը հայրենիք է վերադառնում 1947թ` այդ ընթացքում ծառայություն անցնելով նաև ճապոնական ճակատում: Ափյանը պարտգևատրվել է Կարմիր աստղի և Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի 2 տասնյակ մեդալներով ու շքանշաններով:

ՍպասարկմանծառայությանղեկավարԼեռնիկ Հովհաննիսյան

Պատերազմի թոհուբոհով անցել և հայրենիք է վերադարձել Վարդգես Մկրտիչի Ասատրյանը, որի 96-տարինլրացավմայիսի 9-ին:Մարտունու Մոլալու գյուղի բնակիչ Վարդգեսը ծառայում էր Դիլիջանում և ընդամենը 18 տարեկան էր, երբ իմացավ, որ պետք է մասնակցի Հայրենական պատերազմին:Ծառայել եմ Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզում:Պատերազմիընթացքումվիրավորվելէևկրկինվերադարձելկռվի: «15 օրում վերքս լավացավ, դուրս գրեցին, ու ես կրկին վերադարձա ֆրոնտ: Երբ համալրում էինք մարտում զոհվածների տեղերը, Սևանից մի լավ տղա`Արշավիր Խաչատրյանը, ինձ խորհուրդ տվեց ասել, որ ես ոչ թե պիխոտ եմ (հետևակ), այլ՝ արտիլերիստ (հրետանավոր): Երբևէ չէի տեսել այդ զինատեսակը, ինչպե՞ս ստեի, բայց արեցի: Հարցրեցին, թե ո՛վ է արտիլերիստ, ես անհամարձակ ձեռքս բարձրացրի, ու ինձ տարան պատերզամի դաշտ: Դնեստր գետի ափին էինք: Հենց այդ ժամանակ իմացանք, որ մեր ազգային հերոս Բաղրամյանը, որը գլխավոր շտաբի պետն էր, Ժուկովի հետ վերցրեց Բեռլինը»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում հիշողություններով կիսվել էր Վարդգես Ասատրյանը: Նա այսօր էլ իր ընտանիքի, հարազատների կողքին է:

«Ռեսպուբլիկա Արմենիա» թերթի գլխավոր խմբագիր Ելենա Կուրդիյան

Հայրական կողմից պապս, Կուրդիյան Գրիգորի Միխայլովի, ծնվել է 1911 թվականին Բանանց գյուղում: Հայրենական մեծ պատերազմի տարիներին ծառայել է Հայաստանում: Ցավոք իր զինվորական ծառայության մասին քիչ բան գիտեմ, քիչ տեղեկություններ ունեմ նաև պարգևների մասին, սակայն մանկությունից հիշում եմ, որ տոնական օրերին պապս հագնում էր իր զինվորական բաճկոնը՝ զարդարված մեդալներով: Գիտեմ, որ նա հրաշալի վարորդ էր և պատերազմի տարիներին ծառայել է որպես վարորդ: Ընտանեկան պատմություններից հիշում եմ մի դրվագ, մարտական հանձնարարությունը կատարելիս նա երկրի սահմաններից դուրս է բերել (կոնկրետ չգիտեմ Թուրքիան է եղել, թե Իրանը) խորհրդային հետախուզության ծառայողին: Այդ մարդու հետ նրանք հետո ընկերանում են, և տարիներ անց պապիկիս մահվանից հետո հայրս Մոսկվայում հյուրընկալվել է այդ հետախույզի տանը: Ցավոք, այդ ժամանակ չեմ հետաքրքրվել մանրամասներով, և չգիտեմ հետախույզի անունը և այդ օպերացիայի վերաբերյալ տեղեկություններ: Պապս ծառայություննն ավարտել է փոխգնդապետի կոչումով:

Մայրական կողմից պապս, Կովրիժկո Ֆյոդր Նիկիտայի, ծնվել է 1909 թվականին Բելառուսում: Կադրային զինվորական է եղել 1931 թվականից: Լենինգրադում ավարտել է տանկային ուսումնարանը: Երբ սկսվել է պատերազմը, նա ծառայել է Նովոռոսիյսկի նավատորմում: Պատերազմի բոլոր տարիներին եղել է ճակատում, մի քանի անգամ վնասվածք է սստացել: Նա ծառայել է 4-րդ Ուկրաինական ռազմաճակատում և հաղթանակի օրը դիմավորել է Պրագայի ազատագրման մարտերով: Սովետա-ճապոնական պատերազմի ժամանակ մասնակցել է նաև Մանջուրական ռազմավարական օպերացիային, այնպես որ, իր համար պատերազմն ավարտվել է 1945 թվականի սեպտեմբերին: Պարգևատրվել է բազմաթիվ մեդալներով: Ծառայությունն ավարտել է գնդապետի կոչումով:

Պատրաստեց՝Աննա Գզիրյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում