Հասարակական

Ապօրինի գույքի բռնագանձման օրենքն ուղղված է սոցիալական արդարության վերականգնմանը․ դատախազ Ամիրյան

4 րոպեի ընթերցում

Ապօրինի գույքի բռնագանձման օրենքն ուղղված է սոցիալական արդարության վերականգնմանը․ դատախազ Ամիրյան

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը միտված է վերականգելու սոցիալական արդարությունը, որը Հայաստանի Հանրապետության անկախությունից հետո որոշակիորեն խաթարվել էր և տեղի էր ունեցել գույքի ոչ օրինական բաշխում։ Այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ Կարեն Ամիրյանը։

«Այս օրենքը ուղղված է Սահմանադրության 1-ին հոդվածում ամրագրված իրավական պետության համար անհրաժեշտ հիմքեր ստեղծելուն։ Առանց հասկանալու գույքի ծագման օրինականությունը և այդ հարաբերություններն առանց ճիշտ ու արդարացի դաշտում կարգավորելու, հնարավոր չէ կառուցել իրավական և ժողովրդավարական պետություն»,- ասաց Ամիրյանը։ Ավագ դատախազի խոսքով՝ օրենքի ընդունման նպատակը նաև կոռուպցիայի դեմ պայքարն է։

«Սա հակակոռուպցիոն քաղաքականության դրևորումներից մեկն է, բայց իհարկե, ոչ միակ գործիքակազմը, սակայն արդյունավետ կիրառելու դեպքում այն կարող է իր դրական արդյունքները ունենալ»,- շեշտեց Ամիրյանը։

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի ընդունման անհրաժեշտության, բռնագանձման իրավական հիմքերի ու գործընթացի, դատախազությունում ստեղծվող հատուկ ստորաբաժանման և այլ հարցերի շուրջ «Արմենպրես»-ը զրուցել է ՀՀ դատախազության ավագ դատախազ Կարեն Ամիրյանի հետ։

Մանրամասները՝ տեսանյութում

Ապրիլի 16-ին ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Կառավարության կողմից ներկայացված «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որը թույլ է տալիս բռնագանձել գույքը, որի ձեռքբերումը չի հիմնավորվում օրինական եկամտի աղբյուրներով:

Նախատեսված իրավական մեխանիզմը թույլ է տալիս բռնագանձել գույքը, որի ձեռքբերումը, նախագծով նախատեսված էական ծավալներով, չի հիմնավորվում օրինական եկամտի աղբյուրներով: Այդպիսի գույքի առնչությամբ գործում է ապօրինի ծագում ունենալու կանխավարկածը, որը կարող է հերքվել պատասխանողի կողմից գույքի ձեռքբերումը հիմնավորող ապացույցների ներկայացմամբ: Նախատեսվում են իրավասու մարմնի գործունեության և քաղաքացիական դատավարության ընթացակարգային նոր կանոններ, որոնք թույլ կտան իրականացնել ակտիվների ուսումնասիրություն և հօգուտ պետության բռնագանձել օրենքի իմաստով չհիմնավորվող հարստությունը: Իրավասու մարմինը կգործի Գլխավոր դատախազության կազմում: Իսկ իրականացված գործառույթները կհանդիսանան պետական շահերի պաշտպանության հայցի ներկայացման դրսևորում: Ուսումնասիրության համար հիմք կհանդիսանան որոշակի ազդակներ:

Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկմանը նախագծում կատարվել է փոփոխություն, որով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման շեմը 25 մլն դրամից բարձրացվել է 50 մլն դրամի: Ուսումնասիրության ժամկետի մասով արձանագրվել է, որ ուսումնասիրությունը սկսելուց առաջ պետք է ներառի առավելագույնը նախորդող 10 տարին, իսկ բացառիկ դեպքում, երբ պահպանվել են գործի համար էական ապացույցները, ավելի երկար, բայց սահանափակվելով 1991 թվականից հետո ընկած ժամանակահատվածով:

Կարեն Խաչատրյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում