Միջազգային

Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանին Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակի առթիվ

2 րոպեի ընթերցում

Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանին Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակի առթիվ

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության առաջնորդին և ժողովրդին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կրեմլի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Պուտինը շնորհավորել է նաև Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Աբխազիայի, Հարավային Օսիայի, Ադրբեջանի առաջնորդներին և քաղաքացիներին, ինչպես նաև Վրաստանի ու Ուկրաինայի ժողովուրդներին:

Ռուսաստանի նախագահը շեշտել է, որ մեր երկրներում սրբորեն հարգում են հերոսների հիշատակը, որոնք ռազմաճակատում իրենց խիզախությամբ և թիկունքում անձնուրաց աշխատանքով օգնել են նացիզմի նկատմամբ հաղթանակ տանել, որն այսօր դարձել է բոլորի ընդհանուր մեծագույն ձեռքբերումը:

«Ներկա սերունդների սրբազան պարտքն է հավերժ պահպանել նրանց հիշատակը, ովքեր անհամար զոհերի և զրկանքների գնով պաշտպանել են հայրենի հողի ազատությունը, շրջապատել մեր թանկագին վետերանների ուշադրությամբ և հոգատարությամբ», – նշել է Վլադիմիր Պուտինը:

Նա հիշեցրել է Հայրենական մեծ պատերազմի արդյունքները վերաշարադրելու, նացիստների և նրանց հանցակիցների կողմից գործած անմարդկային ոճրագործությունները չեզոքացնելու ու մոռացության մատնելու ցանկացած փորձին վճռականորեն դիմակայելու անհրաժեշտությունը:

Վլադիմիր Պուտինը վստահություն է հայտնել, որ հայրերի և պապերի սխրանքի մասին ընդհանուր հիշողությունը կնպաստի տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության կառուցողական զարգացմանը, ինչպես նաեւ գործընկերային փոխգործակցությանը ժամանակակից մարտահրավերներին ու սպառնալիքներին հակազդելու գործում, այդ թվում՝ այնպիսի, ինչպիսին կորոնավիրուսի համավարակն է:

ՌԴ նախագահը իր երախտագիությունն է հայտնել Հայրենական մեծ պատերազմի բոլոր վետերաններին, պարտիզաններին և թիկունքի աշխատավորներին և մաղթել երջանկություն, բարեկեցություն, քաջ առողջության և երկար տարիների կյանք:

Պատրաստեց Լիլիթ Դեմուրյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում