Հասարակական

Արմենպրեսը Մեծ հայրենականի տարիներին

9 րոպեի ընթերցում

Արմենպրեսը Մեծ հայրենականի տարիներին

Պատերազմը պայթեց 1941-ի հունիսի 22-ին: Եվ Արմենպրեսը, որ արդեն երկար տարիներ իր նյութերով գովերգում էր մարդկանց խաղաղ ստեղծագործ աշխատանքը, անգամ մոռացության տալով ոչ հեռու անցյալում օսմանյան թուրքերի կողմից սանձազերծված ցեղասպանությունը, որի զոհ գնաց մեկուկես միլիոն հայություն, նաև Հայոց առաջին անկախ Հանրապետության անհավասար կռիվները թուրք ջարդարարների ու ներքին ընդվզումների դեմ (նա իրավունք էլ չուներ այդ ամենի, ինչպես և շատ այլ բաների մասին մասին, անգամ ակնարկել), հայրենի ժողովրդին գուժեց ՏԱՍՍ-ից ստացված լուրերից ամենացնցողն ու տագնապալին. ֆաշիստական Գերմանիան` խախտելով երկու տարի առաջ կնքած խաղաղության պակտը, հարձակվել է ԽՍՀՄ-ի վրա:

Հազարավոր հայ երիտասարդ ու տարեց մարդիկ` կամավոր, թե զորակոչով, զենք վերցրին ու մեկնեցին ռազմաճակատ` այն համոզվածությամբ, որ Ուկրաինայի, Բելառուսի, Ռուսաստանի անծայրածիր տարածքներում կռվելու են նաև արյան ու մեծ զոհողությունների գնով ստեղծված իրենց փոքրիկ հայրենիքի` Հայաստանի համար, որն անչափ թանկ էր պատմության քառուղիներում արյուն, ավեր ու զրկանք տեսած հայության համար:

Պատերազմ Էր, զորահավաք, և հանրապետության մյուս շատ գրողների ու լրագրողների հետ գրիչը զենքով փոխարինեցին լրատվական գործակալության կարող ուժերը ու մեկնեցին ռազմաճակատ: Նրանց հետ էին տաղանդավոր ժուռնալիստներ , գործակալության փոխտնօրեն Ավետիս Դեբենցը, խմբագիր Արտյոմ Շահբազը և ուրիշներ, որոնցից քչերն ապրեցին տունդարձի բերկրանքը: Այդ երջանիկներից էր թղթակից Անդրանիկ Սաֆարյանը` գործակալությանն անդամագրված 1928 թվականից, տուն վերադարձավ, նորից անցավ իր պաշտոնատեղին, աշխատեց երկար տարիներ, մինչև կենսաթոշակի գնալը: Թղթակից Էդվարդ Շահնազարյանն էլ (հետագայում`Արմենպրեսի պատասխանատու քարտուղար) վառոդի հոտն առավ տակավին պատանի հասակում, Կովկասի մատույցներում ...

«Ամեն ինչ ռազմաճակատի համար». այս Էր օրվա կարգախոսը, հրամայականը, և թիկունք դարձած Հայաստանն Էլ իր անելիքները սկսեց չափել միայն ռազմաճակատի հոգսերի կշռով՝ ունկնդիր նաև իր բանաստեղծի` Ավ. Իսահակյանի կոչին.

Էյ հե¯յ, լսեցեք, վեհ հայրենիքի

Կտրիճ զավակներ, ժողովուրդներ քաջ,

Ելեք, զարթնեցեք, կանգնեցեք արթուն.

Գիտցեք, քնում են գետերն ու քամին,

Սակայն չի քնում երբեք թշնամին...

Դեպի ռազմի դաշտ, դեպ հերոսացում,

Դեպի բարձունքը մեծ հաղթանակի:

Իսկ երիտասարդ Հովհաննես Շիրազն Էլ ռազմի ահեղագոչ շեփորների ներքո հնչեցնում Է իր հույս-հավատ ներշնչող երգը.

Մենք խաղաղ Էինք մեր լեռների պես,

Դուք հողմերի պես խուժեցիք վայրագ:

Մենք ձեր դեմ ելանք մեր լեռների պես,

Դուք հողմերի պես ոռնացիք վայրագ:

Բայց մենք հավերժ ենք մեր լեռների պես,

Դուք հողմերի պես կկորչեք վայրագ:

Իր հարյուր հազարավոր զավակներին ռազմաճակատ ճամփած, պատերազմի հոգսերով ապրող հայաստանցիներին հույս ու հավատ Էր նեշնչում նաև հանրապետության հեռագրական գործակալությունը: Այստեղ մնացածներն էլ թշնամու դեմ կռվում էին գրչով, իրենց ամենօրյա լուրերով թիկունքի մարդկանց համակելով հաղթանակի նկատմամբ հավատով, նրանց մղելով հարվածային աշխատանքի` հանուն կռվողների, հանուն հայրենիքի զինուժի հզորացման:

Պատերազմի առաջին իսկ օրերին Հայհեռագործը շխարհով մեկ սփռեց Հայաստանի գիտության, գրականության ու արվեստի անվանի գործիչների դիմումը` ուղղված սփյուռքահայությանը, որով կոչ էր արվում ընդգրկվել ֆաշիզմի դեմ մղվող համընդհանուր պայքարում: Լրատվական-ագիտացիոն իր հին զինանոցից գործակալությունը կյանքի կոչեց նաև «ՀՀԳ-ի պատուհանը»` նոր բովանդակությամբ: Այդ պլակատների համահավաք ալբոմը հրապարակվել է 2005թ․՝ «Մեծ հաղթանակի էսքիզները» խորագրով։

Ալբոմի էլեկտրոնային տարբերակը տե՛ս հղումով։

Այդ «Պատուհանը» 1941–1945 թթ. դարձավ գրական-գեղարվեստական միջոցներով ֆաշիզմը դատապարտելու, նրա վայրագությունները մերկացնելու ու ծաղրելու, նրա մոտալուտ վախճանը կանխատեսելու, մեր ռազմիկների մարտական և թիկունքի մարդկանց աշխատանքային սխրանքներն ի ցույց դնելու, նրանց հայրենասիրական ու արիակամ ոգին բարձրացնելու, հուսահատվածներին հուսադրելու, խուճապահարներին խարազանելու փայլուն զենք:

Հայհեռագործի գեղարվեստական այս բաժինը բացվեց Մեծ հայրենականի առաջին իսկ ամիսներին՝ վրձնի վարպետ Սերգեյ Ավետի Արուտչյանի գլխավորությամբ: Բաժնի շուրջը համախմբվեց անվանի նկարիչների, գրողների ու լրագրողների մի ընտրանի՝ Ա.Մամաջանյան, Շ.Հովհաննիսյան, Սողոմոնյան, Ռաշմաջյան, Գենչ, Նաիրի Զարյան, Սուրեն Վահունի, Նորա Ադամյան և ուրիշներ: Նրանց զենքը ֆաշիզմի դեմ սուր երգիծանքն Էր, որն արտահայտվում Էր վրձնի ու գրչի համագործակցությամբ:

Եվ այսպես շարունակ,»ՀՀԳ-ի պատուհանը» մինչև պատերազմի ավարտը երևանցիների հետ զրուցել է նրանց հուզող հարցերի շուրջ, նրանց մեջ վառ պահել հավատը հաղթանակի նկատմամբ:

Ժամանակակիցների վկայությամբ, յուրաքանչյուր այդ պլակատը, որ փակցվում Էր մայրաքաղաքի հասարակական վայրերում, մարդիկ ընդունում Էին հուզմունքով, անգամ անգիր անում Էպիգրաֆները, որոնք այնուհետև անցնում Էին բերնեբերան, հնչում դպրոցական և այլ հանդեսներում:

«ՀՀԳ-ի պատուհանի» հրապարակումները թիկունքի մարդկանց մեջ վառ են պահել հավատը հաղթանակի, ֆաշիզմի անխուսափելի կործանման նկատմամբ:

Եւ ոչ միայն այդ պլակատները: Պատերազմական տարիներին Հայաստանում փակվել էին շատ թերթեր, կալանվել էին նաև ընտանեկան ռադիոընդունիչները, որոնք տերերին վերադարձվեցին միայն պատերազմից հետո: Մինչդեռ մարդիկ ծարավի Էին ռազմաճակատային թարմ լուրերի՝ լավ, թե վատ:

Հայհեռագործը փաստորեն դարձել Էր հանրապետությունում լրատվության գլխավոր շտաբը, որտեղ գիշեր-ցերեկ տկտկում Էին հեռագրական ապարատները, գործում էր ռադիոընդունիչը` ՏԱՍՍ-ից ստանալով Ինֆորմբյուրոյի ռազմաճակատային հաղորդագրությունները: Փոքրաթիվ աշխատակազմը արագորեն կազմակերպում Էր այդ նյութերի թարգմանությունն ու բյուլետենների կազմումը, որոնք առաքվում Էին պաշտոնական մարմիններին, ռադիոցանցին և հատուկենտ լույս տեսնող թերթերին:

Այդ լուրերը, սակայն, ոչ բոլորին էին հասու: Ահա թե ինչու Հայհեռագործը բացել էր նաև իր երկրորդ «պատուհանը» ` հենց իր գրասենյակի մուտքի առջև: Պատերազմական ամփոփագրերը ներկայացվում էին ցուցափեղկում` ի տես անցուդարձ անողների: Օրվա բոլոր ժամերին այստեղ խմբվում էին մարդիկ, կարդում լուրերը, ապա փոխանցում մերձավորներին, ծանոթներին, հարևաններին ու բարեկամներին: Պատերազմական իրադարձությունների մասին լուրերը անցնում էին բերնեբերան, ասել կուզի, այդ «պատուհանը» երևանցիների համար և թերթ էր, և ռադիո, և ամեն ինչ:

Ի դեպ, զանգվածներին թարմ լուրերի մատուցման այդ միջոցը իր գոյությունը շարունակեց նաև հետպատերազմյան տարիներին, քանզի մարդիկ սովորել Էին ամենաթարմ լուրերը ստանալ անձամբ Հայհեռագործից` նրա «պատուհաններից»:

ՀՀԳ-ն պատերազմական տարիներին թողարկվել է ռազմաճակատային հազարավոր լուրեր, միաժամանակ լուսաբանել հանրապետության ներքին կյանքի մեծ ու փոքր իրադարձությունները, երևույթները, աշխատանքային ճակատի հաջողությունները, որոնցով Էին պայմանավորված նաև ռազմաճակատի հաղթանակները:

«Ամեն ինչ ռազմաճակատի համար, ամեն ինչ հաղթանակի համար» մարտական կոչը ինչպես ամբողջ երկրի, այնպես էլ Սովետական Հայաստանի աշխատավորների կյանքի ու աշխատանքի էությունն էր, հանրապետության միասնական լրատվական ծառայության` Արմենտայի տեղեկագրերի բովանդակությունը: Նրա էջերում վառ արտացոլում են գտել հայ ժողովրդի` ռազմաճակատ ճանապարհած իր ավելի քան կես միլիոն ուստրերի ու դուստրերի սխրանքները:

Նորա Մելիքյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում