Քաղաքականություն

Զոհրաբ Մնացականյանը նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին

2 րոպեի ընթերցում

Զոհրաբ Մնացականյանը նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին՝ վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը միանալու համաշխարհային զինադադարի կոչին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։

Ընդգծելով համավարակի դեմ միասնական գործողություններով պայքարելու անհրաժեշտությունը՝ ՀՀ ԱԳ նախարարը նամակում, մասնավորապես, նշել է. «Միջազգային աջակցությունը հավասարապես կարևոր է հակամարտությունների արդյունքում խոցելի դարձած մարդկանց համար:

Այս առումով առանձնահատուկ կարևոր է ՄԱԿ մասնագիտական կառույցների, և առաջին հերթին Առողջապահության համաշխարհային կազմակերպության աջակցությունը և հասանելիությունը հակամարտությունից տուժած տարածաշրջաններում բնակվող մարդկանց: Հայաստանը պատրաստակամ է տրամադրել անհրաժեշտ բոլոր պայմանները ՄԱԿ համապատասխան մարմինների անխաթար աշխատանքի իրականացման համար՝ անկախ տարածքի կարգավիճակից»:

«Այս համավարակը մեծ մարտահրավեր է մարդկության համար, մինչդեռ այն հաղթահարելուն ուղղված համատեղ ջանքերը կարող են նոր լիցք հաղորդել բազմակողմ համագործակցությանը, պատերազմներից և թշնամանքից զերծ, ներառական աշխարհ ստեղծելու համատեղ ջանքերին: Աղետի կանխարգելմանը, թուլացմանը և կառավարմանն ուղղված վստահության ամրապնդման միջոցառումների ձեռնարկումը այս դժվարին ժամանակներում պետք է դիտարկվի որպես հնարավորություն բոլոր ժողովուրդների, այդ թվում հակամարտության կողմերի համար»,- գրված է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի նամակում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում